Մասնագետների հաշվարկներով՝ 1 հասուն ծառն օրվա ընթացքում արտադրում է 40 կիլոգրամից ավելի թթվածին, որը կարող է «սնել» մոտավորապես 60 մարդու: Իսկ 1 հասուն հաճարենին նույն ժամանակահատվածում 10%-ով ավելացնում է արմատների մոտ հողի խոնավությունը: Ուստի մասսայական ծառահատումները աղետալի հետեւանքների կարող են հանգեցնել, քանի որ անտառները հանդիսանում են նաեւ ջրերի հավաքման եւ կուտակման շտեմարան, որոնց միջոցով պահպանվում են աղբյուրները ու գետեր սնուցող գրունտային ջրերը: Այս մասին «Առավոտի» հետ զրույցում հայտնեց լեռնային ինժեներ Հրայր Կարապետյանը: Նրան հատկապես անհանգստացրել էին Թեղուտի հանքավարի շահագործման համար անհրաժեշտ ծառահատումները: «Թեղուտի հանքավայրն իր երկրաբանական չափանիշներով մոտիկ է Ագարակի պղնձամոլիբդենային հանքավայրին, որտեղ, սակայն, շրջակա միջավայրը բարենպաստ է լեռնային բաց աշխատանքներով հանքավայրի շահավետ օգտագործման համար: Այնտեղ մշակվող տարածքը չոր, առանց բուսականության ծածկույթ է, ինչը չի առաջացնում խնդիրներ՝ ի տարբերություն Թեղուտի, որտեղ գեղատեսիլ անտառներ են՝ ինչպես բաց հանքի, այնպես էլ լցակույտերի եւ պոչամբարի տարածքում: Թեղուտի հանքավայրի շահագործման համար պետք է հատվի 340 հա անտառ, հիմնականում՝ բարձրորակ ու պտղատու ծառեր, ինչը խիստ ազդելու է արդյունահանման շահութաբերության վրա, քանի որ այդչափ անտառի վերացումից հետո շատ աղբյուրներ, գետակներ եւ այլ անտառներ կչորանան: Բացի այդ, բաց հանքի տեղում առաջիկա 25 տարում ստեղծվելու է մոտ 420-600 մետր խորությամբ եւ 1.2-2 կմ արտաքին չափերով փոս, որը կտրելու է ստորերկրյա ջրատար հորիզոնները՝ խախտելով գոյություն ունեցող ջրային ռեժիմը»,- ահազանգում է լեռնային ինժեները: Նա նաեւ նշում է, որ Թեղուտի հանքավայրը շահագործող ձեռնարկության՝ «ACP»-ի ղեկավարությունը հաճախ է հայտարարում, որ հատված ծառերի փոխարեն արդեն տնկվել է 160 հա բուսականություն, որը հասնելու է մինչեւ 360 հա-ի. «Սակայն ոչ մի առնչություն չունի Թեղուտի խնդրի հետ, քանի որ այդ ծառերը տնկվում են այլ տարածքում: Թեղուտի հանքավայրում վերակուլտիվացիայի աշխատանքները կարող են սկսվել միայն շահագործման ավարտից՝ 25-30 տարի հետո, եթե շահագործումը չշարունակվի ավելի մեծ խորություններում»:
Բացի Թեղուտի հանքավայրից, մասնագետը խոսեց նաեւ այլ հանքերի խնդիրների մասին. «Հայաստանի ընդերքի օգտակար հանածոները, բացի ջրից եւ ավազակոպճային խառնուրդի հանքավայրերից, վերականգնվող չեն, հետեւապես պետք է կարգավորվի դրանց հանույթի քանակը, ժամանակը, որակը, որպեսզի հիմա մենք բոլորս չուտենք ու քոռ ու փուչ չանենք, այլ մի բան էլ թողնենք ապագա սերունդներին»: Ըստ Հ. Կարապետյանի, Հայաստանում արդեն չի մնացել ոսկու որեւէ հանքավայր, ոչ էլ հանքաերեւակայում (հանք, որը շահագործման կամ հետախուզման մեջ է), շահագործվում է շինանյութի ավելի քան 300 հանքավայր եւ ամեն տարի ընդգրկվում են նորերը. «Ոչ մի տեղ օգտակար հանածոյի ռացիոնալ եւ համալիր արդյունահանում չկա, հանքավայրերը շահագործվում են բարբարոսաբար: Մետաղական հանքավայրերում հանվում են հիմնականում բարձր պարունակություն ունեցող տեղամասերը: Քարի, տուֆի, գրանիտի, բազալտի, տրավերտինի եւ այլ բաց հանքերը վեր են ածվում մեծ ու փոքր քարակտորներով ծածկված տարածքների: Օգտագործվում է միայն ստանդարտ քարի կամ բլոկների համար պիտանի զանգվածը, մնացածը թափվում է, չնայած դրանից կարելի է ստանալ ոչ ստանդարտ շինաքար, ավազ, խիճ: Տրավերտինների թափոններից էլ՝ ցեմենտի արտադրության հումք: Հանքարդյունաբերողները վճարում են հանքավայրի մարվող պաշարների համար, բայց ավելի քիչ, քան շինաքար, ավազ, խիճ եւ այլ շինանյութ ստանալու դեպքում»:
Առաջացած խնդիրները լուծելու համար լեռնային ինժեները հանրապետության իշխանություններին առաջարկում է՝ որոշել օգտակար հանածոների այն օպտիմալ ծավալը, որը պետք է հանվի տարեկան կամ այլ ժամանակի կտրվածքով. «Ոչ թե մտածեն, ինչքան վաճառվում է՝ այնքան հանեն: Օրինակ, ինչ անհրաժեշտություն կար այսօր շահագործման հանձնել հանրապետությունում վերջին պղնձամոլիբդենային հանքավայրը, եթե 2-ն արդեն շահագործվում է»: Նա շատ է կարեւորում այն, որ հանքավայրը շահագործման հանձնելուց առաջ, շահագործման ներկայացված ծրագիրը դրվի մասնագիտական փորձաքննության. «Եվ վերջապես, ինչո՞ւ պետությունը չի կարող ազգայնացնել հատկապես մի քանի գունավոր մետաղների խոշոր հանքավայրերը, որոնց շահագործումից ստացվող ամբողջ եկամուտը կմտնի պետական բյուջե, ոչ թե ինչ-որ «նոր հայի» գրպանը»: