«Մեր հույսն Աստված ա, ո՛չ պաշտոնյան ա, ո՛չ էլ նախագահը»:
«Քարտեզի վերջում ենք: Մեր գյուղ հազարից մեկ են պաշտոնյաներ գալիս: Նրանք էլ իրանց գործերով են մենակ գալիս: Գոնե մի երկու բարերար գա, մեզ օգնի, որ կյանքի բարիքներից մենք էլ օգտվենք»: Սրանք Լոռու մարզի՝ Հայաստանի հյուսիսում գտնվող Ճոճկան գյուղի բնակիչների խոսքերն են: Թեեւ, ինչպես գյուղացիներն են ասում, իրենց մոտ գրեթե ամեն ինչ էլ աճում է, բայց շատերը հնարավորություն չունեն վարուցանք անելու: Ով էլ վարկ է վերցրել՝ գյուղատնտեսական նպատակներով, չի կարողացել վարկը փակել: Հազիվ հասցնում են տնամերձ հողամասը մշակել, մի քանի պտղատու ծառեր կան, բերքն են հավաքում, ու, որպես կանոն, ամռան այս սեզոնին պահածոներ փակում: Շաքարավազը խանութից պարտքով են վերցնում, հետո նպաստը կամ թոշակը կստանան ու պարտքը կմարեն:
Շրջելով գյուղի փողոցներում, փորձեցինք զրուցել գյուղացիների հետ: Շատերը խուսափում էին, պատճառաբանելով՝ մեկ է, դրանից իրենց հոգսը չի թեթեւանա:
«Է՜, ի՞նչ խոսամ, ի՞նչ օգուտ կա: Հենա տանը անլույս նստած ենք, ոնց որ նախնադարում ըլինք: Ոչ մեկին էլ իմ ընտանեկան վիճակը չի հետաքրքրում: Տղես բանակում ա ծառայում, մարդս հարբեցող ա, ես էլ՝ հաշմանդամ: 2 կոպեկ ենք ստանում ու յոլա գնում: Սկի հող էլ չենք մշակում, փող չկա, որ սերմացու առնենք: Գյուղում էլ, դե, գործ չկա, որ գնանք աշխատենք: Մեկ-մեկ թութունի դաշտերում ենք աշխատում, փող ստանում: Էդ էլ որ չըլի՝ կորած ենք»,- «Առավոտի» հետ զրույցում պատմեց Ղուշիկ Հախվերդյանը:
Մեկ այլ ճոճկանցի էլ, 70-ամյա Քնարիկ տատիկը, դժգոհեց, որ ինքն ու ամուսինը գոնե թոշակ են ստանում ու դրանով 6 հոգանոց ընտանիքը պահում. «Մեծ տղաս հաշմանդամ ա, իսկ փոքրս էլ, ճիշտ ա, ամուսնացած ա, 2 էրեխա ունի, բայց գործ չունի: Ի՞նչ անի, հո քյորփեքին չի բրախի ու գնա խոպան, ո՞նց գնա»:
Ճոճկանում գյուղացիները հիմնականում արեւածաղիկ են մշակում, դա միակ բերքն է, որը, իրենց խոսքերով՝ շատ լավ վաճառվում է: Սակայն այգիներն ու այլ հողատարածքները մշակելու համար գյուղի ոռոգման ջուրը չի հերիքում: Գյուղացիներից մեկի պատմելով՝ «Որ ջուր ըլի, էլի Աստծուց գոհ կլինենք: Ջուրը քար ա ծակում, մենք որ ոռոգման ջուր ունենանք, Ճոճկանի դեմ խաղ չի ըլի: Մենք մեր յուղովը կտապակվենք: Մի քանի բան-ման կցանենք, բերք կստանանք, կտանենք Երեւան, Լենինական կամ ուրիշ տեղեր կծախենք, կփոխանակենք ու յոլա կգնանք: Դե, մեծ եկամուտ չենք ստանա, բայց դե սոված էլ չենք մնա»: Գյուղացիներից մեկի պատմելով էլ, ճիշտ է, արեւածաղկի գործը լավ է, բայց այս տարի 3000 քմ հողից ընդամենը 60 հազար դրամի բերք է ստացել. «Բա մենք ուրիշ ծախսեր էլ ենք արել, սերմ ա, ջուր ա, բան ա»:
Ճոճկանի գյուղապետ Սամ վել Գիգոլյանն էլ վստահեցրեց, որ գյուղում լուրջ խնդիր է ոռոգման ցանցը: 2 պոմպակայան է աշխատում, այն էլ բոլորին միաժամանակ չի հասցնում ջուր մատակարարել: Ինչպես գյուղապետն է ասում՝ հերթով քիչ-քիչ բոլորին տալիս են. «Երկար տարիներ է ցանցը չի վերանորոգվել: Համաշխարհային բանկի 260 մլն դրամանոց ծրագրով պիտի որ վերանորոգվեր: Բայց 38 միլիոնը համայնքը պիտի վճարի: Դա շատ թանկ է: Մեր տարեկան բյուջեի չափով է: Մենք ի վիճակի չենք: Առաջ էդ ծրագիրը 70 միլիոն էր, թե ինչու էդքան գինը բարձրացրին, չհասկացանք: Էն ժամանակ մեր դեպուտատը կօգներ, բայց հիմա, որ թանկացել է, երեւի բարեգործներ գտնենք, որ մի քիչ օգնեն»:
Գյուղում աշխատատեղեր ունենելու հույս անգամ չկա: Գյուղի մոտ 500 ընտանիքներից ընդամենը 20-ն են աշխատում հարեւանությամբ գտնվող Ախթալայի պղնձամոլիբդենային կոմբինատում: Ճոճկանի միակ մանկապարտեզը կիսաքանդ վիճակում է: Թեեւ երեխաները մանկապարտեզ են հաճախում մեկ այլ շենքում, բայց գյուղացիները կառավարությանը խնդրում են վերանորոգել, իրենց ասած՝ «մեր իսկական մանկապարտեզը»: «Գալիս նկարում են ու գնում, քանի տարի ա՝ էս վիճակում ա: Որ սկսեն նորոգել, գոնե մի քանի հոգի աշխատանք կունենա»,-ասում են նրանք:
Չնայած շատ դժվար է գյուղում ապրել, բայց, ինչպես ճոճկանցիներն են ասում՝ «Աստծու պահած գյուղ է, Էջմիածնից էլ վանականներ կան, գյուղի ժողովրդին հավաքում են, Աստծու խոսքն են քարոզում: Էն վերեւի սարերից մեկի վրա էլ խաչ ենք կանգնացրել, հավաքվում են, աղոթք անում: Դե, եսիմ, ապրըմ ենք, էլի»: