Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՓՈԽՎԵԼ ԵՆ

Օգոստոս 27,2010 00:00
«Հայփոստը» բարձրացրել է ծառայության վարձը, որից, սակայն, Վանաձորի մասնաճյուղը ոչինչ չի շահում, բնակիչները դժգոհում են, իսկ համայնքապետարանների հետ պայմանագրերը կասեցվել են:

Վանաձորի 63-ամյա բնակիչ Մելանյա Միրզաբեկյանը, քաղաքի խարխլված ճանապարհի անհարմարությունները հաղթահարելով, փոստ է հասել կոմունալ վճարումները կատարելու, բայց պարզվել է, որ կարող է կատարել բոլոր վճարումները՝ բացի աղբահանությունից, եւ այսուհետեւ աղբահանության վճարի համար կա՛մ ծայրամասային Խնձորուտ թաղամասից պետք է քաղաքապետարան հասնի, կա՛մ տանն սպասի տեսուչին: Վերջին մեկ ամսում վանաձորցիներից շատերն են բախվել այս խնդրին, հասել փոստ ու ետ դարձել: Պատճառը «Հայփոստ» ՓԲԸ-ի 2007 թվականից համայնքապետարանների հետ կնքած պայմանագրերի կասեցումն է: Պարզվում է՝ «Հայփոստը» բարեփոխումներ կատարելու ճանապարհին որոշել է՝ Լոռու մարզի 8 քաղաքային եւ 105 գյուղական համայնքներից աղբահանության վճարների համար նախկին 2%-ի փոխարեն այսօր պահանջել 10%՝ հավաքված գումարից: «Եթե պահանջվող տոկոսը կրճատեին՝ բարեփոխում կլիներ: Բարեփոխում էր, երբ աղբահանները պայմանագրեր կնքեցին, որ տեսուչները շատ չանհանգստացնեն, որ բնակչի համար հեշտ ու հարմարավետ լինի: Հիմա հին եղանակով ենք կրկին աշխատելու»,- ասում է Վանաձորի քաղաքապետարանի գույքի կառավարման եւ եկամուտների հավաքագրման բաժնի պետ Վիկտոր Դարբինյանը: Նրա խոսքով, բնակիչներն արդեն սովորել էին, կոմունալ վճարների հետ մի քանի հարյուր դրամ մուծելը այնքան էլ դժվար չէր, իսկ հատուկ այդ փոքրիկ գումարի համար քաղաքապետարան հասնելը ե՛ւ ծախսատար է, ե՛ւ ժամանակ է պահանջում, իսկ տեսուչի այցի օրերին քիչ չեն լինում դեպքերը, երբ մարդկանց ձեռքին գումար չի լինում:

«Հայփոստ» ՓԲԸ Վանաձորի մասնաճյուղի տնօրեն Էդվարդ Խլղաթյանը պարզաբանում է, որ «Հայփոստի» ղեկավարները փոխվել են, նոր հաշվարկներ են կատարվել եւ պարզվել է, որ վնասով են աշխատում ու որոշել են քաղաքապետարաններից եւ գյուղապետարաններից՝ աղբահանության վճարներից գոյացած գումարի 10%-ը վերցնել: Էդվարդ Խլղաթյանը փորձել է ղեկավարության հետ համաձայնության գալ, համոզել վերանայել որոշումը: Նրան պատասխանել են, թե որոշումն անբեկանելի է` ընդունվել է խորհրդակցության ընթացքում, բաժնետերերի միաձայն որոշմամբ՝ ողջ Հայաստանի համար:

«Հայփոստի» Վանաձորի մասնաճյուղի տնօրենը կարծում է, որ փոստը պետք է ձգտի բոլոր ծառայությունները տրամադրել, ներգրավել մեծ խանութներին, յուրաքանչյուր գործարքի համար արժանի տոկոսադրույք սահմանել. «Անընդունելի է, որ հատկապես մարզերից բջջային կապի եւ աղբահանության վարձավճարի համար նույն տոկոսն են պահանջում»: Էդվարդ Խլղաթյանի համար հասկանալի չէ, թե «Հայփոստի» ղեկավարությունը ինչո՞ւ է վերանայել հենց աղբահանության վճարները ընդունելու ծառայության վարձը: «Իհարկե վատ է: Քաղաքապետարաններին եւ գյուղապետարաններին պետք է օգնել, որպեսզի կայանան, եթե յուրաքանչյուր ձեռնարկություն փորձի իր բիզնեսը զարգացնելու համար մեծ գումարներ գանձել, ՏԻՄ-ն ու տնտեսությունն էլ չեն զարգանա»,- ասում է Է. Խլղաթյանը:

Որ փոստատներում աղբահանության վճար չեն ընդունելու՝ չի տխրեցնում փոստային ծառայության աշխատողներին. «Դա մեզանից մեծ բան չի պահանջում, բայց դրանից ոչ օգուտ ունենք, ոչ վնաս, մեր չնչին աշխատավարձի հույսին ենք»,- այս կամ գրեթե այս պատասխանն են տալիս բոլոր փոստային բաժանմունքներում:

Այն, որ «Հայփոստի» եկամուտները ընկերության ղեկավարությունն է տնօրինում՝ բնական է եւ նորմալ: Սակայն մատուցվող ծառայությունների վարձի աճի ֆոնին Վանաձորի եւ Գուգարքի 21 գյուղերը սպասարկող 40 փոստային ծառայության հնամաշ գույքն ու շենքային վատ պայմանները այնքան էլ նորմալ ու բնական չեն: Համակարգչային տեխնիկայով վերջին վերազինումը հարց չի լուծել, տեխնիկան այնքան հին է, որ չի ապահովում նույնիսկ բազաների լրիվ մուտքագրում: «Հայփոստի» Վանաձորի մասնաճյուղը այժմ տեղակայված է նախկին մանկապարտեզի հին շենքում եւ լրիվ ավերակ է: Ընկերությունը երկու սենյակ վերանորոգել է: Իսկ 2,5 տարի առաջ աշխատողներին մի կերպ հաջողվել է փլատակների տակից փրկել հաշվապահական թղթերը, քանի որ սենյակները քանդել են առանց զգուշացնելու:

Օրեր առաջ «Հայփոստի» ղեկավարությունը խոստացել է վերազինել փոստային բաժանմունքները: Լոռեցիները հույսով սպասում են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել