Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՏԵԽԶՆՆՈՒՄԸ ԿՀԵՇՏԱՆԱ

Օգոստոս 27,2010 00:00

Գործադիրի որոշմամբ՝ տեխզննման կայանների գործունեության կարգն ազատականացվեց: Կառավարության նիստին հաջորդած ասուլիսում ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը մանրամասնեց. «Նախկինում սահմանված էր, որ յուրաքանչյուր տեխզննման կայան կոնկրետ տարածք է սպասարկում, իսկ նոր որոշմամբ՝ ցանկացած մարդ ցանկացած վայրում կարող է իր մեքենայի տեխզննման գործընթացն անցկացնել»: Ըստ նախարարի՝ տեխզննման կայանները հանրապետությունում 31-ն են. «Շատ տեղերում հերթեր են նույնիսկ գոյանում, օրինակ՝ Վայոց ձորի մարզում միայն Եղեգնաձորում կա, մարդիկ ինչո՞ւ պետք է կիլոմետրեր անցնեն, որ իրենց մեքենան տեխզննում անցկացնեն: Երեւանում էլ 2-ն են, բայց ինչո՞ւ 10-ը չլինի»: Մարզերում ու Երեւանում նոր կայաններ ստեղծելու նպատակով նախարարը խոստացավ, որ առաջիկայում կբանակցեն մարզպետարանների ու թաղապետարանների հետ՝ համապատասխան մրցույթ հայտարարելու համար: Նա անդրադառնալով բնակչության դժգոհություններին՝ կապված անսարք երթուղային տաքսիների հետ, ասաց, որ քիչ չեն դեպքերը, երբ երթուղում հայտնվում են տեխզննում անցած, վկայական ունեցող երթուղայիններ, որոնք այնքան էլ սարքին վիճակում չեն. «Խնդիրներ տեսնում ենք, բայց լիցենզավորված գործունեության կասեցումը լավ տարբերակ չէ, այսկերպ մարդկանց անհարմար դրության մեջ կդնենք: Եթե սակավաթիվ տեխզննման կայաններին գործունեությունից զրկենք՝ մի մարզից բնակիչները մի այլ մարզ պետք է հասնեն, որ տեխզննման մասնակցեն: Ամեն ինչ հերթով՝ կարգն ազատականացրեցինք, հաջորդ քայլը խիստ վերահսկողություն սահմանելը կլինի»: Նախարարն անդրադարձավ նաեւ նախորդ շաբաթ Անշարժ գույքի կադաստրի պետկոմիտեի փոխնախագահ Աշոտ Մուսայանի հայտարարությանը, թե կադաստրում նոր նախագահի՝ Երվանդ Զախարյանի նշանակումից հետո կոռուպցիան վերացավ կոմիտեում: «Չեմ ցանկանում անդրադառնալ այդ հարցին, դա բարոյական դաշտի խոսակցություն է, ես վստահ եմ՝ հանրությունը ճանաչում է կադաստրի ե՛ւ ներկայիս նախագահին, ե՛ւ ինձ»,- ասաց Մ. Վարդանյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել