Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Չգրանցված ծնունդներ կան

Օգոստոս 27,2010 00:00

Երեկ կառավարության նիստում ներկայացվեց 2010թ. առաջին կիսամյակում ՀՀ-ում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի ուղղությամբ տարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը: Փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի խոսքով՝ առաջին կիսամյակում ուշադրություն է դարձվել մի քանի խնդրի վրա: Նախ ավարտել են Հայաստանում 2010-12թթ. մարդկանց շահագործման դեմ պայքարի եռամսյա ծրագիրը: Ապա նշեց. «Այսօր խնդրի բացահայտման փուլում ենք, հասկացել ենք՝ որտեղ են հիմնական խնդիրները, ու երկու ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում: Մասնավորապես մեզ համար անընդունելի երեւույթ է, որ դեռեւս երեխաների ծննդի չգրանցման դեպքեր կան»: Պարոն Գեւորգյանի խոսքով՝ հետազոտությունները ցույց են տվել, որ երեխաների ծնունդները չեն գրանցվում տարբեր պատճառներով՝ սկսած երեխայի ծնողների իրավական կարգավիճակից (օրինակ՝ փաստաթղթեր չունենալու հանգամանքը)՝ վերջացրած ընտանիքի սոցիալական վիճակով: Փոխվարչապետը նկատեց, որ այս հարցում պատասխանատու են նաեւ ոլորտի մասնագետները, որոնց շրջանում բացակայում է պատշաճ վերահսկողությունն ու լիազորությունների ժամանակին իրականացումը. «Այսօր երեխան առանց ծննդականի գնում է դպրոց, ու դա ոչ ոքի չի անհանգստացնում, նույնիսկ դպրոցի տնօրինությունը չի ահազանգում»: Պարոն Գեւորգյանը կարեւորեց նաեւ հանրապետությունում իրականացված «Հայաստանից արտագնա աշխատանքային միգրացիան 2009-ին» թեմայով ուսումնասիրությունը: Ապա ասաց, որ դրա արդյունքները վերլուծում են եւ առաջիկայում կներկայացնեն հասարակության դատին:

Կառավարության որոշմամբ, Հայաստանը այս տարի եւս 7 դեսպանատուն կբացի արտասահմանում: Այս նպատակով կառավարությունը որոշել է 96 մլն 600 հազար դրամ հատկացնել ՀՀ ԱԳՆ-ին: Մեր երկիրն առաջիկայում ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի հետ համաձայնագիր կկնքի՝ կենսաբանական զենքերի արտադրությունը, տարածումն ու փորձարկումը կանխելու վերաբերյալ: Գործադիրը հաստատել է համաձայնագրի կնքման առաջարկությունը: Հայաստանից բացի, Ամերիկան նման համաձայնագիր կկնքի նաեւ Վրաստանի, ՌԴ-ի ու Ուկրաինայի հետ:

Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ ԿԲ-ի եւ գերմանական KFW բանկի միջեւ ստորագրված «Բնակարանային շուկայի կայուն զարգացում» համաձայնագրի շրջանակում ԿԲ-ին կտրամադրվի 20 մլն եվրոյի չափով պետական վարկային երաշխիք, որը, ըստ ֆինանսների նախարար Տ. Դավթյանի, ուղղվելու է հիփոթեքային վարկավորմանը եւ շարունակական է լինելու:

Գործադիրը հաստատել է նաեւ Աբու-Դաբիի զարգացման հիմնադրամի աջակցությամբ իրականացվող՝ Արփա-Սեւան թունելի վերականգնման աշխատանքների ձեռք բերման համար անցկացված մրցույթի արդյունքները: Հաղթող է ճանաչվել Արփա-Սեւան ԲԲԸ-ն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել