Տարիներ շարունակ մեր կառավարության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը մնում է ներմուծող երկիր, եւ արտահանումն ու արդյունաբերությունը չեն զարգանում: Այդ հարցի լուծման իր տարբերակները երեկ «Դուպլեքս» ակումբում առաջարկեց Հայաստանի ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը: Նա վստահ էր, որ տնտեսական խելամիտ քաղաքականության դեպքում ներմուծումն ու արտահանումը գոնե կհավասարեցվեն: Ըստ պարոն Սաֆարյանի՝ նախ անհրաժեշտ է տարադրամի փոխարժեքը ֆիքսված պահել 450-500 դրամի սահմաններում, քանի որ «երբ արհեստականորեն իջեցնում են տարադրամի փոխարժեքը եւ արժեւորում դրամը, խթանում են ներմուծումը»:
Պարոն Սաֆարյանի խոսքերով՝ մեր երկրի ՀՆԱ-ի մեջ, վերջին 6 ամսվա տվյալներով, արդյունաբերության մասնաբաժինը կազմել է 27%. «Սա շատ քիչ է, եթե հաշվի առնենք, որ 1988 թվականին ՀՆԱ-ն 14,9 միլիարդ ռուբլի էր, որում 66,7%-ը արդյունաբերությանն էր: Ի՞նչ ենք մենք արտահանում՝ պղնձի խտանյութ, ֆեռոմոլիբդեն, կիսաթանկարժեք եւ թանկարժեք քարերից պատրաստված իրեր, քիչ քանակությամբ սննդամթերք, բայց բոլոր ուղղություններով ավելի շատ ներմուծում ենք, քան արտահանում: Ամփոփելով 6 ամսվա տվյալները՝ ստացվում է, որ Հայաստանի արդյունաբերական ապրանքները կազմել են $370 մլն: Սա այն չէ, որին մենք արժանի ենք»: Ըստ պարոն Սաֆարյանի, պղնձի խտանյութ արտահանելու փոխարեն պետք է պատրաստի ապրանք արտահանել: Մեր հարցին՝ գուցե դա ձեռնտո՞ւ չէ գործարարին, պարոն Սաֆարյանը պատասխանեց. «Ի՞նչն է խանգարում, որ պղնձամոլիբդենային ընկերությունները մի հատ ձուլարան կառուցեն եւ ոչ թե խտանյութ արտահանեն, այլ կադոտային պղնձից լար ստանան, որ կդառնա ապրանք, ու կարտահանեն»: Մեր դիտարկմանը, որ դրանք մասնավոր ձեռնարկություններ են եւ ինչպես ուզում՝ այնպես էլ աշխատում են, Վ. Սաֆարյանը պատասխանեց. «Կառավարությունը, մինչ հանքերը շահագործման հանձնելը, պետք է կարողանա ասել՝ ես գտնում եմ, որ պետք է պատրաստի արտադրանք տալ, եւ այդ պայմանները ամրագրի»:
Վազգեն Սաֆարյանի կարծիքով, Հայաստանը արդյունաբերական երկիր դարձնելու համար պետք է զարգացնել մեքենաշինությունը, էլեկտրոնիկան, տեքստիլ եւ կոշիկի արտադրությունը, մետաղամշակումը, քիմիան եւ այլն: «Առավոտի» դիտարկմանը, որ տեքստիլի կամ կոշիկի արտադրությամբ զբաղվող փոքր ու միջին ձեռնարկատերերը դժգոհում են, որ իրացման խնդիր ունեն անգամ տեղական շուկայում, իսկ արտահանման մասին չեն էլ երազում, պարոն Սաֆարյանը պատասխանեց. «Դրա համար պետական աջակցություն է պետք: Օրինակ՝ դրսի մեր դեսպանատները պետք է ունենան առեւտրային կցորդներ, որոնք կուսումնասիրեն տեղական շուկան եւ երաշխավորներ կլինեն, որ այսինչ շուկայում, այսինչ ապրանքը կսպառվի»:
Այսօր, Վազգեն Սաֆարյանի ներկայացմամբ, կառավարությունը, որդեգրելով ազատ շուկայական, շոկային թերապիայի քաղաքականություն, ձեռքերը լվացել է ցանկացած տնտեսական գործառույթում մասնակցություն ունենալուց. «Ինչով էլ որ փորձել են օգնել,՝ ասենք՝ վարկերով, ուղղել են շինարարության ոլորտ: Պետք էր արդյունաբերության եւ այն կազմակերպություններին ուղղել, որոնք կարող են ապրանք արտադրել, վաճառել եւ վարկը փակել»: Խոսելով գործարանների մասնավորեցման մասին՝ պարոն Սաֆարյանը նշեց, որ այս ոլորտում էլ կառավարությունը թերանում է: Շատ գործարաններ կան, որոնք մասնավորեցվել են օտարերկրացիների կողմից, բայց չեն աշխատում. «Արագածի ֆեռլիտի գործարանը ամերիկյան մի ֆիրմա գնել է կոնցեսիոն պայմանագրով ու չի աշխատում, որովհետեւ ուրիշ տեղերում են այդ ապրանքը արտադրում եւ իրացնում այլ երկրներում, այն դեպքում, երբ մեր հումքն ավելի որակով է: Էներգետիկայի նախարարությունը պետք է փաստաթղթեր պահանջի, թե ինչո՞ւ գործարանը չի աշխատում: Կամ ավտոդողերի գործարանը. երկար տարիներ չաշխատելով՝ կառավարությունը ստիպված ետ վերցրեց եւ լուծարեց պայմանագիրը: Մինչ օտարելը՝ պետք է մտածել՝ այդ կազմակերպությունը ի վիճակի՞ է աշխատեցնել եւ ծավալներ ապահովել, թե՞ ոչ»: Պարոն Սաֆարյանի կարծիքով՝ «Նաիրիտը», որը մարտ ամսից չի աշխատում, պոտենցիալ ունի թափով աշխատելու. «Կառավարությունը 10% բաժնեմաս ունի, գոնե այս դեպքում աջակցի: Ասենք՝ վարկավորի, որի միջոցով էներգիայի, գազի եւ այլնի պարտքերը կմարեն: Կամ էլ կարգավորիչ գործառույթներ իրականացնի»: