Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՌԵԺԻՄՈՎ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ԿԱՐԳԵԼՎԻ

Օգոստոս 27,2010 00:00
Գործադիրը երեկ կայացած նիստում հավանություն տվեց ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրենքի նախագծին, որի ընդունման եւ կիրառման դեպքում կպարզեցվեն ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային ձեւակերպման, մաքսային վճարների ընթացակարգերը:

Ինչպես կառավարության նիստին հաջորդած ասուլիսում նշեց Պետեկամուտների կոմիտեի պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը՝ փոփոխությունների շրջանակում ՀՀ քաղաքացիներին կարգելեն «ժամանակավոր ներմուծում» ռեժիմով մեքենաների ներմուծումը: Այս տարվա 7 ամիսների ընթացքում «ժամանակավոր ներմուծում» ռեժիմով ՀՀ է ներմուծվել 44 000 մեքենա՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 32 000-ի փոխարեն: «Ժամանակավոր ներմուծման համար օրենքով սահմանված գումարները չեն գանձվում, ու ՀՀ շատ քաղաքացիներ օգտվում են այս հնարավորությունից ու ներմուծում, ասենք, $30 000 արժողությամբ մեքենա, ձեւակերպում ժամանակավոր ռեժիմով ու ամիսներով խուսափում անհրաժեշտ վճարումներից, նշանակված ժամանակամիջոցում գրանցելու պարտավորությունից»,- ասաց Ա. Ալավերդյանը, նշելով, որ օրենքի ընդունումից հետո «ժամանակավոր ներմուծում» ռեժիմից կարող են օգտվել միայն արտասահմանցիները՝ մուտքի արտոնագրում նշված ժամկետի չափով:

Կառավարությունն առաջարկում է Մաքսային օրենսգրքում փոփոխություններ կատարել նաեւ փոստային առաքումների մասով: «Ներկայումս փոստային առաքումներով Հայաստան ներմուծվող ապրանքները մաքսային վճարումներից ազատվում են միայն 50 հազար դրամը չգերազանցելու դեպքում, կառավարությունն առաջարկում է 50 հազարի շեմը բարձրացնել 150 հազար դրամի»,- ասաց ՊԵԿ փոխնախագահը: Նրա խոսքով՝ փոփոխությունների շրջանակում սուբյեկտներին հնարավորություն կտան մաքսային հայտարարագրերը ոչ միայն թղթային, այլեւ էլեկտրոնային տարբերակով մաքսային մարմին ներկայացնել: Իսկ ՀՀ-ում օտարերկրյա հյուպատոսները ծառայողական օգտագործման նպատակով ապրանքներ ներմուծելու դեպքում կազատվեն մաքսային վճարներից:

Կառավարության հավանությանն է արժանացել նաեւ «Շահութահարկի մասին» եւ ՀՀ եւս 6 օրենքներում փոփոխություններ կատարելու՝ «Արտոնագրային վճարումների» մասին ՀՀ օրենքի նախագծերի փաթեթը: ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանի խոսքով՝ օրենսդրական փաթեթի ընդհանուր տրամաբանությունը գործարարության պայմանների բարելավումն է, ներդրումային մթնոլորտի կատարելագործումը եւ փոքր ու միջին ձեռնարկատիրության համար նպաստավոր պայմանների ձեւավորումը. «Կրճատվում է հարկային մարմիններ ներկայացվող մի շարք հաշվետվությունների պարբերականությունը: Մասնավորապես՝ ակցիզային հարկի հաշվետվության պարբերականությունը այս նախագծով միամսյայի փոխարեն կդառնա եռամսյակային: Նման փոփոխություններ են նախատեսված նաեւ մյուս հարկատեսակների գծով տրամադրվող հաշվետվություններում»: Նրա խոսքով, արտոնագրային վճարների համակարգից կարող են օգտվել վարձու աշխատողներ չունեցող եւ 6 միլիոնից ավելի շրջանառություն չունեցող ընկերությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել