– Մինչ Երեւանում կայացած ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթաժողովը՝ Դուք անհրաժեշտ էիք համարել, որ ՀԱՊԿ-ում արծարծվի Ռուսաստանի կողմից Ադրբեջանին C-300 համակարգերի վաճառքի հարցը՝ բացատրություններ ստանալու ակնկալիքով: Ինչպե՞ս եք գնահատում այն փաստը, որ դատելով այդ գագաթաժողովի մասին հրապարակային տեղեկատվությունից՝ այս խնդրին չի եղել որեւէ անդրադարձ:
– C-300 հրթիռային համակարգերի վերաբերյալ ռուսաստանյան պաշտոնական շրջանակներից լուրերն իրարամերժ են՝ մի մասը հաստատում է, մյուսները՝ հերքում: Այդ էր պատճառը, որ ասացի, թե մտադիր ենք առիթը ներկայանալու դեպքում (նաեւ ինքս՝ որպես ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի փոխնախագահ) խնդրի պարզաբանման նպատակով դիմել մեր ռուսաստանյան գործընկերներին:
Իհարկե, ասեմ նաեւ, որ շատ արտառոց բան տեղի չի ունենում: Ուղղակի պետք է մեր գործընկերները հաշվի առնեն, որ ՀԱՊԿ-ի անդամ Հայաստանն այսօր պատերազմի վտանգի առջեւ է կանգնած, ու վտանգի աղբյուրն Ադրբեջանն է: Եվ յուրաքանչյուր երկիր, որը զինում է Ադրբեջանին այս կամ այն զինատեսակով՝ լինի պաշտպանական կամ հարձակողական, կարծում եմ, ուղղակիորեն նպաստում է Ադրբեջանի ավելի ռազմատենչ կեցվածքներին ու պատերազմի հավանականության մեծացմանը:
Իհարկե՝ յուրաքանչյուր երկիր ազատ է իր գործունեության մեջ, հատկապես, եթե հետապնդում է առեւտրային նպատակներ: Բայց պետք չէ մոռանալ, որ առեւտրային նպատակների տակ կարող են նաեւ լինել քաղաքական ու ռազմական շահեր, որոնք պետք է հաշվի առնել:
– Չնայած արտահայտվող այս տագնապներին՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասաց, թե C-300 համակարգերի ձեռք բերումն ուղղակիորեն չի կարող ազդեցություն ունենալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ուժերի հարաբերակցության վրա, «քանի որ դրանց կիրառումն Ադրբեջանի կողմից ՀՀ զինված ուժերի դեմ հնարավոր բոլոր սցենարներում էլ կլինի անարդյունավետ»: Նախարարի այս վստահությունը տեղի՞ն է, եւ գուցե առկա մտահոգություննե՞րն են չափազանցված:
– Բնականաբար, պաշտպանության նախարարն այս հարցում ամենաշատ իրազեկվածն է՝ իհարկե, երկրի գլխավոր հրամանատարից հետո: Եթե նա նման կեցվածք է դրսեւորում, ուրեմն՝ հիմքեր ունի դրսեւորելու:
Իմ կարծիքն այն է, որ մենք պարտավոր էինք միջոցներ ձեռնարկել այն իրավիճակում, երբ Ադրբեջանն ուղղակիորեն պատրաստվում է պատերազմի, եւ գնալով սերտանում է ադրբեջանա-թուրքական տանդեմը: Դրա փաստը թուրք-ադրբեջանական վերջին ռազմական պայմանագիրն է, որը ի տարբերություն հայ-ռուսական պայմանագրի՝ գաղտնի է եւ անկանխատեսելի հետեւանքներ ունի: Մենք պարտավոր ենք քայլեր ձեռնարկել դրանց դեմ: Եվ, կարծում եմ, այդ քայլերը ձեռնարկվել են:
– Համենայնդեպս, թեեւ պնդել էիք. «Պետք է ՀԱՊԿ անդամ երկրների ռազմական ու քաղաքական հարաբերությունները տարբերվեն ՀԱՊԿ անդամ չհանդիսացող երկրների հետ հարաբերություններից», ու նաեւ, որ «մեզ պետք է մտահոգի ՀԱՊԿ անդամ որեւէ երկրի կողմից Ադրբեջանին ռազմական աջակցություն ցույց տալը»՝ ՀՀ իշխանությունների արձագանքը շատ հանդարտ է: Արդյոք սա ճի՞շտ եք համարում:
– Հետեւեք նաեւ Ադրբեջանի քաղաքական գործիչների հայտարարություններին ու կտեսնեք, որ հատկապես ռազմակայանի մասին արձանագրությունից հետո ավելի զուսպ են դարձել իրենց արտահայտությունները, պակասել են ռազմատենչ ու պատերազմի կոչերը: Նրանք շատ լավ են հասկանում, որ Հայաստանը հոգում է իր անվտանգության խնդիրները եւ շատ վճռական է այս հարցում:
ՀԱՊԿ կառույցն, իհարկե, չի կարելի համեմատել ՆԱՏՕ-ի հետ, որն ավելի կայացած կառույց է: Մի շարք դեպքերում՝ ընդօրինակելով ՆԱՏՕ-ի հատկապես կազմակերպական դրույթները, ՀԱՊԿ-ն ավելի ամրացման, հզորացման ճանապարհ է բռնել: Մասնավորապես՝ կայացման փուլում է արագ արձագանքման ստորաբաժանումների ստեղծման գործընթացը:
– Ուշագրավ մեկնաբանություն տվեց ՀՀԿ խմբակցության ղեկավարն այն փաստին, թե ինչու Հայաստանում ՌԴ ռազմակայանի գործունեության ժամկետը երկարաձգվեց մինչեւ 2044 թվականը: Ըստ նրա՝ սա Ռուսաստանի համար հիմնականում երաշխիք է Հայաստանում ծավալվելիք տնտեսական ծրագրերի, մասնավորապես՝ ատոմակայանի առումով: Արդյոք հիմնավո՞ր է ռազմաքաղաքական համաձայնությունները տնտեսական եւ անգամ առեւտրային գործոններով պայմանավորելը:
– Անկեղծ ասած՝ չէի ուզենա կապել մեկը մյուսին: Կարծում եմ, որ Հայաստան-Ռուսաստան տնտեսական համագործակցությունը երկկողմանիորեն արդյունավետ է: Ռուսական ներդրումները Հայաստանում գերազանցում են բոլոր երկրների ներդրումներին: Եվ բնական է, որ մեր երկիրը պետք է շահագրգռված լինի, որ ներդրումները շատանան Հայաստանում: Ինչ վերաբերում է ռազմաքաղաքական համագործակցությանը՝ իհարկե, տնտեսական հարցերն էլ ի վերջո ունեն քաղաքական ենթատեքստ: Բայց իմ կարծիքով՝ իրար ուղղակիորեն կապելն այդքան էլ արդարացված չէ:
Նշեմ նաեւ, որ պարտավորված չենք մինչեւ 2044 թվականը մնալ այդ պայմանագրում, թեեւ մեր ներկա ազգային ու պետական շահերը ստիպում են դա անել: Պայմանագրում նախատեսված է, որ եթե երկու երկրներից որեւէ մեկը ցանկանա խզել ՌԴ ռազմակայանի մասին պայմանագիրը՝ ուղղակի 6 ամիս առաջ պիտի տեղեկացնի մյուս կողմին, ու կսկսվի այդ գործընթացը:
– Ի դեպ, հասարակության անհանգստությունը հարուցեցին վերջին շրջանում բանակում արձանագրված միջադեպերը, որոնցից շատերի ընթացքում եղան զոհեր: Ձեր ղեկավարած հանձնաժողովն արդյոք որեւէ կերպ մտադի՞ր է անդրադառնալ հնչած մտահոգություններին:
– Իհարկե, մեզ էլ են մտահոգում վերջին ցավալի իրադարձությունները բանակում: Պետք է արմատական բարեփոխումներ անցկացնել, որոնք արդեն ընթացքի մեջ են: Դրանք չեն կարող 1-2 տարվա ընթացքում անմիջապես արդյունք տալ, քանի որ մեր բանակը, ցավոք, խորհրդային բանակից ժառանգել է շատ վատ ավանդույթներ: Նախ եւ առաջ՝ այդ ավանդույթները պետք է արմատախիլ արվեն, եւ դրանք պետք է արվեն իրավական ձեւակերպումներով: Մինչ այժմ բանակը չունի ԱԺ կողմից ընդունված կարգապահական կանոնագիրք: Եվ մենք ՀՀ պաշտպանության նախարարության հետ արդեն ձեռնամուխ ենք եղել՝ խորհրդարանում է ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագիրքը: Ես մտադիր եմ սեպտեմբերի 6-ին կամ 7-ին հասարակական լսումներ հրավիրել այդ կանոնագիրքը քննարկելու համար, քանի որ, կարծում եմ, սրանով շատ լուրջ քայլ կկատարվի բանակի բարեփոխման ուղղությամբ: Պետք է հստակեցվեն հրամանատարների լիազորություններն ու պարտականությունները, ինչպես նաեւ զինվորների իրավունքներն ու պարտականությունները: Կարծում եմ, որ սա լուրջ քայլ է: Հանձնաժողովը նաեւ մտադիր է այցելել գրեթե բոլոր զորամասերը՝ հատկապես այնտեղ, որտեղ կան խնդրահարույց հարցեր: Մենք տեղյակ ենք նաեւ, որ պաշտպանության նախարարը կազմել է բանակի սպաների կրթադաստիարակչական ծրագիր: Ու կարծում եմ, մեր հրամանատարները, սպաներն ու ենթասպաները, զինվորականներն իրոք լուրջ դաստիարակության ու կրթության կարիք ունեն: