Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԻՋՆԱԲԵՐԴ

Օգոստոս 27,2010 00:00

\"\"Կամքը թող ձերը լինի, եղբայրնե՛ր ու քույրե՛ր, այսօր կարծես թե ոչ մի ասելիք չունեի. մտածում էի՝ չէ՞ որ ամեն ինչ վաղո՜ւց արդեն ասված է, եւ հետո՝ ո՞ւմ եւ ի՞նչ պիտի ասես հիմա, որ տեղահանի կարդացողի սիրտը, անհանգստացնի նրան, բայց տարօրինակ բան. օգոստոսյան շոգ իրիկվա մեջ մի գավաթ սառը գարեջրի պատկերը շեղեց միտքս: Եվ ես պարզ տեսա Միկենա երկրի ճերմակ մարմարե անպարիսպ քաղաքները, որոնց՝ դեպի բաց ծով իջնող ողորկ աստիճաններն ամեն օր լվանում էին Միջերկրականի ջրերը: Եվ քանի որ մեր օրերի իրատես միտքը շարունակ փորձում է քննել հնագույն քաղաքակրթությունների թնջուկ-հանելուկը, այն պեղեց, քննեց ու շփոթվեց, թե ինչո՞ւ այդ շքեղ քաղաքները, ժամանակների հաստատված կարգին հակառակ, չունեին պաշտպանական պարիսպներ: Եվ միայն շատ ավելի ուշ հասկացան, որ դրանք քաղաք միջնաբերդեր էին, քանի որ նրանց պարիսպները ծովն էր, իսկ ծովը մեծ էր ու այնքան ամբողջական, որ չէր ճանաչում ոչ մի պարիսպ: Եվ վերջապես ոչ մի պարիսպ եւ ոչ մի ծով չի կարող փրկել քաղաք կամ պետություն, եթե ներսում ապրողներից ամեն մեկն իր մեջ չհասկանա, որ արտաքին հարեւանն ու բարեկամը կամ պարիսպն արտաքին կայուն կմնան, քանի դեռ կա ամբողջական ցեղի միջնաբերդը հաստատուն: Եվ այդ պարզ իմաստության փնտրտուքի ճանապարհին նույնիսկ հրեաները թափառական հավաքվեցին մի օր իրենց րաբբիի մոտ եւ հարցրին. -Ինչո՞ւ մենք չունենք հայրենիք, ինչո՞ւ ենք մենք թափառական: Ծեր, իմաստուն րաբբին լսեց նրանց ու ասաց. -Վաղը բոլորդ եկեք Սինագոգ ու ամենքդ ձեզ հետ բերեք մեկ շիշ օղի, եւ ես կպատասխանեմ ձեր հարցին: Հաջորդ օրը հավաքվեցին բոլորը Սինագոգում, որտեղ րաբբին մի մեծ չան էր դրել: Եվ նա ասաց. -Լցրե՛ք ձեր բերած օղիները այս չանի մեջ: Բոլորը դատարկեցին իրենց շշերը: Րաբբին վերցրեց արծաթե թասը, չանից օղի լցրեց ու տվեց մոտիկ կանգնածին, ասաց՝ խմի՛ր: Հրեան խմեց ու բացականչեց. -Բայց սա օղի չէ, ջո՛ւր է: -Ա՛յ, դրա համար էլ դուք հայրենիք չունեք ու թափառական եք,- ասաց րաբբին,- քանի որ մտածել եք, թե ձեր բերած մի շիշ ջուրը չի նկատվի ուրիշների բերած օղիների մեջ, բայց ողբերգությունն այն է, որ բոլորդ եք այդպես մտածել: Միկենայի չքնաղ քաղաքներն, իհարկե, կործանվեցին, քանի որ եսակենտրոն անձնապաստանությունը խաթարել էր նրանց միջնաբերդը, եւ նույնիսկ ծովը մեծ զորու չեղավ փրկելու նրանց…

Կամքը դարձյալ ձերը լինի, քույրե՛ր եւ եղբայրնե՛ր, քանզի հավերժության գաղտնիքը միջնաբերդը որպես կամք ունենալն է մեր մեջ եւ աշխարհը ճանաչելու պատկերացումը նույնպես:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել