«Եթե մեկը կասի, որ կողմ է Ադրբեջանին տարածքներ հանձնելուն, ապա պետք է նրա արյունը ստուգել՝ հա՞յ է նա, թե՞ ոչ: Ի՞նչ տարածքային զիջումների մասին կարող է լինել խոսքը»,- «Ա1+»-ին տված հարցազրույցում ասաց ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը:
«Ոչ ոք էլ ավելի լավ չգիտի խաղաղության գինը՝ ինչպես երկրապահը, բայց մենք 1994 թվականի մայիսին արդեն արել ենք մեր մեծագույն փոխզիջումը հանուն խաղաղության»,- նշում է գեներալը՝ այդ փոխզիջումը համարելով հրադադարը: «Մենք այն ժամանակ դեռ կարող էինք մտնել Եվլախ, Կիրովաբադ, Նախիջեւան, մեր ձեռքը բռնող չկար, բայց բավարարվեցինք մեր պատմական հայրենիքի այն չնչին հատվածի ազատագրմամբ, որն անհրաժեշտ է Հայաստան-Արցախ անվտանգությունը երաշխավորելու համար»,- շարունակում է նա՝ հավաստելով, որ այսօր էլ հանուն խաղաղության ոչ մի թիզ տարածք չի հանձնվի:
«Ազատագրված տարածքները ստեղծված բալանսի մի մասն են, որը խախտելով՝ պատերազմի սպառնալիք կստեղծվի: Նայեք քարտեզին, եթե մենք հանձնենք Զանգելանն ու Կուբաթլուն, ապա Սյունիքը կհայտնվի այդ տարածքների եւ Նախիջեւանի միջեւ, կամ էլ եթե հանձնենք Աղդամը, ապա Ստեփանակերտը կվնասենք,- գտնում է Մանվել Գրիգորյանը, միեւնույն ժամանակ նկատում,- ի՞նչ գրավյալ տարածքների մասին է խոսքը, երբ նույն Աղդամում, Ֆիզուլիում որտեղ բահը գետին ես խփում, խաչքարեր են դուրս գալիս»:
«Ա1+»-ի հետ զրույցում Մանվել Գրիգորյանը նաեւ նկատեց. «Ես դիվանագետ չեմ, բայց ես ու իմ ընկերները ռազմի դաշտում ենք մեր անելիքը արել, ու եթե, Աստված մի արասցե, դիվանագետները դարձյալ այս հարցի խաղաղ լուծումը չգտնեն, ու հարկ լինի՝ մենք դեմ չենք լինի՝ ապացուցելու, որ սրանք հայի հողեր են»: Գեներալը շեշտում է, որ Արցախի հերոսական ժողովուրդը ապացուցել է, որ ինքը իրավունք ունի եւ կարող է լինել անկախ պետություն:
«Մեր մեծագույն ձեռքբերումներից է Արցախի անկախ հանրապետությունը»,- եզրափակում է գեներալ Գրիգորյանը, ով մասնակցում է երկրապահների ավանդական ուխտագնացությանը Արցախ: