Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՔԼԻՆԹՈՆԸ ՆԱՄԱԿ Է ԳՐԵԼ

Օգոստոս 27,2010 00:00

\"\"ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն օրերս պատասխանել է հայաստանյան իրավապաշտպան մի քանի կազմակերպությունների կողմից Երեւանում իրեն փոխանցված նամակին:

Հուլիսի սկզբին Հայաստան կատարած իր այցելության շրջանակներում Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Երեւանից մեկնելուց առաջ՝ հուլիսի 5-ին, հանդիպել էր հայաստանյան ավելի քան 25 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հենց այդ հանդիպման ավարտին Հարավային Կովկասի իրավապաշտպան ցանցի հայաստանյան անդամ թվով 9 կազմակերպություններ Քլինթոնին ԱՄՆ դեսպանատան միջոցով նամակ էին փոխանցել: Նամակում իրավապաշտպան կազմակերպությունները պետքարտուղարի ուշադրությունը հրավիրել էին 2008թ. նախագահական կեղծված ընտրություններից հետո երկրում ստեղծված խորը հասարակական-քաղաքական ճգնաժամի լուծման եւ քաղաքացիական համերաշխության հաստատման անհրաժեշտության վրա՝ որպես դրա նախապայման շեշտելով մի քանի խնդիրների լուծումը. անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին եւ վերջ տալ այլախոհության համար հալածանքներին: Իրականացնել մարտի 1-ի սպանությունների արդար հետաքննություն, բացահայտել եւ պատժել մեղավորներին, արդարացի փոխհատուցում տրամադրել զոհվածների հարազատներին: Կատարել «Ա1+»-ի գործով ՄԻ Եվրոպական դատարանի կայացրած վճիռը եւ վերականգնել մինչեւ իրավունքի խախտումը եղած դրությունը: Հ/կ-ները շեշտել էին նաեւ ոստիկանությունում, քննչական մարմիններում խոշտանգումների ու սպանության դեպքերը, որոնք մնում են չբացահայտված, իսկ բացահայտվելու դեպքում չեն փարատում զոհերի հարազատների կասկածները, եւ խիստ կարեւորել էին նման դեպքերի բացահայտումները, մեղավորների պատժումը եւ տուժածների արդարացի փոխհատուցումը: Նաեւ անդրադարձել էին Հայաստանում լրագրողների, ԶԼՄ-ների եւ լրագրողական կազմակերպությունների դեմ կատարված մի քանի տասնյակ հարձակումների, բռնությունների եւ հրկիզումների դեպքերին՝ համարելով, որ «խոսքի, մամուլի եւ արտահայտման ազատության կայացման համար հարկավոր է շուտափույթ եւ արդյունավետ հետաքննություններ իրականացնել այդ գործերով, բացահայտել եւ պատժել մեղավորներին»: Հ/կ-ների ղեկավարներն ակնկալում էին, որ «Միացյալ Նահանգները իր հնարավորությունների շրջանակներում, գործածելով իր լծակները, ազդելով Հայաստանի իշխող վարչակազմի վրա, կօգնի Հայաստանի քաղաքացիական հասարակությանն ու հանրությանը լուծել վերոհիշյալ խնդիրները»:

Ավելի քան մեկ ամիս անց ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Ռոդհեմ Քլինթոնը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան միջոցով պատասխանել է իրավապաշտպանների նամակին՝ վերջիններիս շնորհակալություն հայտնելով, որ իր հետ կիսել են իրենց մտահոգություններն առ այն, որ «Հայաստանի համար հույժ կարեւոր են բարեփոխումները մարդու իրավունքների ու ժողովրդավարության ոլորտներում»: «Բարեբախտաբար, Հայաստանում կա ակտիվ քաղաքացիական հասարակություն, որը պատրաստ է իր մասնակցությունը բերել այս հիմնարար խնդիրներին ուղղված հարցերում եւ եռանդագին աշխատել՝ բարելավելու քաղաքացիական միջավայրը բոլոր հայաստանցիների համար՝ անկախ քաղաքական դիրքորոշումներից, մասնագիտությունից կամ հանգամանքներից»,- ասված է նամակում: Քլինթոնն ասել է, թե ԱՄՆ-ն «հավատացած է, որ այն նույն արժեքները, որ ծնունդ են տվել մեր պետությանը՝ որպես բաց ու ակտիվ ժողովրդավարության, ուր անսասան է հարգանքը մարդու իրավունքների, այդ թվում՝ հստակ հանձնառությունը մամուլի ազատության ապահովման հանդեպ, ազատ եւ ծաղկուն հասարակության հիմքն են կազմում եւ հույժ կարեւոր են Հայաստանի ապագայի համար: Մենք պաշտպանում ենք այդ արժեքները եւ կշարունակենք մեր ձայնը բարձրացնել ի պաշտպանություն այդ արժեքների՝ Հայաստանում եւ ողջ աշխարհում»:

ԱՄՆ պետքարտուղարի արձագանքը հայաստանյան իրավապաշտպանների բարձրաձայնած հարցադրումներին, իհարկե, ընդհանրական է, ինչ-որ տեղ՝ նույնիսկ հերթապահ: Արդյոք հայաստանյան իրավապաշտպաններն այդպիսի՞ պատասխան էին ակնկալում տիկին Քլինթոնից եւ բավարարվա՞ծ են կոնկրետ խնդիրներին տրված ընդհանուր ձեւակերպումներով: «Առավոտի» հետ զրույցում Քլինթոնին ուղղված նամակի հեղինակներից մեկը՝ Հայաստանի Հելսինկյան ընկերակցության ղեկավար, իրավապաշտպան Միքայել Դանիելյանը, այս առնչությամբ հետեւյալն ասաց. «Մենք լիովին բավարարված ենք: Բավարարված ենք նախ այն պատճառով, որ տիկին Քլինթոնն ուշադրություն դարձրեց մեր նամակին, առավել եւս, եթե նկատի ունենանք, որ նա աշխարհի առաջին պետության երկրորդ դեմքն է: Դա նշանակում է, որ նա կարդացել է մեր նամակը, ինչը շատ հազվադեպ է պատահում այդ մասշտաբի քաղաքական եւ պետական գործիչների շրջանակում: Մենք նամակներ ենք ուղարկում ե՛ւ ԵԽ-ին, ե՛ւ ԵՄ-ին: Հայաստանում գտնվող ԵՄ ներկայացուցչությունը մեր նամակներին չի էլ պատասխանում, չի էլ արձագանքում Հայաստանում տեղի ունեցողին. ինչի՞ մասին ենք խոսում: Կարծում եմ, Քլինթոնի արձագանքը կլինի էլի մի կաթիլ ճնշում՝ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության հարցում»:

Մեր այն հարցին, թե՝ իր կարծիքով, ԱՄՆ պետքարտուղարի պատասխանն իր բովանդակությամբ հանդերձ՝ կհուզի՞ ՀՀ իշխանություններին, իրավապաշտպանն այսպես հակադարձեց. «Մեր իշխանությունները ընդամենը ձեւ են անում, թե նման բաների վրա թքած ունեն, բայց լավ էլ գիտեն, որ ՀՀ-ում մարդու իրավունքների վերաբերյալ ամեն մի զեկույց նշանակում է, որ Հայաստանը կարող է զրկվել քաղաքական եւ ֆինանսական օգնությունից, որի մի ստվար հատվածն, ի վերջո, նստում է այս իշխանավորների հաշվեհամարներին: Նման բաները իշխանությունների վրա հեչ լավ չեն ազդում: Եթե նրանք իսկապես թքած ունենային՝ այդքան ջանադրաբար եւ իրար խառնվելով չէին արձագանքի միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին, նույն ԱՄՆ պետդեպի զեկույցներին ու հայտարարություններին»:

Մ. Դանիելյանը համարում է, որ Քլինթոնի պատասխանն իրենց նամակին ամենեւին էլ ձեւական բնույթ չի կրում կամ քաղաքավարության ժեստ չէ: Մյուս կողմից՝ նա նաեւ շեշտեց, թե ակնկալել, որ սրանից հետո Հայաստանում մարդու իրավունքների եւ ազատությունների ոլորտում ինչ-որ բան կտրուկ կփոխվի՝ միամտություն է, բայցեւ իր դերն անպայման կխաղա ճիշտ այնպես, ինչպես միջազգային տարբեր կառույցների կողմից ՀՀ-ին վերաբերող այն զեկույցները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել