Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԱՄԵՆԱՄԵԾ ԿՇԻՌՆ ՈՒՆԵՑՈՂ ՄԻՋՆՈՐԴՆ Է»

Օգոստոս 27,2010 00:00
\"\"Վստահ է ԵԱՀԿ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Արամ Սաֆարյանը

«Կարծում եմ, որ ստորագրված հայ-ռուսական բարձր մակարդակի փաստաթղթերի արդյունքում Հայաստանը ստացավ անվտանգության հավելյալ երաշխիքներ, եւ սա եւս մեկ լրացուցիչ շտրիխ է հայ-ռուսական ռազմաքաղաքական, ռազմատեխնիկական եւ ռազմական համագործակցության մեջ: Ես կարծում եմ, որ ռուսական ռազմակայանին վերաբերող փաստաթուղթը միանշանակորեն Հայաստանի ազդեցությունն ու կշիռը բարձրացնում է մեր տարածաշրջանում՝ թույլ տալով մեզ՝ տարածաշրջանի ամենափոքր՝ տարածքով եւ բնակչությամբ, երկրին կուլ չգնալ եւ միակողմանի զիջումների չգնալ ավելի ուժեղ հարեւաններից»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Արամ Սաֆարյանը: Պարոն Սաֆարյանը վստահ է, որ ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացում երբեք չի փոխվել եւ չի փոխվելու Ռուսաստանի դիրքորոշումը. «Ես կարծում եմ՝ Ռուսաստանի դիրքորոշումը նույնն է, Ռուսաստանը շարունակելու է ակտիվ միջնորդություն իրականացնել ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացում, որովհետեւ, ունենալով շատ լավ հարաբերություններ եւ Հայաստանի, եւ Ադրբեջանի հետ, Ռուսաստանն ամենամեծ կշիռն ունեցող միջնորդն է եռանախագահության մեջ եւ շատ լավ գիտակցում է այդ կշիռը եւ շարունակելու է ջանքեր գործադրել, որպեսզի Հայաստանը եւ Ադրբեջանը փոխադարձաբար ընդունելի լուծում գտնեն, պարզապես այդ լուծման արագ հնարավորություն ես առայժմ չեմ տեսնում»:

Արամ Սաֆարյանը համոզված է նաեւ, որ Ռուսաստանը իր քայլերը Հարավային Կովկասում համաձայնեցնում է թե ԱՄՆ-ի եւ թե Եվրամիության հետ. «Այո, այսօր ՌԴ-ն ամենամեծ ազդեցություն ունեցող երկիրն է տարածաշրջանում, բայց միակը չի, եւ այսօր տարածաշրջանում բավարար ներկայացված են թե ԱՄՆ-ը եւ թե Եվրամիությունը: Համոզված եմ, որ բոլոր մակարդակներում կա երկխոսություն Հարավային Կովկասի հարցերում, եւ մրցակցությունը երբեք այս տարածաշրջանում չի վերածվելու թշնամության եւ ատելության այս երեք ուժային կենտրոնների միջեւ»: ՌԴ-Հայաստան հարաբերությունների հերթական ակտիվացման եւ ՌԴ նախագահի՝ Հայաստանում գտնվելու օրերին Ադրբեջանում նույնիսկ ցույցեր եղան ընդդեմ Ռուսաստանի: Մեր զրուցակցին խնդրեցինք մեկնաբանել այդ հակառուսական ակտիվացումը Ադրբեջանում: Ի պատասխան՝ պարոն Սաֆարյանն ասաց. «Ես հակառուսականը չեմ մեկնաբանի, բայց ցավում եմ, որ Ադրբեջանում հակահայկական հիստերիայի նոր ալիք է բարձրացել, շատ ցավում եմ, որ այն պահին, երբ ԵԱՀԿ Մինսկի խումբը կարծես թե գտել էր այն բանալին, որով լուծման գործընթացի համար ճանապարհ էր բացվում, հենց այդ պահին հակահայկական ատելության նոր ալիքը խոսում է այն մասին, որ Ադրբեջանը հարցի խաղաղ լուծման պայմաններին համաձայն չի: Բայց սա իրենց խնդիրն է, եւ դեռ իրենք պետք է միջնորդներին բացատրեն, թե ինչու են մերժում հերթական տարբերակը: Կարծում եմ՝ այս իրավիճակում Հայաստանի դիրքորոշումը շատ զգայուն եւ զգոն լինելն է եւ ամեն տեսակ զարգացման պատրաստ լինելը»: Արամ Սաֆարյանը այն կարծիքին է, որ Ռուսաստանի ազդեցությունը պատմականորեն թելադրված, պատմական իրողություններով պայմանավորված ներկայությունն է Հայաստանում եւ տարածաշրջանում. «Ոչ մի պատճառ չեմ տեսնում, որ Ռուսաստանը պետք է պատմականորեն ձեւավորված իր դիրքերը զիջի: Իսկ ինչ վերաբերում է Թուրքիային, ապա այդ երկիրը տարածաշրջանում իր դիրքերն ամրապնդելու եւ ավելի մեծ կշիռ ունենալու համար մի պարզ քայլ պիտի անի՝ հաստատի Հայաստանի հետ հարաբերություններ՝ առանց նախապայմանների: Եթե մեզ հաջողվեց թուրքական քաղաքական կարծրատիպը կոտրել, ուրեմն Թուրքիան Հարավային Կովկասում առավել նշանակալից դերակատար կլինի, եթե ոչ, ամեն ինչ կմնա այնպես, ինչպես կա»:

Արամ Սաֆարյանը նաեւ կարծիք հայտնեց, որ պետք է ակտիվացնենք մեր քարոզչամեքենան, պետք է առավել ակտիվ աշխատենք եւ միջազգային ատյանների, եւ այլ կառույցների հետ. «Ես վերջին մեկ ամսվա ընթացքում նկատում եմ որոշակի դադար, որ երեւի արձակուրդներով էր պայմանավորված, բայց ենթադրում եմ, որ այսօր Ադրբեջանում բարձրացած հերթական հակահայկական ալիքը արագ լուծում չի ունենալու, եւ այդ պատճառով էլ հորդորում եմ մեր քաղաքական գործիչներին, դիվանագետներին, հասարակական կազմակերպություններին՝ պարզապես պատրաստ լինել բացատրական աշխատանք տանելու, թե որն է մեր դիրքորոշումը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել