Լրահոս
Օրվա լրահոսը

ՃԱՐՊԱԿԱԼՈՒՄԸ ԽՆԴԻՐ Է ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Օգոստոս 26,2010 00:00

Հիվանդություն, որի դեմ հարկավոր է պայքարել

Պարզվում է՝ առողջապահական ոչ պակաս լուրջ խնդիր է նաեւ ճարպակալումը: Այս հիվանդությունը Հայաստանում արդեն արդիական է: Շատերը, տառապելով այս հիվանդությամբ, անգամ չեն էլ կասկածում դրա լրջության եւ հնարավոր հետեւանքների մասին. երեկ «Արմատ» ակումբում փաստեցին ոլորտի մասնագետները: Առողջապահության նախարարության ֆիզիոթերապիայի, կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի բժիշկ- դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանն ու էնդոկրինոլոգ Բամինե Բաղրամյանը, անդրադառնալով հիվանդության առաջացման պատճառներին, հավաստիացրին, որ ճիշտ բուժում չստանալով՝ մարդիկ կարող են լուրջ հիվանդություններ ձեռք բերել: Բժիշկներն այս հիվանդությունը դիտարկում են որպես առողջապահական, տնտեսական եւ սոցիալական լուրջ խնդիր:
Ամբողջ աշխարհում ավելանում է այս հիվանդությամբ տառապողների թիվը, այդ թվում՝ նաեւ Հայաստանում: Ըստ վիճակագրության՝ աշխարհում ճարպակալությամբ տառապում է ամեն 3-րդ անձը, բայց հիմնականում բժշկի են դիմում, երբ ի հայտ են գալիս դրանից առաջացած բարդությունները: Վ. Պետրոսյանի տեղեկացմամբ՝ այս հիվանդության պատճառները տարբեր են, բայց առաջին տեղում սխալ սնունդն ու ֆիզիկական ակտիվության պակասն է՝ «շատ մարդիկ, դիմելով բժշկի, ասում են՝ ախր ես քաղցր չեմ սիրում, ես ճարպոտ սնունդ չեմ սիրում եւ չեմ օգտագործում, ինչո՞ւ եմ չաղանում: Երբ խնդրում ես կազմել իրենց օրվա սննդակարգը եւ հաշվարկում կալորիականությունը, ստացվում է, որ լավ էլ ուտում են»:
Շատերը դիետա բառը լսելով՝ այն միանգամայն սխալ են ընկալում: Այնինչ՝ դիետան ճիշտ սննդակարգն է, ոչ թե սովը: Ըստ Վ. Պետրոսյանի. «Դա նշանակում է, որ չպետք է առավոտվանից երեկո սոված մնալ, տարվել աշխատանքով եւ երեկոյան լավ ուտել՝ լրացնելով օրվա ընթացքում բացթողածը: Իհարկե՝ մեծ նշանակություն ունի նաեւ շարժվելը: Լավ է, որ մեր տրամադրության տակ ցանկացած պահի կան տաքսիներ, տրանսպորտ, որը կարող է մեր ուզած պահին կանգառից դուրս կանգնել, դա մեր կյանքի ռիթմն է պահանջում, բայց դա մենք անում ենք մեր առողջության հաշվին»:
Մասնագետները նշում են, երբ ընդունած սննդի կալորիականությունը չի համապատասխանում ծախսած էներգիայի քանակին, բերում է էներգիայի դիսբալանսի, ինչն էլ իր հերթին ճարպակալության պատճառ է: Իսկ ճարպակալումը հանգեցնում է նյութափոխանակության լուրջ խնդիրների:
2007 թ. վիճակագրությամբ՝ Հայաստանում բնակչության 56 տոկոսը ուներ ավելորդ քաշ եւ ճարպակալում, այդ թիվն արդեն մեծացել է: Բանախոսների հավաստիացմամբ՝ առողջապահության նախարարությունն արդեն մշակել է այս հիվանդության դեմ պայքարելու ռազմավարություն: Մի շարք զարգացած երկրներում կան համապատասխան կենտրոններ, որտեղ այցելելով՝ հիվանդները սովորում են ճիշտ սնվել եւ ֆիզիկական ճիշտ կյանքով ապրել: Իսկ նման կենտրոնը չէր խանգարի նաեւ Հայաստանին, կարծում է Բ. Բաղրամյանը՝ հավելելով. «Մի փիլիսոփա- բժիշկ ասել է՝ երկրի վիճակի մասին կարելի է դատել կառավարության եւ պետության առողջական վիճակին նայելով: Դժբախտաբար մեզ մոտ ոչ պետության, ոչ էլ բժշկության մասին որեւէ լավ բան չենք կարող ասել: Հարցրեք մեր պատգամավորներին՝ նրանք ավելի երկար ճանապարհ՝ քան իրենց մեքենայից մինչ գրասեղանը գնո՞ւմ են, թե՞ ոչ…»:
Վերջում Բ. Բաղրամյանը նախարարության ռազմավարության իրականացումը խորհուրդ տվեց սկսել կառավարության անդամներից եւ պատգամավորներից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել