Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Դարձյալ առաջինն ենք

Օգոստոս 26,2010 00:00

\"\"Այս անգամ՝ մանկական «Նոր ալիքում»

Օգոստոսի 20-22-ը Ղրիմի «Արտեկ» ճամբարում կայացած «Նոր ալիք 2010» երգի մանկական միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացրած «Ռազմիկ եւ ընկերներ» խումբը զբաղեցրել է առաջին պատվավոր հորիզոնականը՝ այն կիսելով Ուկրաինայի ներկայացուցիչ Վիկտորյա Պետրիկի հետ:
Հիշեցնենք, որ «Ռազմիկ եւ ընկերներ» խումբը մրցել է 15 կատարողների հետ, որոնք ներկայացել են 9 երկրից: Մրցույթի կազմկոմիտեն ավելի քան 5000 հայտ էր ստացել, բայց եզրափակիչ փուլ անցել էին միայն 15 լավագույնները, այդ թվում՝ մեր «Ռազմիկ եւ ընկերները»: Մրցույթը կայացել է երկու տարիքային խմբում՝ 8-12 եւ 13-15:
Երեկ փոքրիկ երգիչ, «Ռազմիկ եւ ընկերներ» խմբի մենակատար Ռազմիկ Աղաջանյանն իր ընկերների՝ Ռոբերտ Սիմոնյանի, Ստեփան Թարոյանի եւ Դավիթ Գեւորգյանի հետ «Ուրբաթ» ակումբում հանդիպեց լրագրողների հետ:
Խմբի պրոդյուսեր եւ ղեկավար Միքայել Մարգարյանն ասաց, որ Հայաստանն առաջին տեղը զբաղեցրել է 13-15 տարեկանների խմբում. «Մրցույթի բոլոր մասնակիցներից առավելագույն միավորը հավաքել է «Ռազմիկ եւ ընկերները»: Թեեւ մենք կիսել ենք այն Ուկրաինայի ներկայացուցչի հետ, սակայն երջանիկ ենք, քանի որ ուկրաինուհին եւս տաղանդավոր է»: Ռազմիկի խոսքով, մրցույթի ժամանակ իրենց անընդհատ հարցրել են՝ կցանկանա՞ն առաջին տեղը զբաղեցնել: Ինքն էլ պատասխանել է՝ «կցանկանայի առաջին մրցանակային տեղը կիսել Վիկտորյա Պետրիկի հետ»:
Ռազմիկը պատմեց, որ մրցույթը բարդ էր, բայց արդարացի. «Թեեւ մրցույթից առաջ մտավախություն եւ հուզմունք ունեինք, սակայն երբ բարձրացանք բեմ՝ ամեն ինչ անհետացավ: Հանդիսատեսը մեզ վստահություն ներշնչեց»:
Հայաստանը մանկական «Նոր ալիքում» ներկայացավ երկու՝ Մայքլ Ջեքսոնի «Black & White» եւ Ֆրեդի Մերկուրիի «We will rock you» կատարումներով:
Ըստ Մ. Մարգարյանի, երկու կատարումներն էլ հանդիսատեսի կողմից բուռն ծափահարությունների արժանացան, ժյուրիի կողմից էլ՝ բարձրագույն միավորների. «Փորձերի ընթացքում մի միջադեպ եղավ մեր կատարման հետ կապված. Մայքլ Ջեքսոնի երգի մեջ մի հատվածում սինթեզի փոխարեն զուռնա ենք հնչեցրել: Ժյուրիի անդամներից մեկին թվաց, թե դա սինթեզ է եւ խնդրեց այդ հատվածը հանել: Մյուս անդամը, որ հայաստանյան նախընտրական փուլում լսել էր այդ հատվածը, եւ նրան դա գրավել էր՝ կոլեգային խնդրեց, որ նման բան չպահանջի»:
«Ռազմիկ եւ ընկերներ» խումբը, բացի պատվոգրից, նաեւ նվերներ է ստացել՝ «մինի ստուդիա», 4 պրոֆեսիոնալ միկրոֆոն եւ հաջորդ տարվա մեծերի եւ փոքրերի «Նոր ալիքի» համերգների եւ միջոցառումների անհատական անվանական հրավիրատոմսեր եւ ուղեւորության տոմսեր:
«Ռազմիկ եւ ընկերները» ձեւավորվել է մեկ տարի առաջ: Խմբի կազմում հանդես են գալիս Ռազմիկ Աղաջանյանը, Ռոբերտը՝ բաս կիթառ, Ստեփանը՝ սոլո կիթառ, եւ Դավիթը՝ հարվածային գործիքներ: Ի դեպ, Դավիթը երգահան Արա Գեւորգյանի որդին է:
Կոմպյուտերային խաղերով, յոգայով եւ երաժշտությամբ տարված պատանիները լրագրողների հետ զրույցում ասացին, որ ցանկություն ունեն մասնակցելու նոյեմբերի 20-ին Մինսկում կայանալիք մանկական «Եվրատեսիլ 2010»-ին եւս: «Մենք պատրաստվում ենք մասնակցել սեպտեմբերի 5-ին կայանալիք մանկական «Եվրատեսիլի» հայաստանյան նախընտրական փուլին: Ներկայացնելու ենք իմ գրած «Որ լինի» երգը: Այն պատմում է երազանքների մասին: Երգը երազանք է, խնդրանք, պահանջ: Մենք դիմում ենք աշխարհի նախագահներին, որ խաղաղություն ապահովեն: Հուսով եմ՝ հաջողությունների կհասնենք եւ իմ երգը կընդունվի հանդիսատեսի կողմից»,- հավելեց խմբի մեներգիչը: Ինչ վերաբերում է մանկական «Նոր ալիքում» Հայաստանը ներկայացրած Վլադիմիր Արզումանյանին՝ «VOV 1» բեմական անվամբ, նա էլ զբաղեցրել է երրորդ հորիզոնականը՝ 8-12 տարեկանների խմբում: «Ռազմիկ եւ ընկերները» երաժշտական համույթի պրոդյուսեր Միքայել Մարգարյանի գնահատմամբ, Վլադիմիրը արժանի էր երկրորդ տեղին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել