Ինչպեսեւ կանխատեսել էինք «Առավոտի» նախորդ համարներից մեկում, Սինգապուրում ընթացող պատանիների անդրանիկ ամառային օլիմպիական խաղերում վանաձորցի ձյուդոիստ, մինչեւ 66 կգ քաշային Դավիթ Ղազարյանի նվաճած բրոնզե մեդալից հետո Հայաստանի պատվիրակության համար նոր պարգեւներ նվաճելու լիմիտը սպառվեց:
ՀԱՕԿ-ի լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ մեր պատանի օլիմպիականներն արդեն ավարտել են մրցելույթները: Նրանցից վերջինն ասպարեզ մտել են հրաձիգ Ռոմիկ Վարդումյանն ու թիավարորդ Էդգար Բաբայանը: Ռոմիկը օդամղիչ ատրճանակ՝ 10 մետր, մրցաձեւում 20 մասնակիցների մեջ 563 միավորով գրավել է 10-րդ տեղը, իսկ Էդգարը կանոեի սլալոմում պայքարը եզրափակել է 8-րդ հորիզոնականում (մասնակցել է 14 թիավարորդ):
Թե ընդհանուր թիմային հաշվարկում Հայաստանի օլիմպիական հավաքականն իր մեկ արծաթե եւ երեք բրոնզե մեդալներով ո՞ր տեղն է գրավել, հայտնի կդառնա միայն մրցումների ավարտից հետո:
Հիշեցնենք այն մարզիկների անունները, որոնք դարձան պատանեկան առաջին օլիմպիական խաղերի մրցանակակիր:
Ծանրամարտ
Արծաթ՝ Գոռ Մինասյան, +85 կգ քաշային կարգ, 160+190=350 կգ:
Բրոնզ՝ Սմբատ Մարգարյան, 56 կգ, 108+149=243 կգ:
Ազատ ոճի ըմբշամարտ
Բրոնզ՝ Արտակ Հովհաննիսյան, 46 կգ:
Ձյուդո
Բրոնզ՝ Դավիթ Ղազարյան, 66 կգ: