Լրահոս
Օրվա լրահոսը

Ավարտվեց համահայկական շախմատային օլիմպիադան

Օգոստոս 26,2010 00:00

\"\"

Երեւանում ավարտվեց համահայկական շախմատային օլիմպիադան, որին, բացի Հայաստանի ներկայացուցիչներից, մասնակցեցին Ռուսաստանից, Բրազիլիայից, Վրաստանից, Ուկրաինայից, Չեխիայից, Բելառուսից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Լիբանանից, Ուզբեկստանից եւ Իրանից ժամանած 40 հայ շախմատիստներ: Մրցաշարը բավականին ներկայացուցչական էր՝ մեր հայրենակիցներից 12-ը կրում է գրոսմայստերի կոչում:
Տղամարդկանց անհատական պայքարում ՖԻԴԵ-ի վարպետ Պողոս Նահապետյանը (Ռուսաստան), Տիգրան Պետրոսյանը (Հայաստան) եւ Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը (Բրազիլիա) 9,0 հնարավորից վաստակելով 6,5-ական միավոր՝ բաժանեցին 1-3-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով առաջին մրցանակը շնորհվեց Նահապետյանին:
Կանանց մրցակցությունում լավագույն արդյունքը՝ 5,0 միավոր, ցույց տվեց Ուկրաինայից եկած գրոսմայստեր Դիանա Հարությունյանը: Նույն ցուցանիշով երկրորդ մրցանակակիր դարձավ ՖԻԴԵ-ի վարպետ, ամերիկացի Տաթեւ Աբրահամյանը: Իսկ մրցանակակիրների եռյակը 4,5 միավորով եզրափակեց միջազգային վարպետ Սիրանուշ Անդրիասյանը (Հայաստան), որը լրացուցիչ ցուցանիշներով շրջանցեց ԱՄՆ-ն ներկայացնող Կատերինա Ռոհոյանին:
Թիմային պայքարում 21 միավորով առաջինը ճանաչվեց ԱՊՀ-ի հավաքականը՝ Հարությունյան, Հայրապետյան, Պողոսյան, Դոլուխանովա կազմով: Նույն ցուցանիշով մրցաշարային աղյուսակում նրան հաջորդեց Երեւանի ընտրանին (Տ. Պետրոսյան, Քոթանջյան, Ա. Պետրոսյան, Հայրապետյան): 19-ական միավոր վաստակած Եվրոպայի եւ Հայաստանի հավաքականներից երրորդը ճանաչվեց «Եվրոպան»:
ArmChess.am-ը տեղեկացնում է, որ Համահայկական շախմատային օլիմպիադայում մասնակիցներից մի քանիսը նաեւ միջազգային նորմաներ են հաղթահարել: Մասնավորապես, Տաթեւ Աբրահամյանը լրացրել է կանանց գրոսմայստերի, Դիանա Հարությունյանը՝ տղամարդկանց միջազգային վարպետի, Պողոս Նահապետյանը, Մանուել Պետրոսյանը եւ Հովիկ Հայրապետյանը՝ միջազգային վարպետի նորմա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել