Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱՄՎԵԼ ԽԱՉԱՏՐՅԱՆ. «ԿԱ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ԿԱ ՆԱԵՎ ԱՐԴՅՈՒՆՔ»

Օգոստոս 26,2010 00:00

\"\"ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը Սինգապուրից արդեն վերադարձել է: Երեկ «Առավոտը» պատանեկան անդրանիկ օլիմպիական խաղերում մեր մարզիկների մրցելույթների ընդհանուր գնահատականը լսելու նպատակով զրուցեց նրա հետ:
– Չորս մեդալ, որոնցից մեկն՝ արծաթե, երեքը՝ բրոնզե եւ միջին տեղեր: Արդյունքը մարզական ղեկավարությանը բավարարո՞ւմ է:
– Ես ընդհանուր առմամբ ցուցանիշները համարում եմ բավարարից բարձր, կարելի է ասել՝ լավ: Պատանեկան այս առաջին օլիմպիական խաղերում մենք ունեինք 14 մասնակից, որոնց գրեթե կեսը Խաղերին մասնակցում էր, այսպես կոչված, «սպիտակ քարտով»: Օլիմպիական ուղեգիր իրենց քրտինքով վաստակել էին մեր երկու ծանրորդները եւ ըմբիշները, ձյուդոիստը, նետաձիգը, մարմնամարզիկը եւ հրաձիգը: Այնպես որ, մեր հույսերը կապված էին հենց վերջինների հետ, որոնք բոլորն էլ, բացի հրաձիգից, լավ հանդես եկան, չնայած բոլորը չէ, որ մեդալ բերեցին:
– Առանձին-առանձին համառոտ կբնութագրե՞ք:
– Ազատ ոճային մեր ըմբիշը պարզապես գերազանց մասնակցեց՝ արժանանալով բրոնզե պարգեւի, իսկ հունահռոմեական ոճի ներկայացուցիչը գրավեց 5-րդ տեղը: Հիացած եմ մեր մարմնամարզիկով, որը բազմամարտում կարողացավ մտնել եզրափակիչ եւ, ի վերջո, գրավեց ութերորդ տեղը: Սա մեր սպորտային մարմնամարզության մեջ հսկայական առաջընթաց եմ համարում: Գոհ եմ նաեւ նետաձիգի ընդհանուր մրցելույթից: Վերջին երկու մարզաձեւերը երկար տարիներ միջազգային ասպարեզում ստվերում էին գտնվում, իսկ ահա Սինգապուրում նշանակալի առաջընթաց գրանցեցին, ինչը կատարված ճիշտ ու հետեւողական աշխատանքի արդյունք է: Իսկ ինչ վերաբերում է Հայաստանում հենակետային համարվող մարզաձեւերի մեր մյուս ներկայացուցիչներին, այն իրողությունը, որ մեդալ նվաճեցին հենց նրանք, արդեն ամեն ինչ ասում է:
– Ուզում եք ասել, որ ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների փոխչեմպիոն Սմբատ Մարգարյանի երրորդ տեղից գո՞հ եք:
– Նա պիտի կանգներ պատվո պատվանդանի առաջին աստիճանին: Մարզական ցուցանիշների առումով դժգոհ եմ: Բայց նկատի ունենալով Սինգապուրում նրա քաշ գցելու հետ կապված դժվարությունները՝ չեմ ուզում խիստ լինել: Սինգապուրում, որտեղ անտանելի շոգ ու խոնավ կլիմա էր, դա նրա համար տաժանակիր պրոցես էր: Չէր օգնում նույնիսկ շոգեբաղնիքը: Չեք հավատա. մենք, որ շոգից նիհարում էինք, Սմբատի՝ քաշ գցող օրգանիզմի համար հակառակն էր ընթանում: Բերեմ օրինակ: Ավանում նրան կշել ենք՝ եղել է 56,07 կգ: Իսկ մինչեւ մրցավայր հասնելը՝ այդ ամբողջ ընթացքում նա եղել է իմ կողքին, քաշը դարձել է 56,240 կգ: Պատկերացրեք (չիմացողները երեւակայել անգամ չեն կարող), որ կշեռքից առաջ ավելացող վերջին 50 գրամի համար անգամ հարկադրված էինք նրա մազերը խուզել: Այսքանից հետո արդեն բուն մրցման ժամանակ, երբ պոկումից հետո Սմբատը երրորդն էր, բայց էլի շարունակելու էր պայքարել ոսկե մեդալի համար, մարզիչ Էդուարդ Կիզողյանը որոշեց հրում վարժությունն սկսել 135 կգ-ից, որպեսզի ապահովագրի առնվազն երրորդ տեղը: Դրանից հետո Սմբատը երկու անգամ 149 կգ ծանրաձողը բարձրացրեց կրծքին, բայց «վերեւում» ձախողեց: Նա մարզումների ժամանակ սանձում էր 150 կգ-ն: Ինչ վերաբերում է Գոռ Մինասյանին, դեռ 16 տարին չբոլորած այս պատանի Հերկուլեսը, որը միջազգային մրցումների փորձ չունի, Սինգապուրում ոչ միայն ցույց տվեց մեր լավագույն արդյունքը, այլեւ իր անձնական ցուցանիշները պոկում, հրում վարժություններում ավելացրեց 5-ական, իսկ երկամարտում՝ ամբողջ 10 կիլոգրամով: Այսքանից հետո դուք ի՞նչ գնահատական կտայիք նրան, անգամ այն դեպքում, որ նա չեմպիոնությունը ձեռքից բաց թողեց ընդամենը 1 կգ-ի պատճառով:
– Փաստորեն, Սինգապուրում մեր բոլոր մարզաձեւերը, հատկապես վերջին տարիներին կորած համարվող, մարզական ցուցանիշներով մեծ առաջընթաց են գրանցել: Դա ինչպե՞ս հնարավոր եղավ:
– Ուշադրության, գործնական եւ ճիշտ կազմակերպված աշխատանքի շնորհիվ: Չգիտեմ, թե ով ի՞նչ կասի, բայց իրականությունը չասել չեմ կարող: Պատանեկան խաղերի նախապատրաստության ամբողջ ընթացքը ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը վերցրել էր իր անձնական հսկողության ներքո: Բոլոր մարզաձեւերի ներկայացուցիչների համար արդեն քանի ամիս նա կազմակերպում էր լիարժեք ուսումնամարզական հավաքներ, որոնց ընթացքում՝ լիներ օլիմպիական կոմիտեի, թե իր անձնական միջոցների հաշվին, բոլոր խնդիրները լուծվում էին ժամանակին ու ամենաբարձր մակարդակով: Միայն այն, որ բոլոր մարզաձեւերն ապահովվել են անհրաժեշտ գույքով, հավաքների ժամանակ՝ լավագույն պայմաններով, սննդով, սպորտային բժշկության մեջ՝ վիտամինների ու վերականգնիչների վերջին խոսք համարվող պրեպարատներով, արդեն իսկ բավարար է: Ասեմ ավելին: Սինգապուր մեկնելու ճանապարհին Էմիրաթների մեր չվերթը հետաձգվեց շուրջ հինգ ժամ: Դրա հետեւանքով Դուբայի օդանավակայանում պետք է մնայինք եւս 9 ժամ: Մինչ մտածում էինք, թե ինչ պետք է անենք, Դուբայ վայրէջքից անմիջապես հետո տեղի օդանավակայանի VIP սրահի պատասխանատուները մտան օդանավ եւ խնդրեցին Հայաստանի պատվիրակության 29 անդամներին հետեւել իրենց: Հատուկ ավտոբուսով մեզ տարան VIP սրահ ու այդ ամբողջ ընթացքում բոլորիս, այդ թվում՝ նաեւ մարզիկներին, ապահովեցին լավագույն պայմաններով՝ սկսած սննդից, մինչեւ հանգստանալու իդեալական պայմանները: Հետո իմացանք, որ այդ ամենը Երեւանից կազմակերպել էր պարոն Ծառուկյանը:
– Սեպտեմբերին Անթալիայում անցկացվելու է ծանրամարտի աշխարհի առաջնությունը, որտեղ մասնակիցները մեդալներից բացի՝ պայքարելու են օլիմպիական վարկանիշային միավորներ ձեռք բերելու համար: Մեր հավաքականները այս պահին ինչո՞վ են զբաղված:
– Արդեն երեք ամսից ավելի է, ինչ ֆեդերացիայի եւ կրկին ՀԱՕԿ-ի համագործակցությամբ ուսումնամարզական հավաքների մեջ ենք: Նախապատրաստությունն ընթանում է իր հունով:
– Մարզասերները մեդալներ սպասե՞ն, թե՞…
– Մեկից ավելի մեդալ անպայման ունենալու ենք: Այ, գույնի մասին առայժմ չեմ խոսի: Թուրքիայում մեր եռագույնը բարձրացնելը թեեւ պատվաբեր է, բայց մտածում ենք նաեւ Հայաստանի օրհներգը հնչեցնելու մասին: Իսկ դա լինում է միայն չեմպիոն տված երկրի պատվին: Եկեք, ինչպես ասում են, Աստծուց առաջ չընկնենք: Քիչ մնաց:
– Մելինեն ու Առաքելը վնասվածքի պատճառով չեն մեկնում Անթալիա: Մյուսների վիճակն ինչպե՞ս է:
– Ընդհանուր առմամբ՝ նորմալ, եթե հաշվի չառնենք այն, որ մարզիչները գերծանր քաշային Ռուբեն Ալեքսանյանին ուսը ցավեցնելու պատճառով նույնպես հանել են հիմնական կազմից:
– Այսինքն՝ աշխարհի առաջնություն գնում ենք, պարզապես, մասնակցելո՞ւ համար:
– Ես նման բան չեմ ասել: Ավելին, խոսել եմ մեդալներից ու չեմ բացառել նաեւ ոսկին: Պարզապես, հիմա մենք հասել ենք նրան, որ անգամ առաջատարների չնախատեսված կորստի դեպքում նրանց լիարժեք փոխարինողներ ունենք: Պարտադիր չէ, որ նա նույն քաշային կարգը ներկայացնի: Ռուբենի փոխարեն մարզիչներն Անթալիա կտանեն մեկ ուրիշ քաշային ծանրորդի, որը նույնպես մրցահարթակում լիովին ի վիճակի է պայքարել մեդալի եւ վարկանիշային միավորի համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել