Վերջին շրջանում համառ են լուրերը, թե սեպտեմբերի վերջին մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հրաժեշտ է տալու իր պաշտոնին: Նույնիսկ նոր նախարարի թեկնածությունների անուններ են շրջանառվում, այդ թվում՝ Երեւանի պետկոնսերվատորիայի պրոֆեսոր, Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի տնօրեն, ՀՀ վաստակավոր ուսուցիչ, «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Տիգրան Հեքեքյանի անունը: Ի դեպ, այդ անունը միշտ էլ եղել է «նախարարափոխություններից» առաջ:
Պատասխանելով «Առավոտի» հարցին՝ մաեստրոն ասաց, որ ինքը գերադասում է զբաղվել արվեստով եւ գտնում է, որ այս բնագավառում իր ուժերի ընդամենը 5-10%-ն է օգտագործվում. «Եթե մի բան էլ անում եմ արվեստից դուրս, դա հասարակական հիմունքներով աշխատանքի է հավասարազոր: Ես այդ աշխատանքը կատարում եմ այն համոզումով, որ փոքրերին կրթելով, որակյալ մասնագետ, կարգին մարդ ու նվիրված քաղաքացի դաստիարակելով միայն կարելի է այս երկրում ինչ-որ բան փոխել»: