Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Կա՛ դիվանագիտական խաղի էլեմենտ»

Օգոստոս 26,2010 00:00

Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվելիք պատարագի մասին ասում է ռեժիսոր Ռուբեն Բաբայանը ու խորհուրդ տալիս հայերին էլ դիվանագետ լինել:

Երեկ «Հայելի» ակումբում Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում սեպտեմբերի 19-ին մատուցվելիք պատարագին մասնակցել-չմասնակցելու մասին բանավիճեցին Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը եւ դրամատուրգ, հրապարակախոս Կարինե Խոդիկյանը: Վերջինս կտրականապես դեմ է հայերի՝ այդ պատարագին ներկա լինելուն, որովհետեւ, իր խոսքով՝ 182 տարվա կռիվ ունի թուրքերի հետ, քանի որ իրեն վիրավորել եւ մինչ այժմ կես բերան ներողություն չեն հայտնել, իսկ Սուրբ Խաչը վերականգնել են որպես թանգարան եւ ոչ՝ եկեղեցի: Նա սխալ է համարում նաեւ մի քանի տարի առաջ Սուրբ Խաչի բացման ժամանակ Հայաստանից լուրջ պատվիրակության ներկա լինելը եւ գտնում է, որ այժմ նույն սխալը շարունակվում է. «Չեմ ուզում սխալների այս կոմեդիային մասնակից լինել, որովհետեւ այդ շոուն թուրքական հերթական դիվանագիտության հաղթանակն է եւ Հայաստանի հերթական բարոյական պարտությունը»:
Ռեժիսոր Ռ. Բաբայանը դեմ չէ պատարագին մասնակցելուն. «Պետք չէ սա դարձնել մի նոր հնարավորություն՝ իրար դեմ թշնամանալու: Մենք, կարծես թե, մշտապես նման առիթ ենք ման գալիս, որպեսզի իրար մեղադրենք դավաճանության, անխելքության մեջ»: Ըստ ռեժիսորի՝ այսօր հայաստանաբնակներս հաշվի չենք առնում թուրքահայության կարծիքը. «Նրանք մեր կողմից արհամարհված են, բայց այն միակ համայնքն է, որ ապրում է իր հայրենիքում, կարծում եմ՝ նրանք շատ կուզենան, որ այդ օրը մենք իրենց կողքին լինենք: Այսօր խոսում ու փառաբանում ենք Հրանտ Դինքին, բայց համոզված եմ, որ այդ վայ-հայրենասերների 99%-ը չի կարդացել Դինքին, որովհետեւ ազգայնականության, ազգայնամոլության հետ Դինքը ոչ մի կապ չուներ: Նա այն սոխակներից էր, որ փորձում էր երկու երկրների հարաբերությունները դասավորել ճիշտ ձեւով: Վերջերս Գյուլը նրան կոչեց ինտելեկտուալ անունով, այո՛, Դինքը կարող էր դուրս գալ ինչ-որ կարծիքի դեմ, մինչդեռ մեզ մոտ որեւէ կարծիքի դեմ գնալը համարվում է կամ ընդդիմության, կամ իշխանության կարծիքին դեմ դուրս գալ: Կարելի է պարզապես դուրս գալ մեծամասնության կարծիքի դեմ, մտավորականը այդ մարդն է, որ ունի առանձին կարծիք, եւ որը չի համընկնում մեծամասնության կարծիքի հետ»: Հաճախ շահարկվող մտահոգությանը, թե պատարագն ընդամենը շոու է, Ռ. Բաբայանն այսպես է արձագանքում. «Իհարկե, այդտեղ կա դիվանագիտական խաղի էլեմենտ, բայց մենք հաճախ խուսափում ենք դիվանագիտությունից, հետո ասում՝ տեսե՞ք՝ թուրքերն ի՜նչ լավ դիվանագետներ են, իսկ ինչո՞ւ Շուշիում չենք վերականգնում եւ նույն կարգավիճակի չենք բերում ադրբեջանական եւ պարսկական մզկիթները, դարձնում թանգարան եւ տարեկան մեկ անգամ նրանց հրավիրում այնտեղ: Չէ՞ որ սա՛ է քայլը: Եթե մտնում ենք այս աշխարհի մեջ, որն ունի որոշակի խաղի կանոններ, կա՛մ խաղում ենք այդ խաղի կանոններով, կամ ասում՝ մենք պետություն չենք, համայնք ենք, նստենք, մեր ազգային դրոշը բարձրացնենք ու կոշկակարի կրպակում Սեւրի պայմանագրով հրճվենք»: Կ. Խոդիկյանն էլ հակադարձում է. «Տեսանք, թե ինչի բերեց երկու տարի առաջ սկսված, ծափ ու ծիծաղով մկրտված նախաձեռնողական քաղաքականությունը: Կուզենայի գտնել այն լավատեսին, որ ասեր՝ մոտակա ժամանակներում սահման կբացվի, մեզնից մնաց այն գոլը եւ այն անհասկանալի ոգեւորությունը, որ նկատվեց էկրանի վրա: Սա նույնի շարունակությունն է, երբ թվում է՝ փորձում ենք դիվանագիտություն խաղալ, բայց ընդամենը հզոր, խելացի հակառակորդի կողմից տրված խաղի մասնակից ենք դառնում՝ նախապես իմանալով, որ խաղդ տարված է»: Ռ. Բաբայանն էլ կարծում է. «Հայերս հաճախ խոսում ենք, թե ինչ չենք ուզում անել, բայց թե ի՞նչ ենք ուզում՝ չգիտենք: Չգիտենք՝ ինչի՞ ենք հետ ուզում մեր հողերը, որովհետեւ հողերն ուզում են ապրելու եւ ոչ քարտեզ գծելու համար, ինչքան ուզում են՝ թող մեզ հետ խաղ անեն, ես ուզում եմ՝ գնալ ու աղոթել»:
Կ. Խոդիկյանը ցանկացավ լրագրողների ներկայությամբ «գրազ գալ». «Սուրբ Խաչի վրա խաչ չի դրվի, իսկ ուխտավորների համար մանղալատիպ բաներ շարած կլինեն ու կստիպեն, որ ժողովուրդը մոմ վառի: Սա նորից այն քաղաքականությունն է, որտեղ մենք անգամ մասնակից չենք, այլ՝ խղճուկ դերակատար, որին դեր են տվել, իսկ Թուրքիան սրանից հետո կասի, որ իր նման բացսիրտ, լայնախոհ պետություն չկա»: Ռ. Բաբայանը համոզված է՝ «եթե վաղը թուրքերը պայթեցնեն Աղթամարը, հայերը կասեն. բա որ ասում էինք՝ բարբարոս են… հանգստացանք, 15 տարվա կռիվ ունենք…»: Խոդիկյանն էլ ի պատասխան սրան ասաց. «Այսքան թույլ, երկփեղկված վիճակում ենք, սովորական քաղաքացիները երկրիցդ փախչում են, զզվում են ու դա չեն թաքցնում: Ու այս վիճակում ուզում ես քաղաքականությո՞ւն խաղալ մի երկրի հետ, որը հզոր է եւ միայն Հայաստանի նման երկրին չէ, որ ծալել, դրել է գրպանը ու հիմա սկսել է մի խաղ, որը մկան համար մահ է»: Ռ. Բաբայանն էլ այսպես պատասխանեց. «Մենք այսօր ի՞նչ կռիվ ունենք թուրքերի հետ, եթե մեր ամբողջ ազգն է թուրքացած, Թուրքիայի մշակույթով ենք ապրում ու ամենաահավորն այն է, որ ով ավելի շատ է ապրում այդ մշակույթով, ավելի ազգայնական է, ամբողջ օրը ռաբիս է լսում, հետո դուրս գալիս՝ Թուրքիային բան ասում»: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել