Ֆիլիպինների ոստիկանության չորս սպա, որ պատասխանատու են եղել Մանիլայում պատանդներով լի ավտոբուսը գրոհով վերցնելու համար, ժամանակավորապես ազատվել են իրենց զբաղեցրած պաշտոնից՝ հոնկոնգցի ութ զբոսաշրջիկների մահվան փաստի առնչությամբ սկսված հետաքննության վրա ազդեցություն չգործելու պատճառաբանությամբ: Lenta.ru-ի մատուցմամբ, ծառայությունից հեռացված սպաները գլխավորել են հատուկ նշանակության ջոկատի 200 մարտիկներից բաղկացած գրոհային խումբը, որն օգոստոսի 24-ին փորձել էր ազատել ոստիկանության նախկին աշխատակից, 55-ամյա Ռոնալդո Մենդոզայի կողմից պատանդ պահվող 25 զբոսաշրջիկներին: Ավտոբուսի գրոհի ժամանակ պատանդներից ութին Մենդոզան սպանել էր, եղել էին նաեւ ծանր վիրավորներ: Մենդոզան սպանվել էր դիպուկահարի կողմից: Մանիլայի ոստիկանապետը խոստովանել է, որ գրոհը ծայրաստիճան անհաջող է եղել ոչ միայն ոստիկանների պատրաստվածության, այլեւ տեխնիկական հագեցվածության անբավարար լինելու պատճառով: