Բեյրութում իշխանության համար մրցակցություն ծավալած սունիների եւ շիաների միջեւ ծայր առած բախումների արդյունքում երեք մարդ է զոհվել: Նախնական տվյալներով, նրանց թվում է նաեւ «Հըզբոլլա» խմբավորման բարձրաստիճան մի ներկայացուցիչ:
Բուրջ Աբի Հայդար բնակելի շրջանում կողմերի միջեւ փոխհրաձգությունը սկսվել է երեքշաբթի երեկոյան եւ ընդգրկել է մայրաքաղաքի այլ շրջաններ եւս: Հաղորդվում է նաեւ վիրավորների մասին, որոնց թիվը, սակայն, դեռ ճշգրտման կարիք ունի: Դիտորդները մտահոգություն ունեն, որ 2005թ.- ին Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանության առնչությամբ շիաների «Հըզբոլլա» շարժման որոշ անդամների նկատմամբ հնարավոր մեղադրանքներ առաջադրելը կմեծացնի տարածաշրջանում առկա լարվածությունը:
Շարժման առաջնորդ Հասսան Նասրալլին հերքել է Հարիրիի սպանությանը «Հըզբոլլայի» առնչությունը եւ մեղադրանքներ առաջադրելու հնարավորությունը բացատրել է բացառապես «քաղաքական շարժառիթներով»:
APA-ի մատուցմամբ, չորեքշաբթի լույս գիշերը Լիբանանի բանակային ստորաբաժանումները շրջափակել են Բեյրութի մահմեդական՝ շիաներով եւ սունիներով բնակեցված թաղամասերը, սակայն մի կողմից՝ շիաների «Ամալ» եւ «Հըզբոլլա», մյուս կողմից՝ սունիների «Ալ-Ահբաշ» արմատական ցանցի կողմնակիցների միջեւ բախումները շարունակվում են:
Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանն ու խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերրին հակամարտող կողմերին հակադրությունն անհապաղ դադարեցնելու կոչ են արել: 2008թ. մայիսից ի վեր առաջին խոշորամասշտաբ այս բախումը սկսվել է քաղաքի մզկիթներից մեկում: Անհանգիստ իրավիճակ է տիրում նաեւ Լիբանանում պաղեստինցի փախստականների ճամբարում, որտեղ իրար հետ «հարաբերություններ են պարզում» ՀԱՄԱՍ եւ «Ֆատխ» շարժումների գրոհայինները: Նրանց տարաձայնությունների պատճառը Պաղեստինի ազատագրության կազմակերպության ղեկավարության՝ սեպտեմբերին Իսրայելի հետ ուղիղ բանակցություններ սկսելու վերաբերյալ կայացրած որոշումն է: