Լրահոս
Օրվա լրահոսը

Բանավեճի եմ հրավիրում

Օգոստոս 26,2010 00:00

Ձեռնոց՝ ԳԱԱ եւ Գիտպետկոմի նախագահներին

Երկար ժամանակ չէի հաշտվում այն մտքի հետ, թե ՀՀ ղեկավարները կարող են առաջնորդվել ոչ թե գիտակների, այլ տգետների կարծիքով: Միայն վերջերս պարզվեց, որ այդ ամենաթողության մեղավորները մարդիկ են, որոնց պետական պաշտոն տալը, մեղմ ասած՝ թյուրիմացություն է: Խոսքս այն բացահայտման մասին է, որը Հ. Կարապետյանը բերել է իր «Անհեթեթ հստակեցումներ» հոդվածում («Առավոտ», 10.08.10): Պարզվում է, որ երկրի Գիտության պետական կոմիտեն գիտության միջոցները քամուն է տալիս՝ կեղծարարություններով: Այսինքն՝ մեր երկրում գիտության առաջընթացը մի կողմից կասեցվում է ԳԱԱ նախագահի անգիտության պատճառով, մյուս կողմից՝ ԳՊԿ-ի նախագահի ֆինանսական տեռորով: Զարհուրելի է, որ տեռորն իրականացնում է ինքը՝ ԳՊԿ նախագահ Ս. Հարությունյանը, ով նաեւ ՀՀ ԳԱԱ «նախագահի» հետ մի այլ հանցածին ծրագիր է կոտրում մեր գիտության եւ երկրի գլխին: Ծրագրի նպատակը նույնն է՝ ցանկացած գնով ՀՀ ԳԱԱ-ն դարձնել անորակ կադրերի բուծարան, իսկ երկիրը՝ գլորել տգիտության անդունդ (Lragir. am, 26.01.2010, «ԳԱԱ, թե՞ կրկեսի հրապարակ»): Ցավոք, Հայաստանում գիտելիքի նորույթի արժեքը կամ ճիշտն ու սխալը որոշվում է ոչ թե գիտական եղանակով, այլ (ամոթ է ասելը) բացահայտ տգետների ու կեղծարարների քմահաճույքով: Այսինքն՝ ՀՀ ԳԱԱ եւ Գիտպետկոմի խավարամոլ նախագահները հավաստի են համարում իրենց ընտրած «փորձագետների» կարծիքները, բայց ոչ հազարավոր փորձերով հավաստվող փաստերը: Նրանք՝ իրենց այդ կեղծարարությանը (հանցագործությանը) մասնակից են դարձրել շատերին (երեւում է՝ շահութաբեր եւ անվտանգ գործ է), այդ թվում՝ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության անդամներին: Այլապես ինչո՞վ բացատրել այն փաստը, որ նրանք նույնիսկ չեն գրանցել իմ այն նամակը, որում բացահայտել եմ, թե ինչպես են ԳԱԱ եւ ԳՊԿ նախագահները շանտաժներով ու կեղծիքներով տգիտություն սերմանում մեր (ի դեպ՝ ակադեմիական) ինստիտուտում: Մի՞թե նույն հանցավոր անտարբերությունը չէ պատճառը, որ մեր երկրում չտեսնելու են տալիս լրատվամիջոցներում արծարծված համարյա բոլոր մտահոգությունները:
Ես «խելոք» կոչվածներին բանավեճի եմ հրավիրում: Եթե գիտելիք ունեն, թող գան եւ ցույց տան-համոզեն նվաստիս՝ մարդիկ էլ տեսնեն, թե ինչպես են այն անճարակները, ովքեր քոծություն են անում օտարների մոտ, կարող են մրցունակ գիտելիքներ ծնել եւ ոչ թե քոծատիրոջ գաղափարի արգասիքը ներկայացնել որպես իրենց խելքի արգասիք՝ ցանկացած հեռուստաալիքում, թերթում կամ որեւէ բուհի դահլիճում: Կուզեն՝ հայերեն, կուզեն՝ ռուսերեն: Կուզեն՝ թող թիմով գան, կուզեն՝ մենակ: Միայն թե՝ գան, մարդիկ էլ տեսնեն, թե ովքեր, ինչպիսի գիտելիքներով եւ կեղծիքներով են պայքարում մեր գիտության ու երկրի առաջընթացի դեմ: Այդ հանդիպումը օգտակար կլինի նաեւ ԿԳ նախարարի համար: Նախ՝ անձամբ կտեսնի, թե ինչպես են թերուսները կեղծել այն փաստերը, որոնք հազարավոր փորձերի արդյունքներ են: Հետո էլ՝ կօգնի ազատվելու ԿԳ համակարգում պատահաբար հայտնված բոլոր դեկորատիվ գիտնականներից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել