Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՎԱՌԵԼՈՒ ՏԱՍԸ ՊԱՏՃԱՌ»

Օգոստոս 26,2010 00:00

Կամ ուսանողական կյանքը՝ ԵՊՀ ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանողական բլոգում

\"\"

ԵՊՀ ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանողական բլոգի հասցեն է www.kirarakan.info: Հայաստանում բլոգներ ստեղծելու եւ վարելու մշակույթը ձեւավորվել է վերջին տարիներին, մինչդեռ արտասահմանում հատկապես ուսանողական ակցիաները կազմակերպվում են բլոգների միջոցով ինֆորմացիայի տարածման արդյունքում: Օրինակ՝ երբ տարիներ առաջ Ֆրանսիայում ուսանողներն աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների հետ կապված մեծ բողոքի ակցիա կազմակերպեցին, ակտիվ աշխատանք էր տարվում հատկապես ուսանողական բլոգների կողմից: Ըստ էության՝ ինտերնետային այդ «գործիքները» ուսանողների համախմբման, կազմակերպման, ինֆորմացիայի փոխանակման աղբյուր են: Ցավոք, հայաստանյան բուհերի մեծամասնությունը դեռ չունի ուսանողական բլոգներ: Միայն հատուկենտ ֆակուլտետներ կամ ուսանողական միավորներ ունեն իրականում գործող բլոգներ: Այսպիսիներից է www.kirarakan. info-ն: Զվարճալի, օգտակար ինֆորմացիան, երբեմն էլ «չափերն» անցնող հումորն այստեղ «ապրում» են կողք կողքի: Բլոգը բաղկացած է Express գրառումներ, ԻԿՄ նորություններ, միջոցառումներ, կիրառական հումոր եւ այլ բաժիններից: Բլոգը վարում են տարբեր ուսանողներ: Օրինակ՝ «Կիրառական հումոր» խորագրի ներքո ուսանող Դավիթ Ավետիսյանը տեղադրել է «Մաթեմատիկան առօրյայում» վերնագրով հավասարումների «ժողովածուն»: Օրինակ՝ «Ռոմանտիկայի մաթեմատիկա» ենթավերնագրի տակ տեղ են գտել այս բանաձեւերը. «Խելացի տղամարդ+խելացի կին=ռոմանտիկա»: «Խելացի տղամարդ+հիմար կին=սիրավեպ»: «Հիմար տղամարդ +խելացի կին=ամուսնություն»: «Հիմար տղամարդ+հիմար կին=հղիություն»: Իսկ ամենահաճախվող էջերի շարքում առաջին «հորիզոնականը» զբաղեցնում է «Դասախոսների բոցերը» խորագիրը: Ուսանողներն այսպիսով հրապարակային են դարձրել իրենց դասախոսների հետ տեղի ունեցած «կուրյոզները»: Օրինակ՝ Դավիթ Ավետիսյանի գրառումներում տեղադրված է դասախոս Ֆ. Հարությունյանից հետեւյալ մեջբերումը. «Ես քննությունը կարող եմ անցկացնել կամայական օր, կամայական ժամի, բացի շաբաթ եւ կիրակի օրերից եւ այն ժամերից, երբ ես զբաղված եմ»: Բ. Գրիգորյանից առանձնացված է հետեւյալ «կուրյոզը». «(Զանգը հնչելու ընթացքում) ……Էս ո՞ւր եք շտապում, զանգը հլա չի պրծել», «Շուռ արի, սուս մնա ու դուրս արի լսարանից»: Լ. Խաչատրյանի լեզվական սայթաքումները եւս տեղ են գտել բլոգում. «Ով որ լավ դասի գա, պրոբլեմ չի ունենա, իսկ ով որ չէ՝ կգնահատվի օբյեկտիվորեն»: Վ. Իսրայելյանն էլ այսպես է «ներկայացված». «Հինգ րոպե նստեք, տաս րոպեից գալիս եմ»: Վ. Միքայելյանի «բոցերից» առանձնացված է հետեւյալը. «(Ուշացած ուսանողի ներս մտնելուց հետո)……«Ներողություն, մի ուշացեք, ապրեք, նստեք»: Այսպիսի գրառումները, ինչպես միշտ, մեկնաբանվում են բազում «սմայլիկներով»: Մյուս ուսանողներն էլ իրենց առանձնացրած հումորային իրավիճակներն են նկարագրում: Օրինակ՝ Dalal կեղծանունով մի ուսանող մեջբերել է դասախոս Արաբյանից հետեւյալ արտահայտությունը. «Դասի ժամանակ էդ ձեր կոնֆետները, ծամոնները, հեռախոսներն անջատեք»: Ֆիզիկայի դասախոս Մ. Հայրապետյանի՝ դասի ընթացքում զրույցի բռնված ուսանողուհիներին արված նկատողությունը եւս տեղ է գտել բլոգում. «Աղջիկներ ջան, հերիք ա խոսեք… արդեն հոգնել եմ. տանը կնոջ ձայն, գալիս են ստեղ՝ էլի կնոջ ձայն»: Զ. Հովհաննիսյանի «կուրյոզն» էլ հետեւյալն է. «Էս ինչ շատ եք խոսում, քնեք, էլի»: Դասախոսներին չնեղացնելու համար Դավիթ Ավետիսյանը բլոգում հանդես է գալիս հետեւյալ գրառմամբ. «Հարգելի ուսանողներ, կխնդրեմ դասախոսների հանդեպ մի քիչ ավելի հարգալից լինել եւ չքննարկել նրանց թերությունները: Հետո՞ ինչ, որ մեկ-մեկ նրանց մոտ հետաքրքիր մտքեր են առաջանում»:
Գագիկ Քյուրքչյանն էլ իր գրառումներում բերում է տասը պատճառ համալսարանը վերացնելու համար: Մեջբերենք դրանցից առավել զավեշտալիները. «Համալսարանը նպաստում է անքնությանը եւ դրա հետեւանքով ուղեղի թերզարգացմանը», «Համալսարանի պատճառով տեղի են ունենում նյարդային համակարգի սուր խանգարումներ, ընդհուպ մինչեւ կատաղության նոպաներ եւ անգործունակություն», «Դասախոսների նկատողություններն ու ուսուցանվող առարկաների մեջ օգտագործվող հոգեմետ անվանումները խորը հետք են թողնում երիտասարդ ուսանողի հոգեբանության մեջ, որը հետագայում խոչընդոտում է կայուն ընտանիքի ձեւավորմանը եւ ազգի բարգավաճմանը», «Համալսարանում սովորելու ընթացքում ուսանողի մոտ երկու տարվա ընթացքում իսպառ վերանում է սովորելու եւ ընդհանրապես գիտական աշխատանքով զբաղվելու ցանկությունը», «Չստացած գնահատականների պատճառով սրվում են ուսանող-դասախոս հարաբերությունները, ինչը նպաստում է ազգի ներքին պայքարին, ցույցերի եւ քաղաքական պատերազմների առաջացմանը, դառնում երկրի տնտեսության զարգացման խոչընդոտ»: Բլոգում քննադատվում է ուսանողներից շատերի «հաճելի» ու «գրական» հայերենը: Հեգնական տոնով Դավիթ Ավետիսյանը կազմել է ուսանողների օգտագործած «քյարթու» բառերի բառարան: Օրինակ՝ բոց-արտասովոր, տարօրինակ, յուրահատուկ, դժժալ-ուժեղ ծիծաղել, աբրանք-իր կյանքի իմաստը չգտած անձնավորություն եւ այլն: Նույն բլոգեր-ուսանողը հանդես է գալիս ուսանողներին ուղղված կոչով՝ կիրառականի սեղանները չկեղտոտել ու չփչացնել անտաղանդ «ստեղծագործություններով»: Բլոգի «դռները» բաց են նաեւ մյուս ուսանողների համար, եթե, իհարկե, նրանք անկաշկանդ, բայց էթիկայի սահմաններում արտահայտվելու համարձակություն ունենան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել