Բաց նամակ ՀՀ պաշտոնյաներին եւ հայոց պատմական ժառանգությամբ մտահոգ բոլոր մտավորականներին:
Մեծարգո այրեր, հարգարժան մտավորականներ.
Թուրքիայի ազգագրության եւ հնագիտության ինստիտուտը այսօր պեղումներ է իրականացնում հայոց հնամենի մայրաքաղաք Վանի միջնաբերդում: Մ.թ.ա. 835-824թթ. Սարդուրի 1-ին թագավորի կողմից հիմնադրված Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Տոսպ գավառի երբեմնի հայաբնակ՝ (1914թ. Վանի եկեղեցական ծխական մատյանի վկայությամբ 34 հազար հայ է բնակվել), շեն ու բազմարվեստ մայրաքաղաքը 1915թ. Հայոց եղեռնից հետո բռնագրավվեց թուրքերի կողմից: Ավերվեցին ու թալանվեցին Արեւմտյան Հայաստանի պատմամշակութային բոլոր արժեքները: Հիմնովին քանդվեցին նաեւ Վարագա վանքն ու շրջակա եկեղեցիները: Հիշողությունը ծանր է: Այսօր թուրքերը քրքրում են հենց այդ հիշողության արժեքի անցյալը՝ առանց ժառանգների մասնակցության: Հարկ է, որ այդ պեղումներին իրենց մասնակցությունը ցուցաբերեն նաեւ հայ եւ այլազգի գիտնականներ: Մենք՝ հայերս, գոնե թուրքերի կողմից կեղծված պատմական փաստերի ու եղելությունների պակաս չունենք եւ այս մեկն էլ բացառել չենք կարող: Չմոռանանք, որ վերջին տարիներին նրանք տարբեր լեզուներով հրատարակեցին «Ճշմարտությունը հայերի մասին» գրքույկը, որտեղ այլ մշակութային արժեքների յուրացման հետ մեկտեղ, նաեւ Ուրարտուն էին համարել իրենց նախահայրենիքը: Հարկ է հիշեցնել, որ մեր հետեւողականությունն այս խնդրում նաեւ անցյալ դարասկզբին թուրքերի կողմից իրականացված գենոցիդի գնահատականն է՝ ուղղված սերունդներին:
Միջնաբերդի պեղումների ընթացքում ընդամենը վերջերս հայտնաբերվեց Ռուսա 1-ին թագավորի կնիքը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վանի տարածքը եւ Վանը համարվում են հնագույն քաղաքակրթության ստեղծման եւ հատկապես՝ արմենոիդ տեսակի բնօրրան, գտնում եմ, որ պեղումների գտածոները ունեն ոչ միայն ազգային՝ այլեւ համամարդկային արժեք: Որպեսզի գտնված պատմական, մշակութային արժեքները մեր հարեւանների կողմից չարժանանան Նախիջեւանի խաչքարերի ճակատագրին, առաջարկում եմ Ձեր ջանքերն ու եռանդը, Ձեր միջամտությունը՝ թուրքական գիտահետազոտական խումբը համալրելու հայ եւ օտարազգի գիտնականներով այսուհետեւ ոչ միայն Վանում, այլեւ մեր պատմական հայրենիքի բոլոր տարածքներում իրականացվող հնագիտական պեղումների ժամանակ:
Մնամ սպասող Ձեր արձագանքին