Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԲ ՆՈՐԸ ԼԱՎ ՉՄՈՌԱՑՎԱԾ ՀԻՆՆ Է

Օգոստոս 26,2010 00:00

Ինչու չի հայտնվում նոր սերունդը

Ամիսներ առաջ հայտնի գործարար Բարսեղ Բեգլարյանը թերթերից մեկին տված հարցազրույցում կարծիք հայտնեց, որ նախագահ Սերժ Սարգսյանը պետք է իր շրջապատը փոխի: Փոփոխության, սերնդափոխության անհրաժեշտությունը, սակայն, ոչ միայն Սերժ Սարգսյանի շրջապատի, այլեւ ողջ քաղաքական դաշտի, համակարգի խնդիրն է այսօր: Այն, որ գործող քաղաքական գործիչները, տարիներ շարունակ չիջնելով թատերաբեմից ու էկրաններից, չեն զզվեցրել սեփական վարորդներին միայն, գաղտնիք չէ ոչ մեկի համար, ավելին՝ կա սոցիալական դեռեւս չձեւակերպված պահանջ նոր դեմքերի, նոր, թարմ մտքերի ու գործողությունների քաղաքականության մեջ, քանզի այս գործիչները, բացի սեփական թիմը մեկընդմեջ փոխելուց, այլեւս ոչինչ ունակ չեն փոխելու՝ ոչ սոցիալական, ոչ քաղաքական, ոչ տնտեսական, ոչ էլ մշակութային կյանքում: Սոցիալական մթնոլորտը վերածվել է սոցիալական ճահճի. հույսը մահանում է առաջինը:
Վերադառնալով Բարսեղ Բեգլարյանի թեզին, պետք է հարցնել. իսկ ինչո՞ւ այդ նոր սերունդը, որը կմաքրի քաղաքական օդը, նոր շնչառություն կտա սոցիալական կյանքին, համառորեն չի հայտնվում: Եվ որտեղի՞ց ու ինչպե՞ս պետք է հայտնվի այդ սերունդը՝ նախագահականի ստվերային նախաձեռնությունի՞ց, էֆեկտիվ նախագահի ուրվականի՞ց, «Միասին» շարժման եւ Տիգրան Սարգսյանի շփումների՞ց, թե՞ Եղիազար Այնթապցու նրբություններին անծանոթ երիտասարդ լեւոնականներից: Գուցե մեր բուհական համակարգի՞ց, որի ուսանողական խորհուրդները վերածվել են քծնող կարիերիստների միանման ինկուբատորների: Այնուամենայնիվ, որտե՞ղ պետք է կայանար, բայց ակնհայտորեն չի կայացել քաղաքական գործիչների երիտասարդ սերունդը, մեր վաղվա օրը, ապագայի էլիտան: Ո՞ր ինստիտուտը մեզանում չի կատարում իր կարեւորագույն գործառույթը:
Իմ կարծիքով, որքան էլ պարադոքսալ հնչի, այդ ինստիտուտը Հայաստանում ամենավարկաբեկված, հավատ չներշնչող, սովորական մահկանացուների աչքերում ինտրիգների ու գզվռտոցների հետ ասոցացվող կուսակցություններն են: Մեր կուսակցություններում չկան ներքին դեմոկրատական ինստիտուտներ, իսկ դրանք դատարկ բառեր չեն, այլ լրջագույն մեխանիզմներ՝ նոր քաղաքական սերնդի ի հայտ գալու համար: Կուսակցություններում դեմոկրատական ինստիտուտների առկայությունը հնարավորություն կտա նոր սերնդին քաղաքական որոշումներ ընդունելու, քաղաքական պատասխանատվության, թիմային աշխատանքի, մտքերի գեներացիայի, քաղաքական հռետորաբանության մշակույթի ձեւավորման համար, ինչն այսօր խիստ բացակայում է մեր անձնակենտրոն եւ փակ քաղաքական համակարգում:
Կուսակցություններում դեմոկրատական ինստիտուտների առկայությունը կբարձրացնի քաղաքական որոշումների որակը, կփոխի կուսակցությունների էությունը եւ, բնականաբար, հասարակության վերաբերմունքը նրանց նկատմամբ: Ամենակարեւորը՝ կձեւավորվի ինքնուրույն մտածող արժեքային համակարգ եւ քաղաքական հոտառություն ունեցող սերունդ, որն իր ապագան չի տեսնի միայն կուսակցական բոսերին հնարավորինս քծնելու եւ կապկելու մեջ: Այսօր կուսակցությունները հակառակ օրինակներն են տալիս: Վարդան Այվազյանին դեղին քարտ ցույց տվեցին սեփական մտքերի համար, Ալվարդ Պետրոսյանին կախակայեցին, թե առկախեցին՝ արդեն չեմ հիշում, Կարապետ Ռուբինյանին ստիպեցին ներողություն խնդրել յուր կարծիքի համար՝ ապացուցելով, որ ժողովրդավարության համար պայքարի ելածը հեչ պարտավոր չի ժողովրդավար լինել, Սուրենյանցը դուրս եկավ քաղաքականությունից՝ ոտքը գծից դուրս դնելու համար:
Ցավոք, ներքին ժողովրդավարության ինստիտուտները զարգացնելու հարցը թե ընդդիմության, թե իշխանական կուսակցությունների օրակարգում բացակայում է: Իսկ այդ օրակարգերը շարունակում են նեխել «արտահերթ ընտրությունների», «վճռական հանրահավաքների», «դանդաղ, բայց կայուն աճերի», «անտես, բայց կայուն բարեփոխումների» դատարկաբանությունների տակ: Կուսակցություն ամրապնդելն էլ ասոցացվում է երկու գործողության հետ. որքան հնարավոր է բարձրաստիճան պաշտոնյային մտցնել այդ կուսակցություն (հետո լծակներից օգտվելու համար) եւ գյուղերով ման գալ, սեղմել մարզային բնակչության ձեռքը, մեկ-երկու ոչխար մորթել եւ իշխանությունների հասցեին հնարավորինս շատ անեծքներ կորզել:
Սակայն մյուս կողմից մեկ այլ «նոր սերունդ» է գալիս քաղաքականություն, որի ձայնը մենք կլսենք 2012-ին: Օրինակ՝ Էդուարդ Մադաթյանը մտավ «Օրինաց երկիր»: Հավանաբար պարոն Մադաթյանը տարագրության մեջ ծանոթացել է Արթուր Բաղդասարյանի գիտական եւ քաղաքական վերլուծություններին եւ հավանել դրանք: Իսկ միգուցե բոլորս էլ արժանի ենք հենց այս «նոր սերնդին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել