Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԹԱԼԱՆ՝ ՕՐԸ ՑԵՐԵԿՈՎ ԵՎ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ

Օգոստոս 26,2010 00:00

Մինչ սահմանագոտու բնակիչները ապրուստ հոգալու համար կրակի գծում ձկնորսություն են անում, զինվորականները թալանում են Ջողազի ջրամբարի պոմպակայանը:

\"\"
Ջողազի ջրամբարի հակառակ ափին ադրբեջանցիների դիրքերն են:

\"\"
Այն ամենը՝ ինչ հնարավոր է եղել քանդել-հանել պոմպակայանից:

Այս տարվա ապրիլի 20-ին «Վտանգավոր ձկնորսություն» հրապարակմամբ տեղեկացրել ենք. Տավուշի մարզի Ջողազի ջրամբարը, որ հայ-ադրբեջանական սահմանի մոտ է, խորհրդային տարիներին ծառայում էր Նոյեմբերյանի, Իջեւանի եւ Ադրբեջանի Ղազախի շրջանի հողերը ոռոգելուն, իսկ 1990 թվականից մինչ օրս հայկական հողերը ոռոգող պոմպակայանը անգործության է մատնվել, որովհետեւ ոռոգման խողովակաշարը ձգվում է ադրբեջանական տարածքով: Տեղեկացրել ենք նաեւ, որ 44 միլիոն խմ տարողությամբ ջրամբարի պատվարի երկու կողմերում հայկական եւ ադրբեջանական դիրքերն են: Ջողազի ջրամբարի ադրբեջանական ափին գտնվող կրակակետերից հաճախ կրակոցներ են հնչում ու, չնայած դրան, տավուշցիները օրվա հացը վաստակելու համար ջրամբարում ձկնորսություն են անում:
Իբր սա քիչ էր, հիմա էլ ահազանգ ստացանք, որ արդեն մեկ ամիս հայ-ադրբեջանական սահմանագոտում գտնվող Ջողազի ջրամբարի պոմպակայանից մետաղական կոնստրուկցիաները, սարքավորումները զինվորականները հանում են եւ տեղափոխում մոտ 15 կմ հեռավորությամբ գտնվող բենտոնիտի հանք-ճանապարհ:
Եղանք Իջեւանի տարածաշրջանի Սեւքար գյուղի սահմանագոտում, բենտոնիտի հանք տանող ճանապարհին գտնվող սահմանապահների ուղեկալի շենքի մոտ, ուր թափված էին մետաղյա սանդուղքներ, ջրթող փականներ, խողովակներ՝ մի ամբողջ մեծ կույտ: Այստեղ հսկողություն իրականացնող զինվորականները ուշադրությամբ հետեւում էին լրագրողիս գործողություններին: Ավագ լեյտենանտ Ռեւազյանը ներկայացավ՝ օրվա հերթապահ: Ռեւազյանին հարցրի, թե ի՞նչ մետաղական թափոններ են: Նա հարցին չպատասխանեց.
– Սա oխրանայամի տարածք է, իմ տարածքն է, խնդրում եմ հեռանալ:
Ավագ լեյտենանտին բացատրեցի, որ տարածք մուտքն արգելող ոչ մի նշան կամ գրություն չկա:
– Հո գազի գրասենյակ չի, որ գրված լինի,- յուրատեսակ տրամաբանությամբ ասաց Ռեւազյանը:
Եղանք նաեւ Ջողազի ջրամբարի ափին գտնվող Բերքաբեր գյուղում: Բերքաբերցիներն ասացին, որ արդեն 1 ամիս զինվորականները Ջողազի պոմպակայանից սարքավորումներ, նյութական արժեքներ են հանում եւ գյուղից տեղափոխում նոր կառուցված պաշտպանական նշանակության ճանապարհով: Վերջին անգամ 3 օր առաջ են տեղափոխում կատարել, այդ օրը զինվորական «ԿԱՄԱԶ» բեռնատարներով 4 ուղերթ է կատարվել: Պոմպակայանը գտնվում է հենց սահմանագոտում, հայ սահմանապահների հսկողության տակ եւ այնտեղ առանց հատուկ թույլտվության հնարավոր չէ մտնել:
2003-ին տողերիս հեղինակը եղել է այդ պոմպակայանում: 1980թ. սահմանագոտում գործարկված, հայ-ադրբեջանական հակամարտության պատճառով 1990-ից անգործության մատնված պոմպակայանը գտնվում է «Ոռոգում» ՓԲԸ հաշվեկշում: Ընկերությունը սնանկ է ճանաչվել, վարչական դատարանի վճռով լուծարային գործընթացի կառավարիչ է նշանակվել Գեւորգ Ավագյանը: Վերջինիս հետ հեռախոսազրույց ունեցանք: Գեւորգ Ավագյանը հայտնեց, որ զինվորականների կողմից Ջողազի ջրամբարի պոմպակայանից նյութական արժեքներ հանելու կապակցությամբ ինքը գրավոր դիմել է ռազմական ոստիկանություն, սակայն մինչ օրս պատասխան չի ստացել:

Մեր մռայլ իրականությունը մի բան է հուշում: Եթե ապօրինությունը կատարվում է օրը ցերեկով, եւ իրավապահները լռում են, ապա «գործի քավորը» կամ բարձրաստիճան պաշտոնյա է, կամ բարձրաստիճան պաշտոնյայի ազգական, որը, ամենայն հավանականությամբ, սահմանագոտում չի էլ եղել ու չի պատկերացնում, թե ինչ ասել է ապրել հակառակորդի դիրքերից ուղիղ նշանառության հեռավորության վրա, շատ հաճախ հնչող կրակոցների տակ ու այդ պայմաններում երեխայիդ ուղարկել դպրոց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել