Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԿԱՎԱՌԱԿԸ ԲԵՀՆԱՄԻ ՊԱՅՈՒՍԱԿԻՑ Է ՀԱՆՎԵԼ

Օգոստոս 26,2010 00:00

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարտին Կարապետյանի վարույթում է գտնվում «Նոր Եդեսիա» ջոկատի հրամանատար Գեւորգ Հայրապետյանի եւ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Բեհնամ Բաղերիի նկատմամբ հարուցված քրեական գործը: Նախորդ դռնփակ դատական նիստին, ինչպես «Առավոտը» տեղեկացրել էր, իրանցին վրդովված պատռել էր իր պաշտպանական ճառը: Մեր աղբյուրի տեղեկացմամբ, իրանցին ունի պաշտպան, թարգմանիչ, իսկ դռնփակ նիստերին հետեւել է դիվանագիտական ներկայացուցիչը: Հիշեցնենք, որ մեղադրողներ Աղվան Հովսեփյանն ու Արամ Ամիրզադյանը իրանցու համար պահանջել են 11 տարվա ազատազրկում: Մեր տեղեկություններով, մեղադրող Արամ Ամիրզադյանը պնդել է գործով ձեռք բերված ապացույցները, իր հերթին մեղադրական ճառում ասել է. «Ադրբեջանի հատուկ ծառայության հերթական առաջադրանքով ծրարը՝ հավաքագրված Գեւորգ Հայրապետյանին Երեւանում հանձնելու համար, 2009 թվականի սեպտեմբերի 1-ին Իրանից Հայաստան է ժամանել ազգությամբ ազերի եւ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Բեհնամ Բաղերին, որը ադրբեջանական հատուկ ծառայության ներկայացուցչի ու Գեւորգ Հայրապետյանի միջեւ եղած նախնական պայմանավորվածության համաձայն, վերջինիս ներկայացել է նշանաբանով, այն է՝ բջջային հեռախոսում առկա՝ իր եւ ադրբեջանական հատուկ ծառայության աշխատակցի համատեղ լուսանկարով, ապա հյուրընկալվել է Գեւորգ Հայրապետյանի բնակարանում եւ նրան հանձնել ադրբեջանական հատուկ ծառայությունից ստացված հերթական առաջադրանքով ծրարն ու օտարերկրյա հետախուզական ծառայություններին հետաքրքրող հարցերի շուրջ պարզաբանման ենթակա հատուկ հարցաթերթիկը, որոնց վերաբերյալ ակնկալվող հնարավոր պատասխանները պարունակում են պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ:
Սկավառակը հայտնաբերվել է Բեհնամ Բաղերիի պայուսակի ստորին մասի տակդիրում հարմարեցված գաղտնարանից՝ ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից Մեղրիի «Կարճեվան» սահմանային անցակետում 2009 թվականի սեպտեմբերի 3-ին կատարված ստուգման ժամանակ»:
Դատաքննությունը շուտով կավարտվի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել