Լրահոս
Օրվա լրահոսը

«ԽԱԽՏՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԻՐ ՉԷ»

Օգոստոս 26,2010 00:00

\"\"Ասում է «Խաչակիր» ռազմահայրենասիրական կազմակերպության խորհրդի նախագահ Գագիկ Սարուխանյանը

– Մեր զրույցը, թերեւս, սկսենք նրանից, որ Դուք նախկինում մեկ այլ հասարակական կազմակերպության նախագահն էիք:
– 2001-2004-ին, այո, ես Մարդու իրավունքների եւ իրավաբանական կազմակերպությունների խորհրդի քարտուղարն էի: Այսօր արդեն «Խաչակիր» հասարակական կազմակերպության խորհրդի նախագահն եմ:
– Պարոն Սարուխանյան, Դուք դիմել էիք Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Ի՞նչ պահանջներով էր:
– 2003թ. ԱԺ ընտրություններից հետո դիմեցի Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ընտրական իրավունքի խախտման վերաբերյալ: Հիշեցնեմ, որ նույն հայցով ԵԴ էին դիմել Հայկ Բաբուխանյանն ու Սուրեն Աբրահամյանը: Ինձ համար մինչ օրս անհասկանալի մնաց, որ նրանք ԵԴ-ից իրենց հայցերը վերցրին: Հավանաբար, նրանք չեն հավատացել, թե ԵԴ-ն կբավարարի իրենց պահանջը: ԵԴ-ն իմ հարցով գտավ, որ Եվրոպական կոնվենցիայի մի շարք հոդվածներ խախտվել են եւ որոշեց բարոյական փոխհատուցում տալ: Ես այդ էի պահանջում, քանի որ խախտված իրավունքը վերականգնման ենթակա չէ, դա իր չէր, որ վերադարձվեր:
– Ի՞նչ եղավ ԵԴ-ից հետո:
– Պատասխանողը ՀՀ կառավարությունն էր: Այդ նույն օրերին ԵԴ-ում հաղթեց նաեւ «Ա1+»-ը: ՀՀ կառավարության ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանը՝ լրագրողի հարցին, թե պարտությունը ԵԴ-ում բացասական չի՞ ազդի ՀՀ վարկանիշի վրա, պատասխանեց. «Դա հարց է, մենք պարտվե՞լ ենք, թե՝ հաղթել», ասելով, որ թե՛ «Ա1+»-ը, թե՛ Սարուխանյանը պահանջել էին բարոյական փոխհատուցում տասնյակ հազարավոր եվրոյի տեսքով, սակայն նրանց փոխհատուցել են մի քանի տասնյակ անգամ պակաս: Նա ասաց՝ դե մտածեք, պարտվե՞լ ենք, թե՝ հաղթել: Ի դեպ, ինձ 3000 եվրո գումարը տրվեց ԵԴ որոշումից 6 ամիս հետո, ամսվա վերջին օրը: Հետո հասկացա, որ ԵԴ-ն գումարի որոշման ժամանակ հաշվի է առնում մեր աղքատ պետության սպառողական նվազագույն զամբյուղը…
– ԵԴ-ից հետո Դուք բողոքարկե՞լ եք մեր դատարանի վճիռը, ինչպես «Ա1+»-ը:
– Նախ, նշեմ, որ մեր երկրում դատարանի վճիռը անվավեր ճանաչելու համար նույնպես պիտի դիմեի տեղական դատարան, ապա նոր՝ երեւան եկած հանգամանքների հիմքով անվավեր ճանաչվեր Շենգավիթի նախկին առաջին ատյանի դատարանի վճիռը: Իմ փաստաբան Արթուր Գրիգորյանի հետ դիմեցի ՀՀ վճռաբեկ դատարան՝ ԵԴ վճռից 6 ամիս հետո: Սպասեցինք դատարանի պատասխանին: Չնայած վճռաբեկ դատարանը պարտավոր էր 15 օրվա ընթացքում պատասխանել, սակայն սպասեցինք 2 ամսից ավելի:
2008 թվականի դեկտեմբերի 28-ին ինձ հետ կատարվեց միջադեպ, որը գնահատում եմ իբրեւ մահափորձ: Մարդաշատ վայրում՝ Արշակունյաց պողոտայում, ճանապարհային ոստիկանության մեքենայի աչքի առաջ, ժ.15-ի սահմաններում շտապօգնության մեքենան, մեծ արագությամբ ընթանալով, վրաերթի է ենթարկում ինձ եւ դիմում փախուստի: Մոտ 1 տարի բուժվել եմ, ձախ ոտքս ամբողջությամբ փշրվել էր: Ճանապարհային ոստիկանության մեքենան շտապօգնության մեքենայի հետեւից գնալու փոխարեն՝ փակեց իմ տեսադաշտը, իսկ մի կերած-խմած ոստիկան էլ հարցրեց. «դեռ սա՞ղ ես»: Իհարկե, այդ շոկային վիճակի մեջ ես անպատվեցի ոստիկանին, որը չի կատարում իր պարտականությունները: Հարուցվեց քրեական գործ, սակայն ոչ մի արդյունք: Շտապօգնության մեքենայի կոտրված մասերը փողոցում թափված էին…դեռ երկար ժամանակ: Ինձ մեկ այլ շտապօգնության մեքենայով տեղափոխեցին Շենգավիթի հիվանդանոց, ուր վիրահատվեցի: ԵԴ-ի եւ ընկերներիս գումարը գնաց վիրահատության վրա…
– Դուք ո՞ւմ էիք խանգարում…
– Ինքներդ դատեք: Երբ հիվանդանոցում էի՝ ստացա ՀՀ վճռաբեկ դատարանի ուշացած պատասխանը բողոքս մերժելու մասին: Մինչ օրս, ի հակառակ ԵԴ որոշման, մեր երկրի դատարանի վճիռը ուժի մեջ է: Այնինչ, դրանով շահագրգռված պիտի լիներ Հայաստանը, նրան ներկայացնող գործադիր մարմինները, եւ իրենք պիտի դիմեին դատարան՝ իր քաղաքացու նկատմամբ անօրինականություն կատարած պաշտոնյաներին պատժելու համար: Այս գործը միայն դատարանի կողմից անվավեր ճանաչելու խնդիր չէր, այլ՝ մեր պետական ատյանների՝ դատարանում կեղծ ապացույցներ ներկայացնելու մասին էր: Չէ՞ որ դատարանը ինքնագլուխ վճիռ չէր կայացրել ինձ պատգամավորության թեկնածությունից զրկելու համար (առաջադրվել էի Շենգավիթ-Նորագավիթ-Չարբախ տարածքում): Դատարանում օգտագործվել էին ոստիկանությունից եւ կադաստրից տրված իրարամերժ փաստաթղթերը, որտեղ խոսք պիտի գնար իմ կողմից իբր ունեցվածքի մասին ընտրական հանձնաժողով կեղծ տեղեկություններ ներկայացնելուն: Ոստիկանությունը տվել էր տեղեկանք իմ հանգուցյալ տատիկի՝ մեր բնակարանում բաժնեմաս ունենալու մասին, իսկ կադաստրը նույն հասցեի վերաբերյալ տվել էր տեղեկանք, որ իմ հանգուցյալ հայրն է բաժնեմասի տերը: Նշեմ, որ թե իմ տատը, թե իմ հայրը մահացել էին մինչ մեր բնակարանի սեփականաշնորհվելը…
– Ի՞նչ եղավ հետո:
– Ամիսներ շարունակ անշարժ էի: Մի քանի ամիս է, որ կարողանում եմ տեղաշարժվել՝ առանց կողմնակի անձանց եւ ձեռնափայտի օգնության:
– Պարոն Սարուխանյան, ստացվեց, որ ե՛ւ հաղթել եք, ե՛ւ ոչ:
– Անձամբ ես հաղթել եմ, իսկ մեր երկիրը՝ պատասխանող Հայաստանի Հանրապետությունը, կրկնակի է պարտվել: Հեղինակությունը զոռբայությամբ ձեռք չեն բերում: Պայքարը շարունակելու եմ, քանի որ պետական ակտի՝ մեր դատարանի վճիռն անվավեր ճանաչելը ժամկետ չի սահմանում եւ եթե ամեն ճնշման դիմաց հրաժարվենք պայքարից, մեր երկիրը անդունդից դուրս չի գա: Իսկ դա կարող է կանխվել իրավական ճիշտ պայքարի միջոցով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել