Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՐՁԱՎ ՕՐԻՆԱԿԱՆ

Օգոստոս 26,2010 00:00

Մի քանի օր առաջ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Կոմիտասի 5ա շենքի բակում ծառեր են հատվում: Այդ առնչությամբ Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը մարդ է ուղարկել «դեպքի վայր» եւ պարզել, որ ծառերը չեն հատվել, ուղղակի այդ տարածքում որոշ մարդիկ ենթակայան են ցանկանում կառուցել, որի համար թույլտվություն չունեն: Այդ իսկ պատճառով շինարարությունը դադարեցվել է: Սակայն ենթակայան կառուցողները, բնակիչների բողոքներին ի պատասխան, քաղաքապետարանի աշխատակիցներին հայտնել են, որ իրենք ունեն շինթույլտվություն: Նշենք, որ այս տարածքում ենթակայան կա, ուղղակի դա քանդվելու ենթակա է, քանի որ դրա տարածքում էլ 14 հարկանի շենք է կառուցվելու:
Չնայած քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի հայտարարությանը, որ Կոմիտասի 5ա շենքի հարեւանությամբ անօրինական շինարարություն է իրականացվում, նախօրեին Երեւանի քաղաքապետարանի հասարակության հետ կապերի վարչությունը տեղեկատվություն էր տարածել, որ Երեւանի քաղաքապետի 25.11.2005թ. որոշմամբ «Լիբեր» ընկերությանը թույլատրվել է Կոմիտասի 5ա հասցեում «Էլեկտրատրանսպորտ» ընկերության տարածքից առանձնացված հատվածում կառուցել բազմաբնակարան բնակելի շենք. «Նույն որոշմամբ, «Լիբեր» ընկերությանը պարտավորեցվել է տարածքում գտնվող հին ենթակայանի փոխարեն կառուցել նորը: Վերը նշված հասցեի հողատարածքը պարսպապատված է, այն երբեւիցե որպես որեւէ բնակելի շենքի բակային տարածք կամ այգի չի ծառայել, այլ եղել է «Էլեկտրատրանսպորտի» տարածքը: Նախագծային փաթեթը անցել է համապատասխան փորձաքննություն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել