Լրահոս
Օրվա լրահոսը

Նանյանի «ջիպը» հասավ Գիզիրյանի ընկերոջը

Օգոստոս 26,2010 00:00

Քանի որ վերջինս ծառայողական մեքենա չուներ

Շիրակի մարզպետ Լիդա Նանյանի պաշտոնաթողումից հետո Գյումրիում խոսակցություններ տարածվեցին, որ տիկինը մարզպետարանին պատկանող ծառայողական սպիտակ «ջիպը» դուրս է գրել՝ նվիրելով իր 20 տարվա վարորդին, որն իրեն ծառայել է զբաղեցրած բոլոր պաշտոնների ժամանակ: Վերջերս էլ մարզպետարանում սկսեցին խոսել այն մասին, որ նորանշանակ մարզպետ Աշոտ Գիզիրյանը Լիդա Նանյանից հետ է պահանջել այդ մեքենան, որպեսզի այն նվիրի իր ամենամոտ ու թանկագին ընկերոջը՝ Շիրակի մարզպետարանի տարածքային վարչության պետ Կարլեն Աբրահամյանին՝ ծննդյան 60-ամյակի կապակցությամբ, որը թե ներկա եւ թե նախկին մարզպետի «զեմլյակն» է՝ Ղարաբաղից է: «Առավոտը» տարածքային վարչության պետ Կարլեն Աբրահամյանից փորձեց ճշտել այս խոսակցությունների իսկությունը: Պարոն Աբրահամյանը նախ տեղեկացրեց, որ ինքը ընդհանրապես չի հետաքրքրվել «ջիպով», տեղյակ չէ «այն տարել են, բերել են, թե՞ թողել են գարաժում»: Պաշտոնյան, սակայն, հաստատեց այն խոսակցությունները, որ Շիրակի նորանշանակ մարզպետը «ջիպը» որպես ծառայողական մեքենա հատկացրել է իրեն, որը բացարձակապես կապ չունի իր ծննդյան 60-ամյակի հետ, քանի որ մեքենան իրեն հատկացվել է ծննդյան օրվանից մոտ 1 ամիս առաջ. «Իսկ իմ ընկերը՝ Աշոտ Գիզիրյանը, ծննդյանս օրը անձնական նվեր է արել: Եթե այդքան շատ են հետաքրքրված, խնդրեմ, թող գան տեսնեն՝ ինչ նվեր է: Ճշմարտությունն այն է, որ, բացի Շիրակի մարզպետարանի տարածքային վարչությունից, հանրապետության բոլոր մարզպետարանների տարածքային վարչությունները ծառայողական մեքենաներ ունեն: Ի՞նչ կա զարմանալու, որ «ջիպը» հասել է մեզ, մյուս բոլոր վարչությունները՝ ֆինանսատնտեսականը, քաղաքաշինականը ծառայողական մեքենաներ ունեն, բացի մեզնից: Մինչեւ 1999 թվականը իմ գլխավորած վարչությունը «Վոլգա» մակնիշի ծառայողական մեքենա ուներ, բայց դա 70-ական թվականների էր, հնամաշ, դուրս գրեցին, ու մենք մնացինք առանց մեքենայի»: Ըստ մարզպետարանի պաշտոնյայի, քանի որ իրենց աշխատանքը չի սահմանափակվում միայն Գյումրիով, գործ ունեն մարզի մյուս բոլոր համայնքների հետ, հետեւաբար եւ վարչության աշխատակիցների անձնական մեքենաների վրա այլեւս «հալ» չի մնացել. «Եկեք մի քիչ տրամաբանենք, ենթադրենք իմ աշխատակիցները շտապ պիտի Բավրա կամ Արփա լճի տարածք հասնեն, հետաքրքիր է՝ ինչո՞վ գնան, գնանք ավտոկայան կամ տաքսի նստենք, որ տեղ հասնե՞նք, կամ ոտքով քանի օր գնանք ու քանի օրից վերադառնանք, հիմա մե՞նք ենք շատ զբաղված, թե՞ մարզպետարանի մյուս 160 հոգին: Եթե գյուղապետերին խնդրենք, որ գան իրենց մեքենաներով մեզ տեղ հասցնեն, դա կազդի մեր աշխատանքի օբյեկտիվության վրա, չէ՞ որ գյուղ գնում ենք նաեւ այդ նույն գյուղապետի աշխատանքին հետեւելու: Փառք Աստծո, որ հիմա հարցը լուծվեց»: Նա համոզված է, որ սպիտակ «ջիպը» թեեւ տարվա բոլոր եղանակներին կկարողանա ծառայել իրենց, սակայն մեքենան շատ ծախսատար է: «Ինձ իր մոտ կանչեց փոխմարզպետը եւ ասաց, որ «ջիպը» տալու են մեզ, այդ պահին քննարկեցինք, որ այն իրոք ծախսատար է, բայց եւ այնպես, բոլորն էլ գիտեն, որ տարածքային վարչությունը պիտի մեքենա ունենար»,- ասում է Կ. Աբրահամյանը: Մենք նրանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչն էր պատճառը, որ նախկին մարզպետը իրեն ծառայողական մեքենա չէր հատկացնում, որին նա պատասխանեց. «Չեմ ուզում հեռացածների հետեւից խոսել, բայց Լիդա Նանյանին մի քանի անգամ ասել եմ, որ տարածքային վարչությանը մի քանի հեռախոսահամարներ ու մեքենաներ են պետք, ուշադրություն չի դարձրել: Իսկ հիմա, անկախ նրանից՝ իմ ընկերն է տվել, թե ով, ես շատ շնորհակալ եմ»:
Մեր խոսակցության վերջում պաշտոնյան վստահեցրեց, որ իր պաշտոնաթողումից հետո մեքենան իր հետ չի տանի. «Այն ծառայելու է գյուղեր գնալու համար, ոչ թե Գյումրիի փողոցների»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել