«Ջրամատակարարման միացման համար անհրաժեշտ է, որ Գյումրիի Մուշ-2 թաղամասի բնակիչները տեղադրեն ջրաչափեր, որոնք տրամադրվում են «Գլենդել Հիլզի» Գյումրիի գրասենյակում: Այն բնակիչները, որոնք անտեղյակության պատճառով ջրաչափերը ձեռք են բերել այլ աղբյուրներից, կարող են մեզնից ջրաչափերի փոխհատուցման գումար ստանալ: Խնդրում ենք բոլոր բնակիչներին, դա անել մինչեւ սեպտեմբերի 1-ը եւ լինել բնակարաններում, որպեսզի «Հայջրմուղկոյուղի» ընկերությունը կարողանա բոլոր շենքերի ջրամատակարարումը միացնել եւ խնդիրներ ի հայտ գալու դեպքում արագ քայլեր ձեռնարկել: Ջրամատակարարումը սկսելու, ջրաչափերի տեղադրման համար բնակիչներից գումար չպետք է գանձվի»,- երեկ նման հայտարարություն է տարածել կառուցապատող «Գլենդել Հիլզ» ընկերության մամուլի ծառայությունը: Ընկերությունը այս թաղամասի բնակիչներին զգուշացնում է նաեւ, որ մինչեւ սեպտեմբերի 1-ը նրանք պետք է դառնան «Հայաստանի էլեկտրական ցանցերի» բաժանորդ, քանի որ այդ ժամանակվանից սկսած, իրենք այլեւս չեն վճարելու բնակիչների օգտագործած հոսանքի համար: Դա անելու են բնակիչները: Անդրադառնալով գազամատակարարման հարցին, ընկերությունից հայտնում են, որ իրենք «ՀայՌուսգազարդի» տարածքային ստորաբաժանման հետ ունեն բնակարանների՝ գազի եւ ջեռուցման համակարգերի միացման, փորձարկման, թողարկման վճարման պայմանագիր, ըստ որի՝ բնակիչները պարտավոր են վճարել միայն գազի սպասարկման տարեկան կանխավճարը, որը կազմում է 5000 դրամ: Չնայած ընկերությունն արդեն վերջնական տեսքով շահագործման է հանձնել այս թաղամասի բնակարանները, սակայն չի բացառում, որ նորակառույց բնակարաններում կարող են առաջանալ ներքին հարդարման որոշակի թերություններ: Դրա համար էլ հայտարարել է երաշխիքային սպասարկման ժամկետ, որի ընթացքում բոլոր բնակիչները կարող են թերություններ հայտնաբերելու դեպքում դիմել «Գլենդել Հիլզի» Գյումրիի գրասենյակ: