Արդեն մի քանի օր է, ինչ Քանաքեռ-Զեյթուն թաղամասում, Կարապետ Ուլնեցու փողոցում գտնվող թիվ 147 դպրոցը փողոցից բաժանող մայթեզրի երկաթե ցանկապատի մի զգալի հատված մեքենայի հարվածից կոտրվել է եւ շրջվել: Հիշեցնենք, որ այդ դպրոցի տնօրեն Լարիսա Ադամյանը պատահական մարդ չէ՝ ԱԺ պատգամավոր, ԲՀԿ-ական Էռնեստ Սողոմոնյանի տիկինն է, Ռոբերտ Քոչարյանի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանի մայրը:
Բացի այդ՝ բազմիցս ականատես ենք եղել, թե ինչպես է Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արայիկ Քոթանջյանն ամեն առավոտ աշխատանքի գնում ոտքով՝ անցնելով այս դպրոցի մոտով: Չկարծեք, թե հանրապետական պաշտոնյան ծառայողական ավտոմեքենա չունի: Ունի, ուղղակի նախընտրում է առողջ ապրելակերպը, իսկ նրա ծառայողական «Ջիպը» դանդաղ ընթանում է նրա հետեւից: Դպրոցի մոտով անցնելիս Ա. Քոթանջյանը չի կարող չտեսնել, թե ինչ վիճակում է գտնվում դպրոցի ցանկապատը: Իսկ սեպտեմբերի 1-ին հաշված օրեր են մնացել:
Նկատենք նաեւ, որ դպրոցի հարեւանությամբ է գտնվում ոստիկանության տարածքային բաժինը: Հետաքրքիր է՝ ոստիկանությունը տեղյա՞կ է կատարված ճանապարհատրանսպորտային պատահարի մասին, որի արդյունքում լուսանկարում պատկերված վիճակն է: