Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԳՌԱՎՆԵՐԸ ԾԵԾՈՒՄ ԵՆ ՄԱՐԴԿԱՆՑ

Օգոստոս 26,2010 00:00

«Որովհետեւ նրանց Հայաստանում հյուրընկալ ենք դիմավորել»

Մեքենաների առատությունը, սրճարանների ու ռեստորանների խառը երաժշտությունն ու աղմուկ-աղաղակը վերջին տարիներին մեր երկրից արտաքսեցին հանգիստ միջավայր նախընտրող երգող թռչուններին, իսկ քաղաքի աղտոտվածությունն էլ ագռավների բազմացման պատճառ դարձավ: «Վերջին շրջանում հանրապետությունում քաղաքաշինությունն անհամեմատ խտացել է, իսկ կանաչ տարածքները շարունակում են վերանալ, եւ որ կողմդ նայում ես՝ աղբ է: Այս ամենը իդեալական պայմաններ ստեղծեցին ագռավների բնակության համար»,- «Առավոտի» հետ զրույցում պատմում էր բնապահպան Կարինե Դանիելյանը: Նրա խոսքով, մենք պայմաններ ենք ստեղծում վայրի կենդանիների ու թռչունների բազմացման, ագրեսիվության համար, հետո սկսում անթույլատրելի ձեւերով պայքարել դրանց դեմ. «Ագռավների դեմ պայքարելու տարբերակներ կան, բայց դեմ եմ վերացման տարբերակին, նման բան անթույլատրելի է: Մենք պարզապես պետք է վերականգնենք կանաչ տարածքները, պայքարենք ապօրինի կառուցված ու բազմացող սրճարան-ռեստորանների դեմ: Նույն անթույլատրելի տարբերակով էլ պայքարում են գյուղերի վրա հարձակվող գայլերի վրա, բայց մոռանում են, որ որսորդությամբ ոչնչացնում են գայլերի ամբողջ սննդային շղթան, պետք է ամեն խնդրի հիմքը նայենք»:
Բնապահպանի խոսքով, ագռավներին Հայաստանում այնքան հյուրընկալ են դիմավորել, որ իրենց արդեն շատ հզոր են զգում. «Նրանց քանակը անարգել շատանում է, սննդային պաշարն էլ գուցե էնքան էլ չի հերիքում, դրա համար ավելի ագրեսիվ են դառնում, որ իրենց պահանջվող սնունդն ու տարածքը հեշտությամբ հայթայթեն»: Թռչնասերների կենտրոնի նախագահ Սիլվա Ադամյանն էլ մեզ հետ զրույցում նկատեց, որ ապրում ենք անապատացած աղբավայրում ու թռչունների ագրեսիվությունից չպետք է զարմանալ. «Բնական է, որ աղբով սնվող կաչաղակներն ու ագռավները մեծ թափով տարածվում են հանրապետությունում, ակտիվացել է հատկապես ագռավների մոխրագույն տեսակը»:
Խնդրի լուծման ելքերը, ըստ տիկին Ադամյանի. «Պետք է փորձենք մեր քաղաքն էկոլոգիապես մաքուր դարձնել, ու մի քանի տարվա ընթացքում երգեցիկ թռչունները նորից Հայաստան կվերադառնան: Թե չէ, հիմա քաղաքը ողողված է սրճարաններով՝ ամեն մի այգում նվազագույնը 10 սրճարան կա, սա ինչ խաբար է, էդ ղալմաղալի մեջ որեւէ բան չի կարող փոխվել»:
Ագռավների ակտիվացումից տուժած քաղաքացիներն էլ մեզ պատմում էին, որ նրանց «գրոհից» դեռ խելքի չեն եկել: Անուշ Թամրազյանի պատմելով. «Միայն Հայաստանում է հնարավոր, որ թռչունները ծեծեն մարդկանց: Ագռավը այնքան է հարվածել գլխիս, որ եթե ուղեղի ցնցում կամ կոնտուզիա ստացած չլինեմ, ուրեմն երկրագնդում մեծ հրաշք է գրանցվել: Ավելի քան 10 տարի Ռուսաստանում եմ ապրում, նման բան որ այնտեղ պատմեմ՝ կծիծաղեն վրաս»: Արաբկիր համայնքի Քանաքեռ ՀԷԿ-ի բնակիչ Մերի Մովսիսյանն էլ պատմում էր, որ իրենց տարածքում ագռավների «դրբի» տակ են ընկել ոչ միայն ինքը, այլեւ մի քանի հարեւաններ. «Ագռավը սկզբում եկավ գլխիս նստեց ու սկսեց քորել գլուխս, հենց սկսեցի գոռգոռալ՝ սա կտուցով հո չսկսեց իրար հետեւից խփել, ինձ թվաց՝ գլուխս ուր-որ է կծակի, հետո սկսեց կռկռալ ու կռկռոցի վրա եւս երեք ագռավ եկավ: Իսկական ներկայացում էր, անցորդները խառնվել էին իրար ու ագռավ էինք քշում»: Թռչնասերների կենտրոնի նախագահն էլ բացատրեց. «Այսպիսի դեպքեր պատահում են այն ժամանակ, երբ մարդիկ անցնում են այն տարածքով, որտեղ ագռավը բույն է դրել կամ ձվադրել, միայն այս դեպքում է ագռավը ագրեսիվորեն հարձակվում՝ պաշտպանելու ձագերին, այլապես երբեք չի հարձակվի»:
ՀՀ ԲՆ կենդանական ռեսուրսների կառավարման բաժնի պետ Միխայիլ Ոսկանովն էլ ասաց, որ սա նոր խնդիր չէ, նախորդ տարիներին ագռավների դեմն առնելու համար նախարարությունը ամեն տարի մեկնարկող որսաշրջանում ներառել է նաեւ ագռավների մոխրագույն տեսակի որսը, բայց այդ կետը հանվել է՝ բնապահպանական կազմակերպությունների ահազանգից հետո: Ըստ նրա, հիմա ոչ արգելում են, ոչ էլ՝ թույլատրում: Թռչնագետ Սիլվա Ադամյանն էլ վստահեցնում է. «Ագռավները մեզ պաշտպանում են կրծողներից, կեղտից, եթե փորձենք վերացնել, էկոլոգիական մեծ կատաստրոֆայի առաջ կկանգնենք»:
Նա նաեւ արձանագրել է, որ կանաչ տարածությունների վերականգնման հարցում Երեւանում ոչ մի առաջընթաց չկա. «Միայն հետ ենք գնում, փորձում ենք ինչ-որ բան անել, պետական այրերն էլ հաշիվ չեն տալիս, թե ուր ենք գնում, միայն իրենց տեղը նստած օրինականացնում են ծառահատումը ու դրանց տեղը կերուխումի համար նախատեսված վայրերի կառուցումը թույլատրում, էսպես որ գնա, խնդրի լուծում չկա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել