Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսներին օգնեցին, ջավախքցիներին՝ ոչ

Օգոստոս 26,2010 00:00

\"\"Օգոստոսի 4-ին Սամցխե-Ջավախքի Ախալցխայի շրջանի Ացկուրի գյուղի անտառներում բռնկվել էր ուժեղ հրդեհ: Այն շարունակվեց մեկ շաբաթ: Մենք՝ հայաստանցիներս, ոչինչ չձեռնարկեցինք մեր եղբայրներին օգնելու համար… Ի՞նչ արեցինք մենք պետական մակարդակով: Իհարկե՝ ոչինչ: Մենք գերադասեցինք մեր «եղբայրական» Ռուսաստանին օգնություն ցուցաբերել, մինչդեռ մեր պատմական հայրենիքի մի մասին, որ գտնվում է «քթներիս տակ», ոչնչով չփորձեցինք օգնել: Տեղեկացա, որ «Միասին» երիտասարդական շարժումը բարեգործական ակցիա էր կազմակերպել, գումար ու հագուստ ուղարկել ՌԴ-ի՝ հրդեհից տուժած բնակիչներին: Կողջունեի նման նախաձեռնությունը, բայց քանի որ մեր հայրենի Ջավախքը եւս տվյալ ժամանակահատվածում նույնատիպ դրության մեջ էր, ու «Միասինը» ակցիա չկազմակերպեց՝ ծանր կացության մեջ թողնելով ջավախքցիներին, ստիպված եմ միայն ապշել՝ ինչպե՞ս կարելի էր այդ ակցիան չանել, երբ մեր գեղատեսիլ անտառներն այրվում էին: Մի՞թե մեր կառավարությունը չէր կարող մի քանի հրշեջ խումբ ուղարկել Ջավախք: Սրանք հարցեր են, որոնց պատասխանը մեզ՝ հայ երիտասարդներիս, հետաքրքրում է: Մենք ռուս ժողովրդին գերադասեցինք մեր քույրերից, եղբայրներից: Այս ամենից սկսվում է ապազգայնությունը, օտարին սիրաշահելն ավելի է արժեւորվում, եւ հստակ ցույց ենք տալիս մեր օտարամոլությունը: 1988թ. երկրաշարժի ժամանակ առաջին օգնություններից մեկը մեզ ցուցաբերեց ջավախահայությունը, իսկ մենք պարզապես աչք փակեցինք: Այս ամենից հետո չեմ զարմանա, որ ոմանք համարձակվեն ասել, թե Ջավախքը ե՞րբ է հայկական եղել… Ինչեւէ, իրավիճակը պետք է ճիշտ գնահատել եւ հետեւություններ անել: Կարծում եմ՝ նամակս կսթափեցնի ոմանց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել