Ընդդիմության եւ իշխանության ներկայացուցիչների տարաձայնությունները հայ-ռուսական փաստաթղթերի շուրջ
Միշտ էլ այն կարծիքին եմ եղել, որ ՀՀ նախագահի թեկնածուների ծրագրերում գրեթե էական տարբերություններ չեն լինում, հատկապես արտաքին քաղաքականությանը վերաբերող բաժիններում: Եվ քանի որ հայ-ռուսական հարաբերությունների զարգացման այս փուլում Հայ ազգային Կոնգրեսը հատկապես խոսեց ռազմաբազաների մասին պայմանագիրը երկարաձգելու դեմ, նորից ընթերցեցի նախագահ Սերժ Սարգսյանի եւ 2008-ին նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական ծրագրերի՝ արտաքին քաղաքականությանը վերաբերող բաժինները՝ պարզելու՝ կա՞ն շեղումներ, եւ արդյոք այն, ինչ արտաքին քաղաքականության մեջ իրականացնում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, համապատասխանո՞ւմ է նրա տված նախընտրական խոստումներին: Ըստ էության, ՀՀ նախագահը կարծես քայլ առ քայլ իրականացնում է իր նախընտրական ծրագրի կետերը: Գործող նախագահի նախընտրական ծրագրի «Արտաքին հարաբերություններ եւ անվտանգություն» բաժնում նշված է. «Մեր երկրի արտաքին քաղաքականությունը պետք է դառնա ավելի ակտիվ եւ նախաձեռնող՝ ապահովելով Հայաստանի ազդեցիկ մասնակցությունը միջազգային եւ հատկապես տարածաշրջանային գործընթացներին, որի համար անհրաժեշտ է. բազմակողմ եւ միջպետական երկկողմ հարաբերությունների ընդլայնում ու խորացում, դրանց ներդաշնակ համադրում, ինչը բարենպաստ պայմաններ կստեղծի այլ երկրների հետ քաղաքական, տնտեսական կապերի զարգացման, ապրանքաշրջանառության աճի, մշակութային համագործակցության խթանման համար»:
Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական ծրագրում, որն առաջին նախագահն անվանել է նաեւ «Հանդարտ խոհեր», եւս նշված է, որ արտաքին քաղաքականության ոլորտում Հայաստանի նոր իշխանությունների առջեւ կանգնած խնդիրների շարքում իրենց կարեւորությամբ առանձնանում են. «Ազգային շահերի վրա հիմնված հավասարակշիռ եւ կառուցողական դիվանագիտության վերականգնումը, աշխարհի բոլոր երկրների հետ բարեկամության եւ փոխշահավետ համագործակցության ձգտումը. Միջազգային կազմակերպությունների առջեւ ստանձնած պարտավորությունների կատարումը, նախկինում կնքված միջպետական բոլոր պայմանագրերի նկատմամբ հավատարմության վերահավաստումը. Բարիդրացիական հարաբերությունների ամրապնդումն ու խորացումը անմիջական հարեւանների՝ Ռուսաստանի, Վրաստանի, Իրանի հետ, կառուցողական ջանքերի գործադրումը Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»:
Վերը նշված դրույթների կապակցությամբ երեկ զրուցեցի իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչների հետ:
ՀԱԿ գրասենյակի արտաքին հարցերի հանձնաժողովի անդամ Վլադիմիր Կարապետյանին «Առավոտը» հարցրեց՝ տեսնո՞ւմ է էական տարբերություններ Հայաստան-ՌԴ հարաբերությունների վերաբերյալ Սարգսյանի եւ Տեր-Պետրոսյանի նախընտրական խոստումներում: Ի պատասխան՝ մեր զրուցակիցն ասաց. «Էական տարբերություններ չեմ տեսնում, հաշվի առնելով այն, որ մենք խոսում ենք Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների մասին, իսկ մեր շահերը Ռուսաստանի հետ՝ հարաբերությունները զարգացնելու, թե այն ժամանակ (երբ Լեւոն Տեր-Պետրոսյանն էր ՀՀ նախագահը- Մ. Ե.) եւ թե հիմա, նույնն են: Պարզապես այսօր այն ժամանակվա վիճակի փոփոխություն եմ տեսնում այնքանով, որ հարաբերությունները դադարել են լինել հավասարը հավասարի միջեւ հարաբերություններ, եւ թելադրողը կարծես թե բոլոր ուղղություններով դառնում է Ռուսաստանը: Ի վերջո, Ռուսաստանը վերջին 10-12 տարիների ընթացքում ձեռք է բերել նշանակալի սեփականություն, տնտեսական ոլորտում ընդլայնել է իր դերակատարությունը եւ անվտանգության ոլորտում լինելով երաշխավոր, կարծում եմ, իրեն թույլ է տալիս խոսել թելադրողի կարգավիճակով»: Ըստ պարոն Կարապետյանի՝ «ոչ մի աշխարհացունց իրադարձություն չի եղել, ինձ համար մի քիչ զարմանալի է, որ պայմանագրի ժամկետը լրանալուց 10 տարի շուտ ստորագրվել է 49 տարով երկարացնող փաստաթուղթ»:
ԱԺ Հանրապետական խմբակցության քարտուղար, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի համար զարմանալի չէ, որ ընդդիմությունը քննադատում է. «Որովհետեւ կա չգրված ճշմարտություն՝ իշխանությունը պետք է աշխատի, ընդդիմությունը պետք է քննադատի, բայց կա նաեւ այլ չգրված ճշմարտություն, որ ընդդիմությունը պետք է քննադատի հիմնավորված եւ ոչ թե հիմնազուրկ, ինչն անում են որոշ ընդդիմադիր գործիչներ: Նախագահ Սարգսյանի գործունեությունը երեւում է արդյունքներով: Ցանկացած պետական-քաղաքական գործչի համար կարեւորն արդյունքներն են: Իսկ այս դեպքում արդյունքները հետեւյալն են: Անցած երկու տարվա ընթացքում Հայաստանի դերը տարածաշրջանում անհամեմատ բարձրացել է, եւ սա վկայում են եւ ԱՄՆ-ը, եւ ԵՄ-ն, եւ ՌԴ-ն: Վերջին երկու տարում շատ պարզ է, որ Հայաստանը իրականացնում է բազմակողմ քաղաքականություն, որը ոչ արեւմտամետ է, ոչ ռուսամետ, դա հայաստանակենտրոն, իրական քաղաքականություն է: Ես ընդդիմությանը հարց եմ տալիս՝ հայ-ամերիկյան հարաբերությունները խորացե՞լ են, թե՞ ոչ, հայ-ամերիկյան հարաբերություններում մենք ունե՞նք հաջողություններ, թե՞ չունենք: Ունենք: Հայաստանի քաղաքականությունը ավելի ընկալելի՞ է դարձել Միացյալ Նահանգների համար, այո, եւ դրա մասին խոսում են հենց ԱՄՆ պետական պաշտոնյաները: Նույնի մասին հարցնում եմ եւ ԵՄ-ի հետ կապված՝ ողջունե՞լ են մեր երկրի վարած արտաքին քաղաքականությունը, իհարկե՝ այո, Բրյուսելում դա եղավ: Նաեւ հարց եմ տալիս՝ Ռուսաստանի նախագահի պետական այցը դրակա՞ն էր, թե՞ ոչ: Իհարկե՝ դրական էր, եւ դա չտեսնելը ու չգնահատելը պարզապես միտումնավոր կուրություն է: Այս ամենը նշանակում է, որ մեր հարաբերությունները որեւէ մեկ կողմի վրա չեն ուղղված: Այո, ՌԴ-ն մեր ռազմաքաղաքական դաշնակիցն է, բայց մյուս կողմից՝ Հայաստանը նաեւ խորացնում է իր հարաբերությունները աշխարհի այլ ուժային կենտրոնների հետ, եւ այս առումով նախագահի վարած արտաքին քաղաքականությունը բխում է իր նախընտրական ծրագրից եւ բխում է մեր պետական-ազգային շահերից»: