Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՈՒՆ ԵՆ ԱՌԵԼ ՈՒ ԿՐԱԿՆ ԸՆԿԵԼ

Օգոստոս 26,2010 00:00

Բարեխիղճ գնորդին կալանավորել են

\"\"

Նորություն չէ, որ անհատ բրոքերները տան վաճառքի ժամանակ հաճախ տարբեր մեքենայությունների են դիմում, որպեսզի պոտենցիալ գնորդից ավելի գումար պոկեն ու իրենց գրպանը դնեն, բայց որ անշարժ գույքի առքուվաճառք կազմակերպող լիցենզավորված գործակալությունների աշխատակիցներն են տուն վաճառելիս անօրինական գործողությունների դիմում, արդեն մտահոգիչ է: Աբովյան քաղաքի 55 ամյա բնակիչ Գագիկ Գեղամյանը 1 տարի չէ, որ Սիբիրի 50 աստիճան ցրտերի պայմաններում աշխատել է, որ իր հայրենի քաղաքում որդիներին ապահովի բնակարանով, սակայն արի ու տես՝ գնած բնակարանը որպես սեփականություն պահելն այնքան էլ հեշտ չէ: Տան սեփականատեր հանդիսացող Գ. Գեղամյանի որդին՝ Ռոմանը, որը, ի դեպ, աշխատում է ոստիկանության համակարգում, այժմ կալանավորված է, գնած բնակարանի վրա էլ կալանք է դրված: Հարուցվել է քրեական գործ:
Բանն այն է, որ Գագիկ Գեղամյանը դեռեւս 2008 թ. դեկտեմբերին Աբովյան քաղաքում Սարալանջ թաղամասի 6-րդ շենքում հարմար գնով տուն է գտել եւ որոշել է գնել: Այդ տան մասին նրան հայտնել է «Օլիվեր գրուպ» անշարժ գույքի առքուվաճառք կազմակերպող ընկերությունում աշխատող մորաքրոջ թոռնուհին՝ Վարդուհի Թամրազյանը, որն ունեցել է տան սեփականատիրոջ կողմից իրեն հատկացված լիազորագիր, ըստ որի՝ նա իրավունք ուներ տվյալ բնակարանը ցուցադրելու եւ վաճառելու: «Ես, կինս, տղաս ու հարսս գնացինք տունը նայելու: Երբ արդեն այդ տանն էինք, ես Վարդուհուն առաջարկեցի, որ տան տիրոջն էլ կանչի, որպեսզի նրա հետ մի 2 բերան զրուցեինք, բայց նա պատասխանեց, որ տանտերը Թուրքիայում է: Միանգամից ավելացրեց, որ եթե չենք ուզում այդ տունը գնել, ինքը «նաղդ» կլիենտ ունի, որին կարող է այդ բնակարանը $37 հազարով վաճառել, իսկ մեզ, որպես բարեկամի՝ վաճառում էր $35 հազարով: Համաձայնեցինք գնել: Տղայիս՝ Ռոմանի հետ մեքենայով գնացինք Վարդուհու հետեւից, ես մեքենայի մեջ Վարդուհուն տվեցի $10 հազարը, որպեսզի որդիս ու նա գնան կադաստրով գործողությունները ձեւակերպեն: Չնայած ես էի գնորդը, տունը գրանցելու էի Ռոմանի անունով: 2 օր հետո կադաստրից թղթերը վերցրինք եւ գնացինք նոտար, որպեսզի վաճառքի պայմանագիրը հաստատենք: Նոտարի մոտ ես մնացած գումարն էլ «դո կոպեկ» տվեցի նրան: Նոտարը վաճառքի պայմանագիրը հաստատեց: Այդ ժամանակ դեռ չէի էլ կասկածում, թե ինչ է գլխիս գալու, դրա համար էլ շատ հանգիստ համաձայնեցի՝ մինչեւ գարուն սպասել եւ նոր միայն տղայիս ընտանիքը տեղափոխել այդ տուն: Սպասելու պատճառն էլ պարզ էր՝ տանտերը դեռ Հայաստանում չէր, տան գույքն էլ տեղում էր: Անցավ 5 ամիս, երբ իմացանք, որ մեր բարեկամ Մարոյի տունն ենք առել, որը զանգել էր տղայիս եւ ասել, որ ինքը պատրաստ է $3 հազարը տալ ու տունը հետ վերցնել: Տղաս նրան պատմել էր, թե ինչն ինչոց է, մենք ինչպես ենք այդ տունն առել, Մարոն էլ սկսել էր անիծել Վարդուհուն: Հաջորդ օրը մորաքրոջս տանը քննարկման էինք հրավիրված: Ինձնից պահանջում էին, որ տունը հետ տամ, իրենք էլ գումարը կտան, սակայն ես չհամաձայնեցի: Ասացի, որ ամենից հարմար պայմանն այն կլինի, որ ինձ համար նույն հարմարություններով տուն առնեն տան: Վարդուհու քեռին՝ Հրահատ Նիկողոսյանը խոստացավ այդ հարցերով զբաղվել կամ էլ 2 տարվա ընթացքում գումարը վերադարձնել: 2 ամիս անց Հրահատը հանդիպում է որդուս եւ ասում, որ ինքը ոչ մեկին ոչինչ չունի տալու, ոնց ուզում ենք՝ տան հարցերը կարող ենք լուծել»,- պատմում էր «Առավոտի» խմբագրություն եկած Գագիկ Գեղամյանը: Նրա այն հարցերին, թե Վարդուհին ի՞նչ է արել $35 հազարը, աղջիկը պատասխանել է, որ վաճառքի ձեւակերպման օրը նրա պայուսակից գողացել են այդ գումարը. «Ասում եմ, աղջիկ ջան, բա ինչի՞ էդ ժամանակ չես ասել, ասում է, որ վախեցել է: Դու մի ասա, պարզվում է, որ նա տանտիրոջը 3 տոկոսով $3 հազար գումար է տվել տան առքուվաճառքի լիազորագրի դիմաց ու դա օգտագործել իր կարիքների համար»:
Հոգնելով այս քաշքշուկներից՝ բնակարան գնողը որոշում է այն վաճառել, սակայն պարզվում է, որ այդ տան վրա մայիս ամսից կալանք է դրված: Գ. Գեղամյանի խոսքերով, կալանքի պատճառ էր հանդիսացել այն, որ հայտնվել էր Մարոյի, այսպես ասած, մահացած ամուսինը եւ որպես տան համասեփականատեր՝ հայտարարել, որ ինքը տան վաճառքի համաձայնություն չի տվել. «Բայց այդ տանը գրանցված է միայն Մարոն: Այդ կապակցությամբ մեզ կանչեցին դատարան, դատավորը հարցրեց, թե ում է պատկանում տունը եւ ում մոտ են տան բանալիները, պատասխանեցին, որ մեր: Նա էլ խորհուրդ տվեց, հին եւ նոր սեփականատերերով լեզու գտնենք իրար հետ, որպեսզի դատվողներ չլինեն»: Սակայն որոշ ժամանակ անց նույն փաստի առթիվ հարուցվում է քրեական գործ: Այն քննվում է Չարենցավանի, Աբովյանի ոստիկանություններում, որտեղ Գեղամյանները արդարացվում են՝ ճանաչվելով բարեխիճ գնորդ: Սակայն երբ գլխավոր դատախազի հրահանգով այս գործը հասնում է Պետեկամուտների կոմիտեի հատուկ քննչական բաժին, այստեղ ամեն ինչ խառնվում է իրար: Գագիկի ներկայացմամբ. «Ցանկացան որդուս վաշխառու սարքել: Որպես ոստիկանության աշխատող, տղաս իրավունք չուներ տոկոսով գումար տալու, նման բան չի էլ եղել, իսկ իրենց կարծիքով՝ եղել է, քանի որ Վարդուհին հայտարարում է, որ ինքը տոկոսով գումար է վերցրել Ռոմանից: Իմ տղան ի՞նչ գումար է վաստակում, ընդամենը 80 հազար դրամ աշխատավարձ է ստանում, ինչպե՞ս էր տոկոսով փող տալու: Հետո էլ տղաս դարձավ խարդախ ու վստահությունը չարաշահող, որի պատճառով էլ նստած է: Նրան ոչ մի պայմանով ազատ չեն արձակում՝ ոչ ստորագրությունով, ոչ էլ գրավի դիմաց: ՊԵԿ-ի քննիչն ինձ առաջարկում է, որ եթե տունը հետ տամ, խարդախության մեղադրանքը կհանեն Ռոմանի վրայից, սակայն ես չեմ համաձայնում, չեմ հասկանում, թե ո՞նց են խարդախությունը վերացնելու»:
Մենք զրուցեցինք նաեւ Ռոմանի փաստաբան Մարինե Թովմասյանի հետ, որի կարծիքով՝ Ռոման Գեղամյանն այս գործին առնչվում է այնքանով, որ տունը գրանցվել է նրա անունով. «Մնացած գործարքների հետ նա ընդհանրապես կապ չի ունեցել: Երբ քրեական գործ է հարուցվել, շուրջ 9 ամիս գործի քննության ժամանակ Ռոմանը եղել է վկայի կարգավիճակում, սակայն հետո նրան առաջադրվեց վաշխառության մեղադրանք, այն էլ միայն Վարդուհու ցուցմունքների հիման վրա: Վարդուհին նշում է, որ Ռոմանից 30%-ով գումար է վերցրել, ասում է, որ դա իրեն ձեռնտու պայման չի եղել, սակայն վերցրել է: Վաշխառության կասկածը ամրապնդող որեւէ այլ ցուցմունք չկա»: Փաստաբանը ասում է, որ մեր օրենսդրությամբ սահմանված չէ ուրիշի միջոցով վստահություն չարաշահել, սակայն Ռոմանին առաջադրվել է հենց այդ մեղադրանքը. «Ես բողոք ներկայացրի գլխավոր դատախազություն՝ նշելով գործի բոլոր թերությունները, խնդրել եմ ինձ առկա ապացույցներով հայտնել, թե ով ում է խաբել: Բողոքս ըստ էության մերժել են, ընդամենը արտատպել են մեղադրանքը, ավելացրել են, որ գործով բավարար ապացույցները հիմք են տալիս Ռոման Գեղամյանին մեղավոր ճանաչել»:
Նշենք, որ Ռոման Գեղամյանին քրգործի հարուցման օրվանից ազատել են աշխատանքային պարտավորություններից, այնինչ՝ ոստիկանության մասին օրենքով նշվում է, որ անձի նկատմամբ հարուցված քերական գործի դեպքում են ազատում աշխատանքային պարտավորություններից, իսկ Ռոմանը շուրջ 9 ամիս եղել է վկայի կարգավիճակում: Նկատենք, որ նա նաեւ ընտանիքի միակ աշխատողն է, բացի այդ, լինելով ոստիկան, նա բարոյապես էլ է տուժում:
Գեղամյանների միակ մխիթարությունն այն է, որ, բացի Ռոմանից, ձերբակալված է նաեւ Վարդուհին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել