Թուրքիայի այն հայտարարությունները, թե ինքը քննարկում է հայ-թուրքական սահմանը ժամանակավորապես բացելու հնարավորությունը, շոու է՝ կազմակերպված հատուկ Ադրբեջանի համար: News.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքով, սա Անկարայի փորձն է՝ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա: «Հնարավոր է՝ դա կապված է Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի՝ Բաքու կատարած վերջին այցի հետ»,- ասաց Շարմազանովը՝ ենթադրելով, որ Թուրքիան եւ Ադրբեջանը որոշ հարցերում չեն կարողացել ընդհանուր հայտարարի գալ, ինչից հետո էլ թուրքական լրատվամիջոցներում տեղեկություն է հայտնվել այն մասին, թե թուրքական բանակը կանգնած է Ադրբեջանի հետ սահմանին եւ այլն: Հարցին, թե կբացվի՞, արդյոք, հայ-թուրքական սահմանը, Շարմազանովը նշեց, որ եթե խոսքը գնում է հարաբերությունների կարգավորման համատեքստում սահմանի բացման մասին, ապա Թուրքիան «շատ լավ կանի՝ այն բացելով առանց նախապայմանների», իսկ եթե խոսքը ժամանակավոր բացման մասին է, ապա դա ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ շոու: NEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ սեպտեմբերի 11-17-ը Հայաստանում տեղի կունենան ՆԱՏՕ-ի՝ «Հայաստան-2010» զորավարժությունները, որոնց կմասնակցեն 19 անդամ-երկրների զինվորականներ, այդ թվում՝ 3 թուրք ներկայացուցիչ: