Համոզված է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը
Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում նշեց, որ Հայաստանում ռուսաստանյան ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարաձգման մասին օրերս ստորագրված արձանագրությամբ Ռուսաստանն ապահովելու է Հայաստանի անվտանգությունը՝ «անկախ այն հանգամանքից, թե որտեղից կբխի սպառնալիքը»:
«Նախկին պայմանագրում նշվում էր, որ Ռուսաստանի Դաշնության ռազմակայանը Ռուսաստանի Դաշնության շահերը պաշտպանելուց բացի, Հայաստանի զինված ուժերի հետ համատեղ ապահովում է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը՝ նախկին ԽՍՀՄ սահմանի երկայնքով, ինչը կորցրել էր իր արդիականությունը»,- պարզաբանեց պաշտպանության նախարարը՝ շարունակելով. «Փոխարենը պայմանագրի ներկա ձեւակերպումները պայմանավորված են ռազմական եւ ֆինանսատնտեսական պլանավորման ռազմավարական բնույթով, ռազմական ոլորտում երկարաժամկետ ներդրումային քաղաքականությամբ, Հայաստանի եւ տարածաշրջանային անվտանգության ապահովման ուղղությամբ հայ-ռուսական համատեղ պլանավորման շարունակականությամբ»:
Հարցին, թե ստորագրված փաստաթուղթն արդյոք նշանակո՞ւմ է, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման դեպքում Ռուսաստանը ռազմական աջակցություն ցույց կտա Հայաստանին՝ պաշտպանության նախարարը արձագանքեց. «Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի դեմ ուղղված հնարավոր սպառնալիքներին, ապա պետք է նշեմ, որ ավելի քան երկու տասնամյակ ինքնորոշված Արցախի ժողովրդի անվտանգության եւ նրա ընտրած զարգացման ուղու երաշխավորը Հայաստանի Հանրապետությունն է, այլ ոչ թե որեւէ այլ երկիր: Միաժամանակ պետք է ասեմ հետեւյալը՝ այն դեպքում, եթե Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված սպառնալիքը վերաճի Հայաստանի Հանրապետության դեմ ուղղված անմիջական սպառնալիքի, ապա չեմ կասկածում, որ Ռուսաստանի Դաշնությունը կկատարի իր դաշնակցային եւ պայմանագրային պարտավորվածությունները»:
Հարցին, թե Հայաստանի զինված ուժերի արդիականացումը, որում շեշտը դրվելու է հեռահար ու գերճշգրիտ զինատեսակների վրա, որքանո՞վ կնպաստի երկրի պաշտպանունակության ամրապնդմանը, եւ արդյոք դա կապվա՞ծ է Ադրբեջանի կողմից C-300 համալիրների հնարավոր ձեռք բերման հետ, Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Հայաստանի զինված ուժերը գերժամանակակից սպառազինությամբ համալրելու ծրագրերը կապված չեն C-300 համակարգերի ձեռք բերման մասին ասեկոսեների հետ, քանի որ, ինչպես նշեցի, այդ համակարգերը Ադրբեջանի ուժերին չեն տա անհրաժեշտ ռազմավարական առավելություն: Հայաստանի Հանրապետության սպառազինության եւ ռազմական տեխնիկայի զարգացման հայեցակարգային զարգացումներն ունեն մի քանի պատճառներ: Առաջինը՝ թեեւ ձեռք բերման սկզբնական փուլերում կպահանջվեն զգալի ֆինանսական միջոցներ, սակայն երկարաժամկետ հեռանկարում այդ համակարգերի ձեռք բերումը տնտեսապես առավել նպատակահարմար է: Երկրորդը՝ նման սպառազինությունների ձեռք բերումը եւ հետագա շահագործումը պահանջում է բարձր տեխնիկական գիտելիքներով օժտված անձնակազմ: Այսինքն՝ ստեղծվում է արդիական գիտելիքներով օժտված մասնագետների երկարաժամկետ պահանջարկ երկրի ներսում: Երրորդը՝ հեռահար ու գերճշգրիտ համակարգերի օգտագործումը հնարավորություն է տալիս հավանական պատերազմի դեպքում նվազեցնել զոհերի թիվը նույնիսկ հակառակորդի քաղաքացիական բնակչության շրջանում՝ միաժամանակ ապահովելով նրա ռազմավարական օբյեկտների արագ ու ճշգրիտ խոցումը գործողությունների վարման տարածքի ամբողջ խորությամբ: Եվ վերջինն ու թերեւս ամենակարեւորը՝ այս սպառազինությունների կիրառումը Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, առկա այլ համակարգերի հետ համատեղ, իրոք նպաստում է Հայաստանի Հանրապետության պաշտպանունակության ամրապնդմանը, ամրապնդում է ռազմավարական զսպման համակարգը»: