Հենց այսպես են կանխատեսում ՀԱՊԿ-ի ապագան հայաստանյան որոշ փորձագետներ՝ նկատի ունենալով այդ կազմակերպության անդամ պետությունների ներքին խնդիրներին «արագ արձագանքելու» հավակնությունները:
Օգոստոսի 20-22-ին Երեւանում տեղի ունեցած ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթաժողովում քննարկված հիմնական երկու հարցերից մեկը վերաբերում էր Ղրղըզստանում տիրող իրավիճակին, մյուսը, նույն այս երկրի օրինակով, ճգնաժամային իրավիճակներում ՀԱՊԿ կողմից արագ արձագանքման խնդրին: Ու թեեւ այս հարցերի շուրջ քննարկումների մասին հայ հանրությանը «սահմանափակ» տեղեկատվություն մատուցվեց, բայց մի բան, այնուամենայնիվ, հայտնի դարձավ. Ռուսաստանի գլխավորությամբ ՀԱՊԿ անդամ պետությունները՝ Ղազախստան, Բելառուս, Ուզբեկստան, Տաջիկստան, Ղրղըզստան ու Հայաստան, մտադիր են որոշ ճշգրտումներ անել ՀԱՊԿ կանոնադրության մեջ: Դրանք, ըստ Մեդվեդեւի, թույլ կտան արդեն դեկտեմբերին ՀԱՊԿ կանոնադրական նոր փաստաթղթերի վերաբերյալ առաջարկություններ անել՝ նոր եւ, հնարավոր է, ընդլայնված իրավասություններով ինստիտուտներ ստեղծելու համար, որպեսզի «մի շարք դեպքերում» ՀԱՊԿ-ն կարողանա առավել արագ եւ արդյունավետ արձագանքել: Մի շարք դեպքեր ասելով Մեդվեդեւը նկատի ուներ Ղրղըզստանը:
Թե ինչ են նշանակում ՌԴ նախագահի ակնարկները՝ ավելի ուշ «թարգմանել» է ՀԱՊԿ ինստիտուտի Հայաստանի ազգային բյուրոյի տնօրեն Նվեր Թորոսյանը: Իսկ նա, ըստ «Ռեգնումի»՝ ասել է, թե աշխատանքներ են տարվում ՀԱՊԿ իրավական շրջանակներն ավելի հստակ եւ որոշակի դարձնող փաստաթղթի մշակման ուղղությամբ, որոնք վերաբերում են ՀԱՊԿ անդամ պետությունների ներքին անվտանգության խնդիրներին: Նրա ասելով՝ քանի որ ՀԱՊԿ կանոնադրությունը արգելում էր միջամտել Ղրղըզստանի ներքաղաքական գործերին, դա հակասություն առաջացրեց ՀԱՊԿ սկզբունքների հետ, որովհետեւ ոչ ոք չի կարող որոշակիացնել՝ որտեղ են ավարտվում երկրի ներքին գործերը եւ որտեղ սկսվում պետությանն անմիջական սպառնալիքը: ՀԱՊԿ-ի հեռահար նպատակների մասին ավելի բաց տեքստով խոսել է ՌԴ Աշխարհաքաղաքական ակադեմիայի նախագահ, գեներալ-գնդապետ Լեոնիդ Իվաշովը, որի կարծիքով, անհրաժեշտ է հստակեցնել կազմակերպության գործունեությունը անդամ երկրների ներքին անվտանգության սպառնալիքները վերացնելու ուղղությամբ, ու դա պետք է անել այնպես, որ հանկարծ չդիտվի որպես «երկրների ներքին կյանքի միջամտում»: Նա, ի դեպ, առաջարկել է խմբագրել նաեւ ՀԱՊԿ կանոնադրության 4-րդ կետը:
Արդյոք այսօրինակ հայտարարություններն ու խոստովանությունները չե՞ն նշանակում, որ ՀԱՊԿ-ն՝ ի դեմս անդամ պետությունների եւ, իհարկե, Ռուսաստանի, չի փորձում իրավական դաշտ ստեղծել անդամ պետություններից որեւէ մեկում պետության «ներքին»՝ ոչ լեգիտիմ իշխանությունների «կայունությանը» սպառնացող վտանգները չեզոքացնելու համար, ինչը ՀԱՊԿ-ից ակնկալում էր նաեւ Ղրղըզստանի ժամանակավոր կառավարությունը: Որ ՀԱՊԿ շրջանակներում տեղի ունեցող զարգացումները հենց դրան են տանում՝ բացառել, անշուշտ, հնարավոր չէ:
Այդ առնչությամբ «Առավոտի» հետ զրույցում «Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» փորձագետ, քաղաքագետ Մանվել Սարգսյանն ասաց, թե դա ձեռնտու կլիներ ե՛ւ ՀԱՊԿ անդամ կիսաավտորիտար կամ ավտորիտար պետությունների իշխանություններին, ե՛ւ Ռուսաստանին: «Ամեն մեկին թվում է, թե ՀԱՊԿ կանոնադրությունում փոփոխություններ կատարելու արդյունքում անհրաժեշտ պահին ՀԱՊԿ զորքը կկանչեն, նրանք էլ կգան ու իրենց կփրկեն»,- ասաց փորձագետը: Ըստ նրա, խնդիրը մի քիչ այլ է Ռուսաստանի համար: Ռուսաստանը փորձում է իր հարաբերություններն Արեւմուտքի հետ կարգավորել ավելի ուժեղ դիրքերից եւ ցանկություն ունի տարբեր բլոկներ կնքելով ցույց տալ, թե իր ազդեցությունը հետխորհրդային տարածքում ուժեղ է եւ տարածվում է: Մյուս կողմից էլ՝ Ռուսաստանն, իհարկե, ցանկություն կունենա օրինական հիմք ունենալ իր ազդեցությունն էլ ավելի տարածելու համար: Բայց խնդիրը ոչ թե Ռուսաստանն է, այլ հենց այդ պետությունների ղեկավարները, որոնք ցանկացած փաստաթուղթ ստորագրում են՝ հույս ունենալով, որ «դրսի» օգնությամբ կպահպանեն իրենց իշխանությունը:
Մ. Սարգսյանը ափսոսանք հայտնեց, որ նման զարգացումներին Հայաստանի հասարակությունը մատների արանքով է նայում. «Բանն այն է, որ հասարակությունն ավանդաբար Ռուսաստանի մեջ վտանգ չի տեսնում, միայն օգնություն է սպասում, ուստի՝ չեմ կարծում, թե նրանք կխորանան այդ ամենի մեջ եւ կհասկանան, որ դրա արդյունքում իրենց իրավունքները կարող են խախտվել: Հասարակությունն այսպես է մտածում՝ ռուսներն են, մեր ախպերն են, ի՞նչ կա, թող անեն: Եթե ցանկացած այլ երկրի հետ նման խնդիր առաջանար, հաստատ լուրջ պրոբլեմներ կլինեին»:
Այդուհանդերձ, փորձագետը կարծիք հայտնեց, թե ՀԱՊԿ կանոնադրության կամ կազմակերպության այլ փաստաթղթերում համապատասխան սրբագրումներ անելուց հետո էլ ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերը ՀՀ իշխանություններին օգնության ձեռք չեն մեկնի եւ չեն միջամտի մեր ներքաղաքական իրավիճակներին, թեեւ նման զարգացում առաջիկա խորհրդարանական ընտրությունների համատեքստում նա չի էլ ակնկալում. «Չեմ կարծում, թե այսօր կա մի ուժ, որը հարցն այնպես դնի, որ ՀԱՊԿ ուժերի անհրաժեշտություն զգացվի: Եթե լինի էլ, ոչ ոք չի խառնվի, որովհետեւ նման շահագրգռություն չկա»:
«Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» ղեկավար Ստեփան Գրիգորյանը մեր հարցին ի պատասխան՝ նկատեց, որ ՀԱՊԿ կանոնադրությունն այդ համատեքստում վերանայել հնարավոր չէ. «Չեն կարող, որովհետեւ միջազգային անվտանգության որեւէ համակարգի էությունը պայմանագրի անդամ պետությանը համատեղ ուժերով բացառապես արտաքին թշնամուց պաշտպանելն է: Եթե դա փոխվի, կնշանակի, որ ՀԱՊԿ-ն ամբողջովին եւ ըստ էության փոխվում է: Դա արդեն անվտանգության համակարգ չի լինի, կլինի ինչ-որ մի այլ բան, լավ թե վատ, բայց՝ այլ բան: ՆԱՏՕ-ն կամ անվտանգության որեւէ այլ համակարգ, որը գործել է նախկինում կամ այսօր գոյություն ունի, կարեւոր է այնքանով, որքանով այն անդամ երկրներին պաշտպանում է արտաքին վտանգից, սպառնալիքից: Եթե ՀԱՊԿ կանոնադրության 4-րդ կետը կամ նրա հիմնական գործառույթը վերանայվի, կնշանակի հրաժարվել այդ համակարգից եւ ստեղծել այլ բան, ասենք՝ 7 պետությունների միություն կամ դաշնություն եւ այլն: Եթե դու ուզում ես նաեւ ներքին հարցերում օգնել քո դաշնակիցներին, հարեւան պետությանը, այլ խնդիր է, բայց անվտանգության համակարգի հետ դա այլեւս որեւէ առնչություն չունի»:
Ստ. Գրիգորյանը կասկած հայտնեց, թե այդ քննարկումները կհանգեցնեն նրան, որ փոփոխվի կամ լրացվի ՀԱՊԿ կանոնադրության 4-րդ կետը: Հնարավոր է, որ անդամ պետությանն ինչ-ինչ պայմաններում՝ բնական, տեխնոգեն աղետների ժամանակ, հումանիտար, տեխնիկական աջակցության վերաբերյալ, ինչ-որ ձեւակերպումներ մտցվեն, բայց ներքաղաքական ասպեկտների վերաբերյալ որեւէ բան չեն կարողանա ավելացնել. «Խիստ կասկածում եմ, որ բոլոր 7 երկրները կհամաձայնեն նման փոփոխություն կատարել՝ դրա վառ օրինակը հենց Բելառուս-Ռուսաստան հակադրությունն է, ու դա չի լինի այն պատճառով, որ նույնիսկ ՀԱՊԿ-ում որեւէ մեկն իր ինքնիշխանությունը մյուսի հետ չի ցանկանա կիսել, իսկ դա կնշանակի, որ փոփոխությունը չի անցնի: Երկրորդ, կրկնում եմ՝ անվտանգության համակարգերի նպատակը արտաքին ագրեսիայից պաշտպանելը, արտաքին սպառնալիքները չեզոքացնելն է»: