Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՄԵՐ ՎԵՐՆԱԽԱՎԸ ՊԱՌԿԱԾ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՏԱԿ»

Օգոստոս 26,2010 00:00

\"\"ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի այցին բլոգերներից մեկն այսպես էր արձագանքել. «Насяльника пириехала!!!»:

«Օրհնված լինի էն սհաթը, երբ ռուս զինվորն իր ոտը կքաշի Հայաստանից»,- «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում այս կարգախոսն էր վերջերս հրապարակել Հրանտ Տեր-Աբրահամյանը, որը նաեւ անհրաժեշտ էր համարել կազմել ցուցակն այն մարդկանց, ովքեր պատրաստ են հանուն իրենց կողմնորոշման արդարացնել զենքի վաճառքն Ադրբեջանին: «Ֆեյսբուքում» օրերս անգամ «Stop Russia» խումբ գրանցվեց, որին առայժմ անդամակցում են 24 հոգի:
Սակայն մեր հետագա մեջբերումները կանենք բլոգերների գրառումներից, որոնք նույնպես գերազանցապես առնվազն վատ թաքցրած հեգնանքով են մեկնաբանել հայ-ռուսական վերջին զարգացումները:
Ահա թե Մարկ Գրիգորյանը (https://markgrigorian.l ivejournal.com/532575.html) ինչպես է արձագանքել հայ-ռուսական պայմանագրում փոփոխություններ անելու վերաբերյալ արձանագրությանը. «Այն ի՞նչ է նշանակելու Ռուսաստանի համար: 1. Կովկասում դիրքերի ամրապնդում: 2. Նյարդայնացում Վրաստանի, Ադրբեջանի եւ Արեւմուտքի, որն, ինչպես ինձ է թվում, այդպես էլ ձեռք չի քաշում ԼՂ հակամարտությունը կարգավորելու փորձերից: 3. Պատասխան Հաագայի միջազգային դատարանի Կոսովոյի հարցով որոշմանը: 4. Ուժի ցուցադրություն Արեւմուտքին»: Եվ հավելել է. «Այս կետերը, որոնք թվարկեցի՝ վերաբերում են ում ասես, բայց ոչ Հայաստանին: Իսկ ի՞նչ սա կնշանակի Հայաստանի համար: 1. Անկախության նվազեցում: Եթե այլ երկրի զորքերը «պաշտպանում են անվտանգությունը» քո ոչ թե երկրի, այլ «հանրապետության», նշանակում է, որ անկախության աստիճանն իջնում է: 2 Անվտանգության աստիճանի ավելացում: Երբ քեզ տարեցտարի ասում են, որ «համբերությունն անսահման չէ», եւ երբ հարեւանների ռազմական բյուջեն, որն ուղղված է քո դեմ, հավասար է քո բյուջեին՝ ակամա կխորհես անվտանգության աստիճանի մասին»: Վրացի մի բլոգեր՝ «Սոմ» անունով, արձագանքել է. «Ոչ թե Հայաստանն է ունենալու ռուսական ռազմակայան, այլ Ռուսաստանն է ունենալու Հայաստանին: Իսկ թե ինչպիսի «խաղաղարարներ» են նրանք՝ մենք արդեն տեսել ենք»: Նրան պատասխանել է ռուս բլոգեր՝ «Դոբրիյստարշինա» անունով. «Պետք է թերեւս վրացի «խաղաղարարների» հրավիրել, որոնք սկսում են կրակել քնած քաղաքի վրա եւ խաղաղապահ առաքելության իրենց իսկ գործընկերների թիկունքին: Իսկ ընդհանրապես, Հայաստանում ռուսական ռազմակայանը խաղաղապահ առաքելություն չէ: Սա Ռուսաստանին թանկ ժողովրդի պաշտպանության առաքելություն է»:
«Գյուրզա Գորինիչ» մականունով բլոգերը (https:// 13lad.livejournal. com/217108.html) անդրադառնալով ՌԴ կողմից C-300-ի վաճառքին՝ գրել է. «Այն հանգամանքը, որ Իրանին C-300 չվաճառեցին, իսկ Ադրբեջանին շուտով կվաճառեն՝ այդ երկիրը դնում է շատ փխրուն վիճակում: Նախ՝ այդ խաղալիքի համար անչափ շատ փող է տրվելու: Դե, փողը՝ հայտնի է, կեղտ է, կգտնվի, լավ է՝ նավթը դեռ հոսում է: Երկրորդ հերթին՝ այս համակարգով հայերի դեմ կռվել առանձնապես չի ստացվի՝ Հայաստանն ավիացիա գրեթե չունի, իսկ իրենք՝ հայերը, հողեղեն մարդիկ են եւ սիրում են, երբ իրենց ոտքերի ներքո ամուր հիմք է»:
ՌԴ նախագահի այցին «Փիղ» մականունով բլոգերն արձագանքել է «Նաշա Ռաշայի» Ռավշանի եւ Ջումշուդի արտահայտությամբ՝ ««Насяльника пириехала!!!»: Իսկ Դավիթ անունով բլոգերը (https:// zubian.livejournal. com/120921.html) նույն թեմայով գրել է. «Գիտե՞ք, թե ինչ է փոխվել Հայաստանում անկախության 20 տարուց հետո: «ԸՀԾթԸի» ցուցանակը փոխարինվել է «ARMROSGAZPROM» ցուցանակով: Գլխավորը, որ սոլիդ տեսք ունի»: Նաեւ հավելել. «Այժմ մեր, այսպես կոչված, վերնախավն ամբողջությամբ պառկած է Ռուսաստանի տակ: Այսպես ասած՝ չես սիրում սեփական ռուսախոսներին, ուրեմն՝ ստիպված կլինես սիրել օտարներին: Հազվադեպ այցելում է «ցար բատյուշկան»՝ զննում խոլոպներին, նայում լուրջ հաստատությունների անգլերեն ցուցանակներին, որում անփոփոխ ներառված է «ROS» հապավումը, բավարարված գլխով է անում եւ հետ գնում»:
«Ասոբեննըսծի ածեչեստվեննըվը պալիծիչեսկըվը ձիսկուրսը»՝ այսպես է վերնագրել թեմային իր անդրադարձը (https://narjan.livejournal.com/420743.html) «Նառջան» մականունով բլոգերը. «Փաստորեն, այս օրերին Հայաստանի ինքնավարությանը չորով հարվածող մի խայտառակ նախաձեռնություն մեծ հավանականություն ունի իրականանալու, սահմանին անհանգիստ ու լարված իրավիճակ է, բանակում՝ վրա-վրա դեպքեր ու զոհեր, մեր գերագույն գլխավոր պապան մեզ քցում ա ամենաբացահայտ ձեւով, եւ արի ու տես, որ հայոց մամուլին ու բլոգությանը հուզող գերագույն հարցն այսօր եղել է ինչ-որ քաղաքական մարգինալի ու լեւոնենց ապահարզանը… Հոպար, պահի՝ իջնեմ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել