Վատիկանի թանգարանները եւ այնտեղ պահպանվող նմուշները կազմում են 90 միլիարդ եվրո արժողության, այսպես կոչված, բրենդ: Ըստ Մոնցա եւ Բրիանցա լոմբարդյան մարզի Առեւտրաարդյունաբերական պալատի հաշվարկների՝ այդ թիվը մի փոքր ցածր է Հռոմում հինավուրց մշակույթի խիստ արժեքավոր այնպիսի հուշարձանի բրենդից, ինչպիսին Կոլիզեյն է, որի ընդհանուր արժեքը կազմում է 91 միլիարդ եվրո:
«Corriere della Sera» հրատարակությունը երրորդ տեղում դասում է Միլանի հայտնի Սբ. Մարիամ եկեղեցին, որի արժեքը կազմում է 82 միլիարդ եվրո: Սակայն ֆինանսական ոլորտի փորձագետները կարծում են, թե այդ բոլոր հուշարձանների բրենդները լրացուցիչ ճշգրտման կարիք ունեն: Նրանք պետք է հաշվի առնեն ինչպես ունեցվածքային ակտիվները, այնպես էլ ոչ նյութական ցուցանիշները, օրինակ՝ համբավը, իմիջը եւ մշակութային այդ օջախներ այցելող զբոսաշրջիկների թիվը: Արդյունքում՝ Վատիկանի թանգարանների ընդհանուր արժեքը կարող է աճել: