Լրահոս
Օրվա լրահոսը

Նա կատարյալ արտիստ-բեմադրիչ էր

Օգոստոս 25,2010 00:00

Գեորգի Յակուլովի ծննդյան 125-ամյակի առթիվ

\"\"Գեորգի Յակուլովի անվանը առաջին անգամ հանդիպել եմ Սերգեյ Եսենինի կենսագրության մեջ: Նրա արվեստանոցում է տաղանդավոր բանաստեղծը հանդիպել իր ապագա կնոջը՝ Այսեդորա Դունկանին: Հետագայում կարդալով նրա մասին հուշեր եւ դիտելով նրա նկարները, համոզվեցի, որ նա պակաս տաղանդավոր չի եղել եւ իր արվեստակից ընկերներից տարբերվում է այնքանով, որ նրան իր հայրենիքում ճանաչողները քիչ են:

1926թ. Երեւանի ժողտան կառույցի վայրում Թամանյանի կողքին միշտ կարելի էր տեսնել բարձրահասակ, վտիտ, արտիստիկ շարժուձեւով մի անձնավորություն, որի անունը այն ժամանակ դղրդում էր թատերական Մոսկվայում: Նա մի նկարիչ էր, որին Շիրվանզադեն կոչում էր Գեւորգ Յակուլովյան, Ա. Լունաչարսկին՝ Գեորգի Բոգդանիչ, իսկ Ս. Եսենինի, Վ. Մեյերհոլդի, Ա. Թաիրովի, Վ. Մայակովսկու եւ հանրահայտ հայ մտավորականների համար նա «սքանչելի Ժորժն» էր կամ պարզապես՝ Ժորժը: Յակուլովը հեղափոխությունից հետո համարվում էր Մոսկվայի ամենահայտնի թատերական նկարիչը: Բայց նա ոչ միայն նկարիչ էր, այլեւ արվեստի տեսաբան, կրքոտ հրապարակախոս եւ հասարակական ակտիվ գործիչ: Ռուս թատրոնի պատմության մեջ եղել է նա կոնստրուկտիվ, բեմական հրապարակների հիմնադիր, այսինքն՝ գեղանկարչական թեման առաջինն է թատրոնում ճարտարապետական ոճով մատուցել: Այս սկզբունքով է նա ձեւավորել «Արքայադուստր Բրամբիլան», Շեքսպիրի «Խոտորնակին խոտորնակ» դրաման, որի առթիվ Ա. Լունաչարսկին ասել է. «Նրա ստեղծածը չափազանց մեծ է»: Առավել բեղմնավոր էր Յակուլովի գործունեությունը կյանքի վերջին տարիներին (1926-28): Այդ երկու տարում նա եղավ Երեւանում, Փարիզում, Թիֆլիսում եւ Մինսկում: Սունդուկյանի անվան թատրոնում նա ձեւավորել է «Վենետիկի վաճառականը» եւ «Մորգանի խնամին»՝ Ա. Բուրջալյանի բեմադրությամբ, իսկ Փարիզում՝ Ա. Դյագիլեւի հետ, «Պողպատե ցատկ» բալետը:

Հայ բեմանկարչական զարգացման գործին իր մեծ ներդրումն ունեցած Գեորգի Յակուլովին իր հիշողություններում այսպես է ներկայացնում Վաղարշ Վաղարշյանը.«Հիշում եմ մեծատաղանդ հայ նկարչին աշխատելիս. խսիրե պարզ կտորը գետնին փռած, ավելի չափ մեծ վրձինը ձեռքին, թեփի ու եփած սոսնձի արկղերը այս ու այն կողմ դրած՝ Բուրջալյանի հետ զրուցում էին ժամանակի արվեստի հարցերի շուրջ ու նկարում «Մորգանի խնամու» դեկորները: Երկու մեծ հայերի ստեղծագործական երեւակայության շնորհիվ էր, որ թեփի եւ ներկերի խառնուրդները խսիրի վրա պատկերում էին ապագա ներկայացման ռելիեֆները: Դա նորարարություն էր ձեւավորման սկզբունքի եւ ֆակտուրայի տեսակետից»: Իսկապես, Յակուլովի բեմական-նկարչական ձեւավորումները նպաստել են պիեսի գաղափարի հստակ արտահայտմանը եւ օգնել են դերասաններին ապրելու իրենց մարմնավորած հերոսների կյանքով: Տաղանդավոր թատերական նկարիչը իր ստեղծած դեկորներով, զգեստներով եւ ռեկվիզիտներով շատ է նպաստել այդ բեմադրության գաղափարական եւ գեղարվեստական բարձր պահանջներին: Նույն տարիներին նա բնանկարներ է արել Դիլիջանում, կերտել Հովհ. Հովհաննիսյանի, Ա. Թամանյանի, Ա. Մելիք-Ադամյանի դիմանկարները: 1928-ին, երբ Յակուլովը պառկած էր Երեւանի հիվանդանոցում, Մոսկվայում պատրաստվում էին լայնորեն նշելու նրա գործունեության 25-ամյակը: Տաղանդաշատ նկարչին սպասվում էր տոնական շքերթ, փառահեղ վաստակին արժանավայել մեծարում ու պատիվ… Բայց Յակուլովը մեռավ: Նա հայ բեմին ավանդեց մոնումենտալություն եւ իր արվեստը հանձնեց ապագային:

1903-ին, 19 տարեկանում, Յակուլովը զորակոչվում է բանակ, մասնակցում Ռուս-ճապոնական պատերազմին եւ ռազմաճակատում հրապուրվում մանջուրական ավազաբլուրների մրրիկների խենթ խաղերով, ուսումնասիրում չին-ճապոնական գծանկարչության ոճի առանձնահատկությունները եւ նախասիրած գույները: 1907-08թթ. Յակուլովը մասնակցում է նկարիչների մոսկովյան «Վենոկ» ընկերության կազմակերպած ցուցահանդեսին, ուր նրա «Ձիարշավ» կոմպոզիցիոն կտավը արժանանում է բարձր գնահատականի: Ապա նա մեկնում է Իտալիա (1908թ.) եւ Ֆրանսիա (1913թ.), մեծ փորձ է ձեռք բերում: Յակուլովը նաեւ գրող էր եւ գեղագետ, որը ուներ կուռ մտածողություն: Խոսում էր ամբիոնից այնպես, ինչպես գրում էր եւ գրում էր այնպես, ինչպես նկարում էր: Տեսական իր կռահումներով նա նախասովետական տարիներին օգնեց թատրոնին՝ սցենոգրաֆիայի ասպարեզում նոր խոսք ասելու:

Յակուլովի ծառայությունները պատմական են նաեւ հայ բեմանկարչության ասպարեզում: Նա հայ թատրոն բերեց ճարտարապետական լակոնիկ կառույցներ եւ բեմը հարստացրեց լույսի, գծապլաստիկական ձեւերի բազմազանությամբ: Նա փոխեց թատրոնի ոգին: Երեւանում նա գտավ իր հին բարեկամներին՝ Շիրվանզադեին, Սարյանին, Մ. Մազմանյանին, բարեկամացավ Չարենցի, Կարո Հալաբյանի, Արուս Ոսկանյանի, Արշակ Բուրջալյանի եւ Ա. Թամանյանի հետ: Վերջինիս կարծիքով, Յակուլովը ժամանակակից նկարիչների մեջ ամենաժամանակակիցն է:

Դիլիջանում բուժվելուց հետո վերադարձավ Երեւան, բայց մահն այնպես արագ էր: Այստեղ հայրենի կտուրի տակ, 1928թ. դեկտեմբերի 28-ին, ընդհատվեց նրա կյանքը: Մարմինը փոխադրվեց Մոսկվա եւ թաղվեց Նովոդեւիչիե գերեզմանատանը:

Առաջին անգամ 1967թ. Երեւանի պետական պատկերասրահում բացվել էր Յակուլովի աշխատանքների մեծ ցուցահանդես, ուր ներկայացվել էին Փարիզից եւ Խորհրդային միության այլ թանգարաններից բերված նրա աշխատանքները: 1975թ. կազմակերպվեց ամենամեծ ցուցահանդեսը, որը շուտով փոխադրվեց Մոսկվա եւ այժմ գտնվում է Արեւելյան ժողովուրդների արվեստի թանգարանում:

1971թ. Մոսկվայում լույս է տեսել Ա. Ալաջալովի «Գեորգի Յակուլով» կենսագրական մենագրությունը, իսկ 1979թ. «Սովետսկի խուդոժնիկը» հրատարակել է Ե. Կուտինայի շքեղ ալբոմ-հավաքածուն, ուր տեղ են գտել Յակուլովի լավագույն գործերը: Այնպես որ, Յակուլովը չմեռավ, մեծ մարդը, մեծ արվեստագետը եւ վարպետը միշտ մեզ հետ է, ապագայի հետ է իր հանճարեղ հղացումներով, նոր ուղիների որոնումներով, որը երբեք անցյալի թախիծը չուներ եւ միշտ համարձակ մխրճվում էր վաղվա օրվա մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել