Հայկական գեղեցկության սրահների մասին ինտերնետից պատկերացում կազմողները վտանգված են «քաչալանալու»
«Արմեն ջան, ջերմորեն շնորհավորում ենք ծննդյանդ առթիվ, ցանկանում ենք քեզ քաջ առողջություն, երկար տարիների երջանիկ կյանք, հաջողություններ ուսման մեջ եւ անձնական կյանքում: Համբուրում ենք՝ Գագիկ, Վարսիկ, Հայկ»: Այս շնորհավորանքը ինչ-որ ռեստորանում քեֆի ժամանակ Արմենի հարազատներից մեկի կենացներից չէ: Այն զետեղված է «Գեղեցկության սրահների հայկական ակումբի» (Armenian beautysalon club) կայքէջում՝ www.beautysalon.am-ում: Հենց բացում ես այդ հասցեն՝ առաջինը վազող տողով աչքի են ընկնում Արմենն ու իրեն համբուրողները: Թե ով է նա, ինչ կապ ունի Հայաստանի գեղեցկության սրահների ակումբի հետ՝ պարզ չէ:
Այսօր մեր երկրում բավականին շատ գեղեցկության սրահներ կան, որոնց մի մասն արդեն դարձել են իմիջ կենտրոններ: Կանայք, համենայնդեպս, լավ գիտեն, թե քաղաքում որ սալոններն են առավել ճանաչված՝ իրենց պրոֆեսիոնալ ծառայություններով, բարձրակարգ մասնագետներով ու հայտնի բրենդով: Սակայն, եթե մեկը ինտերնետում փորձի տեղեկանալ, թե ինչ խոշոր ու հայտնի գեղեցկության սրահներ են գործում մեր երկրում՝ ապատեղեկատվություն կստանա:
Ըստ Հայաստանի գեղեցկության սրահների ակումբի, այսօր Հայաստանի լավագույն գեղեցկության սրահներն են՝ «Շուշանը», «Անուշն» ու «Հայկազը»: Սա մեզ մոտ առնվազն ծիծաղ կարող է առաջացնել: Մինչդեռ պարզ է, որ ինտերնետից մեր գեղեցկության սրահների մասին կփորձեն տեղեկանալ հիմնականում տուրիստները, արտասահմանցիները, որոնք Հայաստան գալուն պես, վստահ լինելով, որ «Հայկազն» է մեր երկրի լավագույն սրահը՝ կգնան այնտեղ: Ոչ ոք չի ասում, թե այդ սրահը վատն է: Ես օգտվել եմ, օրինակ, Հարավ-արեւմտյան թաղամասում գործող «Շուշան» գեղեցկության սրահից, վատ տպավորություն չեմ ստացել, բայց ամբողջ խնդիրն այն է, որ Բանգլադեշի «Շուշանը» չէ Հայաստանի լավագույն գեղեցկության սրահը: «Հայկազի», «Անուշի» ու «Շուշանի» գոյության մասին մեր երկրում գիտեն քչերը, մինչդեռ, ինչպես ներկայացված է կայքում, իրենք բազմակողմանի տեղեկատվություն են տալիս ու կողմնորոշում մարդկանց ճիշտ ընտրություն կատարելու ու լավ վարսավիր գտնելու հարցում: Եթե Հայաստան այցելած մի տուրիստ, հավատալով, թե իրոք «Հայկազն» է մեր երկրի ամենաճանաչված ու լավագույն վարսավիրանոցը, գնա ու այնտեղ մազերը «խրթզեն» ու «խուզեն»՝ բնականաբար, կայքը որեւէ պատասխանատվություն չի կրի իր խոսքերի համար: Իհարկե, «Զվերեւի» վարսավիրանոցում կամ «Անահիտում» էլ կարող են «չոլկան» կարճ կտրել կամ ինչ-որ բան այն չանել, բայց այնտեղ գիտես, որ աշխատում են իսկապես վերապատրաստված, նորմալ մասնագետներ:
Ինչպես պարզեցինք, www.beautysalon.am կայքը ստեղծել է «Նոյ» բիզնես խորհրդատվական եւ սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնը: Ներկայանալով որպես վարսավիրանոցի տեր, խնդրեցինք այդ ընկերության աշխատակցից մեզ էլ կայքում ներկայացնել որպես լավագույն ու ամենաբարձրակարգ: Ասացին, որ դա խնդիր չէ, պետք է վճարենք 30-70 հազար դրամ եւ ամսական 3000-5000 դրամ էլ՝ սպասարկման համար. «Նկարները կզետեղենք, կներկայացնեք ձեր գեղեցկության սրահը, կայքում այդ ամենը գեղեցիկ կձեւավորենք»:
Նշենք, որ նպատակ ունենալով նպաստել Հայաստանում մրցունակ մասնավոր հատվածի ձեւավորմանը եւ ինտերնետի գլոբալ ցանցի կայացմանը, «Նոյ» ֆիրմայի բիզնես խորհրդատվական կենտրոնը սկսել է իր ավելի քան 70 ինտերնետային դոմենների (կայքերի) ակտիվացման աշխատանքները: Ներկայումս աշխատանքներ են տարվում կամ կայացման փուլում են jewellery.am, publishers.am, esther.am, mineralwater.am, haybusiness.(am. ,com), hayfood(am.,com), haylur.am, haygovazd.am, hayradio. am, amtv.am, noytv./am., com/,barilur.am, fanat.am, alibi. am, cognac.am, engineers am, amfood.am, ammarket.am, ambusiness.am, arkland.am, 1×1.am, present.am, congratulation.am, silver.am, 1000in1.am, bariluys.am եւ մի շարք այլ կայքեր: Եթե այսքան կայքերում ներկայացված յուրաքանչյուր «լավագույն» հռչակված ընկերությունից «Նոյը» միջինը 40-50 հազար դրամ վերցնի, արդեն կարելի է պատկերացնել, թե ամսական որքան եկամուտ կստանա՝ սխալ տեղեկատվություն տարածելու դիմաց:
Արտասահմանյան ցանկացած երկրի գեղեցկության սրահների մասին ինտերնետում տեղեկատվություն կա, բայց այնտեղ ներկայացվում է գործող վարսավիրանոցների ու ծառայությունների ողջ ցանկը, հասցեն, մարդիկ ընտրություն են կատարում ու որոշում որտեղ գնալ: Իսկ մեր հայկական կայքում ներկայացված են միայն «լավագույնները», ավելի ճիշտ՝ նրանք, որոնք փող են տվել: