AmChess.am-ը տեղեկացնում է, որ Հայաստանի լավագույն շախմատիստ, գրոսմայստեր Լեւոն Արոնյանը սեպտեմբերի 3-8-ը Շանհայում մասնակցելու է «Մեծ սաղավարտի» խաղարկության «Շախմատային վարպետներ» մրցաշարին, որտեղ նրա մրցակիցները լինելու են Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան), Ալեքսեյ Շիրովը (Իսպանիա) եւ Հաո Վանը (Չինաստան): Երկու լավագույնները հոկտեմբերի 9-15-ը Բիլբաոյում աշխարհի գործող չեմպիոն, հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդի եւ նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ միասին «Chess Masters»-ի եզրափակչում կպայքարեն պատվավոր մրցանակին տիրելու համար:
Նույն աղբյուրը տեղեկացնում է, որ Բելֆոր քաղաքում ավարտված շախմատի Ֆրանսիայի կանանց առաջնությունում մեր հայրենակից, արմատներով արցախցի, գրոսմայստեր Էլմիրա Սկրիպչենկո-Աղաբաբյանը չորրորդ անգամ դարձել է Ֆրանսիայի չեմպիոն:
Շախմատային թեմաներով գրող լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Բելֆորում երկրի տղամարդկանց 2010 թվականի չեմպիոնի կոչումը նվաճել է Էլմիրայի ամուսինը՝ գրոսմայստեր Լորան Ֆրեսեինեն:
Իսկ ահա Աբու Դաբիում եզրագիծը հատած շախմատի միջազգային բաց մրցաշարում հայաստանցի գրոսմայստերներ Աշոտ Անաստասյանը եւ Ավետիք Գրիգորյանը, 9,0 հնարավորից վաստակելով 5,5-ական միավոր, ամփոփիչ մրցաշարային աղյուսակում 26 մասնակիցների մեջ պայքարն ավարտել են, համապատասխանաբար, 4-րդ եւ 5-րդ տեղերում: