Ճանաչված նկարիչ Հենրիկ Գարուկյանը՝ մասնավոր ցուցասրահների «անհետացման» մասին
Երեւանում 1990-ականների կեսերից սկսեցին բացվել մասնավոր ցուցասրահներ, որոնց նպատակն էր ոչ միայն ցուցադրել նկարիչների բնօրինակ աշխատանքները, այլեւ կազմակերպել դրանց վաճառքը՝ որոշակի մասնագիտական խորհրդատվությամբ եւ ցուցումներով: Այդպես էլ պետք է լիներ, որովհետեւ պետությունն այլեւս նկար չէր գնում՝ ինչպես խորհրդային շրջանում: Ցուցասրահ-խանութները միջոց էին, որ գնորդը ստանա համապատասխան տեղեկատվություն նկարչի ու նրա աշխատանքի մասին, այսպիսով՝ ոչ միայն ապահովում էր տեղեկատվությունը, այլեւ ստեղծում քարոզչության լայն հնարավորություն: Այսօր երեւանյան տասը մասնավոր ցուցասրահներից գործում է ընդամենը մեկը՝ «Արամեն»: Ստեղծվել է մի տեսակ շփոթ, երբ գնորդը չգիտի ստեղծագործության ծագման իսկության, նրա գեղարվեստական առանձնահատկությունների մասին, մյուս կողմից էլ՝ թեեւ շատ չեն մասնավոր հավաքածուների տերերը, սակայն ցուցասրահների բացակայությունը «խթանում» է հավաքածուների սիրողական մակարդակի ձեւավորմանը, ինչի հետեւանքով էլ, հաճախ գնելով այս կամ այն կտավը, հետագայում մեծանում են տարակույսները, անհրաժեշտ է լինում կազմակերպել մասնագիտական փորձաքննություն, որի մասնագետներն էլ շատ չեն Հայաստանում: Այս թեմայով «Առավոտի» զրուցակիցը ճանաչված նկարիչ Հենրիկ Գարուկյանն է: Նա հայտնեց, որ նկարիչների աշխատանքները մեծամասամբ ներփակված են արվեստանոցներում, չկա համապատասխան տեղեկատվություն, չկան նկարների վաճառքի համար նախատեսված պայմաններ: Ռեպլիկին՝ իսկ Վերնիսա՞ժը…, մեր զրուցակիցը նախ փաստեց, որ այդ վայրում բարձրակարգ ու բնօրինակ աշխատանքներ քիչ են հանդիպում, թեեւ Վերնիսաժն էլ է գնալով դադարում շնչելուց: Իր ձեւակերպմամբ՝ ցուցադրվող աղբակույտի մեջ երբեմն հնարավոր է հանդիպել ադամանդի. «Ցավում եմ, որ Վերնիսաժում վաճառվում են հիմնականում ոչ բարձրարժեք նկարներ, որոնք միջնորդ են հանդիսանում հայ ժամանակակից նկարչության եւ հատկապես օտարերկրացի գնորդների միջեւ»: Դիտարկմանը, թե «դրսի» գնորդը հիմնականում սփյուռքահայն է, ով անցյալ դարից դեռ ծանոթ է ցուցասրահ-խանութներին եւ առանց մասնագետի օգնության հազիվ թե որեւէ գործ գնի, Հ. Գարուկյանը հայտնեց հետեւյալը. «Ժամանակին սփյուռքահայերը հայրենիքից մեծաքանակ նկարներ էին գնում, հետո դրսում վերավաճառում: Տարիների ընթացքում թացը չորին խառնվեց: Այսօր էլ Սփյուռքում հայկական գալերեաները փակվում են, վակուում է առաջացել… Այ, թե ինչու են անհրաժեշտ երեւանյան գալերեաները»: Մեր զրուցակիցը փաստում է, որ արտ-բիզնեսը սովորական առեւտրից տարբերվում է նրանով, որ սկզբում պետք է ներկայացնել «ապրանքը», այսինքն՝ զբաղվել նաեւ ճիշտ գովազդով: Նկարչի խոսքերով՝ «փակված գալերեաները ճաշակի պակաս չունեին, ավելին՝ կամաց-կամաց հունի մեջ էին ընկնում, սակայն նրանց տերերին չհերիքեց ընդամենը մի բան՝ համբերություն»: Ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքը, անվանի նկարչի համոզմամբ, զարգացած երկրների օրինակով շարժվելն է՝ վերափոխումներ հարկային դաշտում: Հարցին, թե այս խնդրում Նկարիչների միությունը չի՞ կարող դերակատարում ունենալ, Հ. Գարուկյանի պատասխանը հակիրճ էր՝ «կարծում եմ, Նկարիչների միությունը իր առաքելությունը վաղուց կատարել-ավարտել է»:
Քանի որ այս տարին հոբելյանական է նկարչի համար, հետաքրքրվեցինք՝ արեւմուտքում, արեւելքում բազմիցս ցուցահանդեսներով հանդես եկած արվեստագետը ինչպե՞ս է պատրաստվում այն նշել հայրենիքում: «Վաղուց անհատական ցուցահանդես չեմ բացել, հոբելյանական էլ չի լինի, որովհետեւ այդ օրը կգան դարձյալ իմ ընկերները՝ գուցե մի քիչ շատ, մի բաժակ գինով կպտտվեն, կշնորհավորեն, եւ այդպիսով ամեն ինչ կավարտվի: Իսկ հոբելյանս, իհարկե, կնշեմ հարազատներիս ու ընկերներիս հետ՝ արվեստանոցում, կնստենք, կուտենք-կխմենք, կանկեղծանանք…»,- հայտնեց Հ. Գարուկյանը: