Ռուսաստանյան Պետրոզավոդսկ քաղաքում, դատարանի որոշմամբ, 100 հազար ռուբլի տուգանքի է ենթարկվել 47-ամյա Վյաչեսլավ Դրեզները: Նա մեղավոր է ճանաչվել այն բանում, որ հրապարակայնորեն կոչ է արել խախտել Ռուսաստանի Դաշնության տարածքային ամբողջականությունը: Այդ մասին, ըստ Lenta.ru-ի, ասված է ՌԴ գլխավոր դատախազության պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:
2010թ. հունվարին Դրեզները համակարգչով թռուցիկներ էր պատրաստել՝ պահանջելով Ֆինլանդիային հանձնել Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքում Խորհրդային Միության կազմ մտցված Կարելիայի, նաեւ Լենինգրադի եւ Մուրմանսկի մարզերը: Մեղադրյալը, ըստ աղբյուրի, իր պատրաստած թռուցիկները տարածել էր Կարելիայի մարզի Սորտավալա քաղաքի բնակիչներին՝ փոստարկղերի, իսկ ռուսական եւ օտարերկրյա ԶԼՄ-ներին ու հասարակական կազմակերպություններին՝ էլեկտրոնային փոստերի միջոցով: Գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ նշվում է, թե Դրեզներն իր այդ պահանջը հիմնավորել է նրանով, որ այդ տարածքները 1939 եւ 1947 թվականներին միջազգային պայմանագրերով Խորհրդային Միությանն անհիմն կերպով են փոխանցվել: