Լրահոս
Օրվա լրահոսը

Մոլդովան պարգեւատրել է տոտալիտարիզմի դեմ պայքարողներին

Օգոստոս 25,2010 00:00

\"\"Մոլդովայի ժամանակավոր նախագահ Միխայ Գիմպուն հրամանագիր է ստորագրել «կոմունիստական զավթիչ տոտալիտար ռեժիմի դեմ պայքարողներին» պետական բարձրագույն պարգեւով՝ «Հանրապետության շքանշանով» պարգեւատրելու մասին: «Ինտերֆաքսի» փոխանցմամբ, երկրի բարձրագույն պարգեւը ստացածների թվում են Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Մոլդովայի տարածքում գործունեություն ծավալած Arcasii lui Stefan եւ Sabia Dreptatii հակասովետական կազմակերպության ներկայացուցիչները: Հիշյալ երկու կազմակերպություններն էլ ոչնչացվել են ԽՍՀՄ պետանվտանգության մարմինների կողմից՝ 1947թ.-ին: Կազմակերպություններից մեկի առաջնորդ, նախկին ուսանող Իոն Մորարուն արդյունքում հայտնվել էր այն նույն ճամբարում, ուր աքսորվել էր Ալեքսանդր Սոլժենիցինը: Շքանշանի է արժանացել նաեւ գրող Նիկոլայ Կոստենկոն եւ Մոլդովայի ժամանակավոր նախագահի եղբայրը՝ Գեորգի Գիմպուն, որը հակասովետական գործունեության համար ժամանակին դատապարտվել էր 6 տարվա բանտարկության: Նա Մոլդովայի եւ Ռումինիայի վերամիավորման ջատագով «Ժողովրդա-հայրենասիրական ճակատ» ընդհատակյա կազմակերպության հիմնադիրներից մեկն է եղել:

Մոլդովայի պետական բարձրագույն պարգեւին արժանացած բոլոր անձինք «Հանրապետության շքանշանը» ստացել են հետմահու: Երկրի ժամանակավոր նախագահ Միխայ Գիմպուն իր որոշումը բացատրել է «օկուպացիոն ռեժիմին դիմադրություն ցուցաբերած եւ իրենց դրսեւորած խիզախության համար մահապատժի կամ ազատազրկման դատապարտվածներին» երախտապարտ լինելու ցանկությամբ:

Միխայ Գիմպուն հայտնի է կոմունիզմի եւ խորհրդային կարգերի դեմ իր բացասական վերաբերմունքով, եւ 1940-ին ԽՍՀՄ-ին Բեսարաբիայի միավորումը գնահատում է որպես՝ հանրապետության զավթում: Այս տարվա օգոստոսի սկզբին ժամանակավոր նախագահը նաեւ բարձրագույն պարգեւներ է շնորհել 1990-ական թվականներին Մերձդնեստրում ծավալված պատերազմի ընթացքում գործունեություն ծավալած «Բուժոր» դիվերսիոն խմբի անդամներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել