Երեքշաբթի օրը Սոմալիում ծայրահեղականների մի խումբ հարձակվել է հյուրանոցի վրա, որտեղ կանգ էին առել երկրի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ եւ խորհրդարանի պատգամավորներ:
Մահապարտի եւ նրա զինված հանցակցի գործողությունների արդյունքում զոհվել է 15 մարդ, որոնց թվում՝ 11-ամյա մի տղա եւ մի կին: Այդ մասին հաղորդում է BBC-ն:
Աֆրիկյան միության ներկայացուցիչ, մայոր Բարիգիե Բախոկուն հայտարարել է, թե խորհրդարանի անդամները սովորաբար կանգ են առնում «Մոգադիշո» հյուրանոցում, բայց դեռ հայտնի չէ, թե այնտեղ տեղի ունեցած պայթյունի արդյունքում քանի պատգամավոր է զոհվել:
Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում արդեն երկու օր է, ինչ թեժ մարտեր են ընթանում, որի հետեւանքով սպանվել է առնվազն 40 եւ վիրավորվել 130 մարդ:
Փոխհրաձգությունը սկսվել է երկուշաբթի օրը՝ այն բանից հետո, երբ երկրում գործող ամենավտանգավոր ծայրահեղական խմբավորումներից մեկի՝ «Ալ-Շաբահի» ներկայացուցիչը երկրի երերուն կառավարությանը պաշտպանելու կոչված զորքերին՝ որպես «զավթիչների», պատերազմ էր հայտարարել: Հիշեցնենք, որ 1991թ.-ից ի վեր Սոմալիում կենտրոնական կառավարություն, որը կվերահսկեր երկրի ողջ տարածքը, գոյություն չունի: Վերջին տարիներին Սոմալիում մահապարտ ծայրահեղականների հարձակումները կառավարության անդամների վրա թեեւ զանգվածային բնույթ չեն կրում, բայցեւ հաճախակի են դարձել: Ըստ որոշ տվյալների, «Ալ-Շաբահի» գրոհայիններին մարզում են Աֆղանստանի եւ Իրաքի պատերազմներին մասնակցած գրոհայինները: