Համակարգի հիմնադիրներից՝ ՀՊՃՀ պրոֆեսոր Էդուարդ Մանուկյանի նկատառումները
1978-ին ՀՊՃՀ-ի պրոֆեսորադասախոսական եւ գիտական աշխատողների կազմից, Էդուարդ եւ Նշան Մանուկյանների գլխավորությամբ՝ ստեղծվեց ISMA կոլեկտիվը, որը մշտապես զբաղվել է տվյալների եւ գիտելիքների բազաների կառավարման եւ արհեստական բանականության համակարգերի մշակումով: 2000-ից անձնակազմը հիմնականում տեքստային ինտելեկտուալ վերլուծիչներ է մշակել: Վերջինիս հիման վրա Մանուկյանների կողմից 2000թ. սեպտեմբերից նախաձեռնվել են հայերեն-անգլերեն եւ անգլերեն-հայերեն թարգմանչական համակարգի մշակումներ: Բոլոր գործնական մշակումները իրականացվել են որոշ գրանտային հիմնադրամների, լուսահոգի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հատկացրած եւ հեղինակների անձնական միջոցներով: Ինչպես «Առավոտին» տեղեկացրեց պրոֆեսոր Էդուարդ Մանուկյանը, քանի որ համակարգը կոմերցիոն նպատակներ չի հետապնդում, նրա շահագործումը, տեխնիկական սպասարկումը եւ հետագա զարգացումը նախատեսվում է իրականացնել ինչպես իրենց անձնական միջոցների, այնպես էլ համակարգից օգտվողների բարեգործական նվիրատվությունների օգնությամբ:
Համակարգի միջոցով հնարավոր է տեքստի թարգմանում, բառարան, վեբ-էջի թարգմանում եւ այլն: translator.am-ում նաեւ նշված է, որ թարգմանության որակից դժգոհները սեղմեն համապատասխան նախադասության վրա, որտեղ կարդում ենք, թե անգլերեն-հայերեն ինտելեկտուալ թարգմանչական համակարգի մշակումը եւ շահագործումը պահանջում է մեծ ծախսեր: Ասվում է նաեւ, որ ազգային-պետական կարեւորության նախագիծն իրականացվում է մի խումբ քիչ վարձատրվող հայրենասերների կողմից ու Մանուկյանների անձնական միջոցներով: Էդուարդ Մանուկյանը «Առավոտին» պարզաբանեց, որ նախագիծը չունի կոմերցիոն բնույթ, իրենք էլ շարունակում են աշխատել որակի բարձրացման վրա՝ իրենց հնարավորության սահմաններում: Նա նաեւ պատմեց, որ երբ քանիցս դիմել են ՀՀ համապատասխան պետական օղակների ու պահանջել, որ վարեն ինտերնետ միջավայրում հայոց լեզվի պահպանման քաղաքականություն, արդեն 4-րդ տարին է՝ ստանում ու ստանում են մերժումներ կամ հանդիպում քար անտարբերության:
Օրինակ, իրենց հերթական գրությանը ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վահե Դանիելյանը, Էդ. Մանուկյանի փոխանցմամբ, պատասխանել է. «…Որոշում է կայացվել, որ մասնավոր ընկերությունների կողմից ծրագրի համաֆինանսավորման համար առաջարկությունների բացակայության պատճառով նպատակահարմար չէ պետական միջոցներ տրամադրել…»: Իր համապատասխան եզրակացությունը մեր զրուցակիցը տեղադրել է translator.am-ում. «Կա՞ արդյոք գոնե 3-րդ դասարանցու տրամաբանություն կամ ազգային պետական մտածողության չնչին դրսեւորում կառավարության անդամի այս պատասխանի մեջ: Թողնում եմ, որ գնահատեք դուք եւ ՀՀ վարչապետը: Համենայնդեպս, մենք ունենք հզոր պետություն, որի սահմաններում ստեղծվել է այս բարձր տեխնոլոգիական ծրագրային փաթեթը, որպիսին չունեն շատ ազգեր եւ պետություններ: Ուղղակի՝ պետությունն այստեղ ներկայացված է համակարգը մշակող մի խումբ հայրենասերներով, այլ ոչ կառավարական բարձր աթոռներ զբաղեցնող ապազգային տարրերով, միգուցե եւ հակաազգային»:
Էդ. Մանուկյանը շարունակում է պնդել, որ իրենց մշակումների համար ոչինչ հարկավոր չէ, ինքը բավարարվում է նաեւ բարոյական շահով, սակայն ակնկալում է, որ կառավարությունը գոնե շահագործման համար պահանջող ոչ մեծ գումարով կաջակցի, որն ընդամենը 2-3 ծրագրավորողի աշխատավարձ է: Էդ. Մանուկյանի ասելով, իրենք հաճախ չհիմնավորված պատճառաբանություններ են լսում, թե արդեն կա google-ը, ուրեմն translator.am-ն ավելորդ է: «Բայց չէ՞ որ google-ը մեր պետական շահը չի պաշտպանում: Եվ հետո google-ի թարգմանած տեքստերը լատինատառ են գալիս, իսկ մերը ներդրված այբբենարան է: Սփյուռքահայը մեր միջոցով կարող է մեսրոպյան տառերը վերհիշել…»: Էդ. Մանուկյանը նաեւ հիշում է, որ սկզբում էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը հակված է եղել իրենց ընդառաջելու, հետո, իր տպավորությամբ՝ նախարարին խանգարել են: Համակարգի հանդեպ նման վերաբերմունքն ու դիմադրությունը պրոֆեսորը սաբոտաժ է որակում: