Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ՝ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ՞ ՀԱՇՎԻՆ

Օգոստոս 25,2010 00:00

\"\"Իսկ դպրոցի տնօրենը փորձում է կատարվածը քողարկել

Երեւանի քաղաքպետարանը որոշել է Զեյթուն թաղամասում գործող թիվ 8 հատուկ դպրոցը՝ իր ողջ անձնակազմով, տեղափոխել Քանաքեռի նախկին թիվ 12 գիշերօթիկ դպրոցի շենք: Ճիշտ է, դեռ վերջնական որոշումը չի կայացվել, սակայն դա թիվ 8 հատուկ դպրոցի տնօրեն Վարդուհի Խեբոյանին չի խանգարել նոր մասնաշենքում վերանորոգման աշխատանքներ սկսել, այն էլ՝ իր աշխատողների հաշվին: Տնօրենը իր 64 հոգանոց կոլեկտիվի անդամներից յուրաքանչյուրից պահանջել եւ ստացել է 15 հազար դրամ եւ սկսել դպրոցի շենքը թարմացնել: Մեր հաշվարկներով, ընդհանուր առմամբ հավաքվել է գրեթե 1 միլիոն դրամ, ինչով էլ եռահարկ շենքի բոլոր դասասենյակները սկսվել են ներկվել ժամանակակից դիզայնով, գնվել է ցեմենտ, ավազ, գաջ ու քարե սալիկներ, շինարարական սոսինձ, մաքրության համար անհրաժեշտ պարագաներ եւ այլն: Ուրախալի է, որ հատուկ դպրոցում սովորող աշակերտները սեպտեմբերի 1-ից հաճախելու են քիչ թե շատ նորոգված շենք, սակայն մի՞թե այդ աշխատանքները պետք է իրականացվեին դպրոցի ուսուցիչների հաշվին, որոնցից շատերի աշխատավարձը ընդամենը 50 հազար դրամ է: Ի դեպ, երբ առաջին անգամ տիկին Խեբոյանին հարցրինք՝ թիվ 12 գիշերօթիկ դպրոցում վերանորոգում արվո՞ւմ է, նա բացասական պատասխան տվեց՝ ասելով, որ իրենք միջոցներ չունեն դրա համար: «Դա կանի քաղաքապետարանը, երբ մեր հերթը հասնի: Հիմա դպրոցում ուղղակի մաքրություն են անում: Անգամ վերջնական որոշումը չկա, թե այդ դպրոցը մեզ են տալու»,- հայտնեց տնօրենը:

Չնայած նրա հերքումներին, երբ մենք այցելեցինք դպրոց, այնտեղ վերանորոգման բուռն աշխատանքներ էին իրականացվում: Հենց մուտքի մոտ պարկերով շինանյութ էր շարված, իսկ ներսում շինարարները շաղախ էին անում: Փորձեցինք նրանցից ճշտել, թե ո՞վ է վճարել շինարարական աշխատանքները սկսելու համար, բայց պահակից սկսած՝ միաբերան ասացին, որ նման հարցերով դիմենք միայն Խեբոյանին: Այդ ժամանակ տիկին Խեբոյանը դեռ դպրոցում չէր, ուստի ավելի ուշ նրա հետ հեռախոսով խոսեցինք: Տնօրենը էլի պնդեց, որ իրենց մոտ ոչ մի վերանորոգում չկա: Երբ ասացինք, որ այցելել ենք դպրոց ու ականատես եղել շինաշխատանքներին, նա նշեց. «Երբ տեղեկացա, որ տեղափոխվելու ենք այդ շենք, այցելեցի այդտեղ: Տեսնելով, որ այնտեղ անմխիթար վիճակ է, ես խնդրեցի դպրոցի աշխատակիցներին մի փոքր մաքրություն անել ու բարեկարգել դպրոցի շենքն ու բակը: Դրսում ծառերի ճյուղեր էին թափված, ներսում փոշի էր: Խնդրել եմ ընկերական, ոչ թե որպես տնօրեն: Նրանք էլ որոշեցին, որ մաքրության հետ միասին թերություններն էլ մի քիչ ծածկեն: Այդ ամբողջ շինանյութն իրենցն է, մենք ոչինչ չենք գնել եւ չենք տվել նրանց, իրենք են իրենց տնտեսումներով սկսել աշխատանքները: Եվ հետո ինչու պետք է դեռ մեզ չհատկացված դպրոցում վերանորոգման աշխատանքներ սկսեի, եթե չգիտեմ՝ այն մեզ կտա՞ն, թե՞ ոչ»: Տնօրենը նաեւ հայտնեց, որ թիվ 12 գիշերօթիկի աշխատակիցներին՝ պահակներին ու հավաքարարներին, մինչեւ անգամ որոշ ուսուցիչների խոստացել է աշխատանքից չազատել, երբ իրենք տեղափոխվեն այդ դպրոցի շենք: Մեր այն հարցին՝ եթե թիվ 12 դպրոցի շենքը դեռ թիվ 8 հատուկ դպրոցին հանձնված չէ, ինչո՞ւ են հատուկ մանկավարժներն աշխատանքի գնում Քանաքեռի ուսումնական հաստատություն, նա պատասխանեց. «Մեր աշխատակիցները աշխատանքի են գալիս Զեյթունի թիվ 8 հատուկ դպրոց, ոչ ոք էլ չի գնում Քանաքեռ»: Երբ պնդեցինք, որ թիվ 8 հատուկ դպրոցի աշխատակիցներից մի քանիսի հետ խոսել ենք, երբ այցելել էինք թիվ 12 դպրոցի շենք, տիկինն ասաց. «Դե դա ընդամենը 1 օր էր: Նրանք եկել էին տեսնելու, թե որտեղ ենք աշխատելու: Թե չէ՝ հիմա մենք մեր շենքում ենք եւ ուսուցչական երդումն ենք անգիր անում»:

Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանն էլ այս առնչությամբ ասաց, որ թիվ 12 գիշերօթիկ դպրոցում վերանորոգման աշխատանքներ չեն ընթանում: Մենք ստիպված եղանք ասելու, որ եղել ենք այդ դպրոցում ու ամեն ինչ մեր աչքով տեսել: Վարչության պետը հավելեց, թե վերանորոգում անվանել չի կարելի. «Ժամանակին երբ ես դպրոցի տնօրեն էի, մենք էլ էինք մեր դպրոցը մեր միջոցներով տեսքի բերում, ներկեր ու շինանյութ գնում, որ ճաքերը փակենք, հիմա էլ ձեր ասած դպրոցի անձնակազմն է այդպես վարվում… Լինում են դեպքեր, որ դպրոցներն ունենում են տնտեսումներ, լինում է, որ անձնակազմն է որոշակի գումար հավաքում, դպրոցում սովորող երեխաների ծնողները կամ էլ բարեգործներն են տալիս: Եթե գումարը չի հատում 400 հազար դրամի սահմանը, դպրոցը առանց կրթության վարչությանը տեղեկացնելու՝ կարող է նորոգում անել»:

Ներառվա՞ծ է, արդյոք, վերոնշյալ դպրոցը այս տարվա պետական միջոցներով վերանորոգվող դպրոցների շարքում: Այս հարցի առնչությամբ էլ տիկին Սողոմոնյանն ասաց՝ դեռ ոչ. «Գալիք տարվա ցանկն էլ դեռ պատրաստ չէ, մենք կներկայացնենք դպրոցի իրավիճակը, իսկ այս պահին դժվար է ասել՝ կներառվի՞ այն ցուցակում, թե՝ ոչ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել